comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ՚

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Մայիսի 31-ին Ստեփանակերտի պատկերասրահում Հադրութի շրջանի մանկապատանեկան կենտրոնը մշակութասեր ստեփանակերտցիներին ներկայացրեց իրենց սաների, տարվա կտրվածքով, կատարած աշխատանքները: Ցուցադրությունը նվիրված էր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրին: Այդ յուրովի հաշվետվությամբ ՄՊԿ-ի ղեկավարությունը կարևորեց երեխաների իրավունքների արժեհամակարգային զարգացման պաշպանության ուղղությունը: 

ՄՊՍԿ-ի գործունեության, ձեռքբերումների, նպատակների մասին խոսք ասեց տնօրեն Իրինա Թամրազյանը: Նա ընդգծեց, որ Կենտրոնը, կարևորելով երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման գործը, ձգտում է հնարավորինս շատ մասնաճյուղեր բացել շրջանի տարբեր գյուղերում. եթե որևէ գյուղում կա համապատասխան մասնագետ, պետական միջոցներով կամ բարերարների օգնությամբ մասնաճյուղը բացվում է: Այսօրվա դրությամբ, ՄՊՍԿ-ում գործում է 38 խմբակ` նկարչության, բրուտագործության, գորգագործության, ասեղնագործ գորգի, կարպետագործության, գոբելենի, ասեղնագործության, ուլունքագործության, մաքրամեի, պարի, դհոլի… Հաճախում են 466 երեխաներ: Տնօրենը, որպես վերջին տարվա կարևոր նվաճում, ընդգծեց սահմանապահ Մեխակավանում մասնաճյուղի բացումը, որտեղ արդեն գործում է 8 խմբակ` 110 երեխայի ընդգրկմամբ: Նա հպարտությամբ ասաց, որ հունիսի 1-ին այդ մասնաճյուղի սաների ուժերով տեղի կունենա համերգ` նվիրված օրվա խորհրդին, որին այս անգամ իրենք կմասնակցեն հանդիսատեսի դերում:
Իրինա Թամրազյանը գոհունակությամբ նշեց, որ իրենց նախաձեռնությունների համար միշտ գտնվում է հովանավոր` ընդգծելով, որ վերջին տարիներին գործին օգնում է նաև համացանցը: Նա երախտապարտությամբ նշեց Գրիգորի Գաբրիյելյանցի ներդրումի մասին, ում արագ արձագանքմամբ ու հովանավորությամբ Մեծ Թաղեր գյուղում հիմնվել է գորգագործական արհեստանոց, և սեպտեմբերի 1-ին նախատեսվում է նոր մասնաճյուղի բացումը, որտեղ կգործեն գորգագործության, կարպետագործության խմբակներ: Տնօրենի տեղեկատվությամբ` Մեծ Թաղերը հայտնի է եղել գորգագործության վարպետներով, որոնք այսօր էլ կան և կնպաստեն արվեստի այդ ճյուղի զարգացմանը: Նա մեծ խանդավառությամբ ներկա գտնվող բարերար Գ. Գաբրիելյանցին նվիրեց երեխաների գործած ՙԿենաց ծառ՚ հուշանվեր գորգը, որը հանդիսնում է Կենտրոնի խորհրդանիշը և, որպես կանոն, հաջողություն է բերում թե' իրենց, թե' նրանց, ում նվիրել են: Ի. Թամրազյանը գոհունակությամբ նշեց նաև ՙԱրարիչ՚ բարեգործական հիմնադրամի ղեկավարության աջակցության մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունները գտել են համացանցում, առցանց դիմել են օգնության խնդրանքով, որպեսզի կարողանան մասնակցել ՙՎերածնունդ՚ Միջազգային փառատոնին: Բոլոր խնդիրները արագ լուծվել են, և ՄՊՍԿ-ի սաներից որոշները ՙՎերածնունդ՚ միջազգային փառատոնին գրավել են մրցանակային տեղեր: Մեծ խանդավառությամբ ՙԱրարիչ՚ բարեգործական հիմնադրամի ներկայացուցչին տնօրենը նվիրեց հաջողություն բերող ՙԿենաց ծառ՚ հուշանվեր գորգը:
ՄՊՍԿ-ի ղեկավարը շեշտեց նաև 8 շրջանավարտների անունները, ովքեր կշարունակեն ուսումը արվեստի ուղղությամբ:
Նա բոլորի ուշադրությունը սևեռեց Կենտրոնում գործող հագուստի մոդելավորման խմբակ հաճախող սաների վրա, որոնք ցուցադրեցին իրենց աշխատանքները` ներկայացված ազգային տարազի, փոքր-ինչ արդիականացված, տարբերակով:
Միջոցառման վերջում խնդրեցինք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանին կիսվել տպավորություններով:
-Գերդրական եմ գնահատում թե' միջոցառումը, թե' ցուցադրության հանած աշխատանքները, քանզի այդ աշխատանքներում տեսնում ենք երեխաների գեղեցիկին ձգտող ներաշխարհը: Դա սերունդների դաստիարակման լավագույն  մեթոդներից է, որի արդյունքում կունենանք մշակութասեր երիտասարդություն: Դա հատկապես արդիական է այսօր, երբ գրեթե բոլորը ներգրավվել են քաղաքական մրցավազքի մեջ` մոռանալով այն պատասխանատվության մասին, որը պետք է կրեն երեխաների դաստիարակության հանդեպ: Մշակույթը սովորեցնում է ստեղծագործել, որի պահանջը զգացվում է ողջ կյանքի ընթացքում: