Logo
Print this page

ՙՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ` ՁԵԶ ՀԱՄԱՐ՚

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 10-17-ը Հադրութում անցկացվեց ՙԴիզակի գույները՚ խորագրով Միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումը: Փակման արարողությունը կայացավ նույն վայրում` Տնջրե ծառի տարածքում: Ավանդական ցուցադրությանը ներկայացված էր 60 աշխատանք, որոնք կնվիրվեն Հադրութի ապագա պատկերասրահին:
Միջոցառմանը ներկա էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Սիմպոզիումին մասնակցում էր 15 նկարիչ` աշխարհի 8 երկրներից` Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից: Յուրաքանչուր նկարիչ, ըստ ավանդույթի, 7 օրվա ընթացքում ստեղծված գործերից 4-ը նվիրում է շրջանին: Իսկ Արցախում և տանը ստեղծված մյուս գործերով նրանք կպատմեն հեռավոր մի երկրի մասին, որտեղ ապրում են, ինչպես նրանք արտահայտվեցին, հպարտ ու խաղաղասեր, առնական ու մարդասեր, հյուրասեր ու արժանապատիվ մարդիկ:
Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը շնորհավորեց սիմպոզիումի մասնակիցներին` հաջողությամբ ավարտված միջոցառման կապակցությամբ: Ինչպես կազմակերպիչները պլանավորել են, այս տարի ժամանակի մի մասը կրկին տրամադրվել է էտյուդներին, այդ օրերն անցկացվել են Հադրութում, Տյաք, Տող, Մեր Թաղեր գյողերում, իսկ մյուս մասը նվիրվել է զանազան կոմպոզիցիաների ստեղծմանը: Այդպես էլ արվեց. ներկայացված նկարների գրեթե կեսը հետաքրքիր կոմպոզիցիաներ էին, որոնք ավելի շատ համակված էին հեղինակի մտքերով, մտորումներով` ձուլված անմոռաց տպավորություններով: Ինչպես ճշմատացիորեն նկատեց Հայաստանից ժամանած երիտասարդ նկարիչ Աբգար Խաչատրյանը` ՙՄեր աչքերով տեսածը մենք ստեղծել ենք ձեզ համար՚:
ՙՍիմպոզիումի կազմակերպման նպատակն է,- ասում է Երազիկ Հայրիյանը,- երկու կարևոր խնդիր լուծել. ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրյա նկարիչներին ծանոթացնել Դիզակ բնաշխարհին, ոգևորել, ի հայտ բերել նրանց ստեղծագործական ներուժը, աշխուժացնել տեղի մշակութային կյանքը` սիմպոզիումի շրջանակներում անցկացնելով զանազան միջոցառումներ՚:
ՙՆկարչական սիմպոզիումն առիթ է,- համոզված է Ե. Հայրիյանը,- արվեստի շուրջ համախմբելու Արցախի հին ու նոր բարեկամներին, ստեղծելու արվեստի գործեր, որոնք կհիշեցնեն գեղեցիկի ու հոգևորի հավերժության մասին՚:
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով` ՙԵրբ որ նման միջոցառումներ են անցկացվում Ստեփանակերտում, Շուշիում, դա, կարծես, շատ բնական է ընկալվում: Իսկ երբ այսպիսի բարձրաճաշակ միջոցառումները տեղափոխում են շրջկենտրոններ, դա խոսում է մեր մշակույթի հանրահռչակման, արվեստի բնագավառում մեր հնարավորությունների մասին: Միայն ողջունել կարելի է և ընդառաջել, որպեսզի մեր շրջաններում այս կարգի միջոցառումները կարողանանք դարձնել այնպիսին, որ տարբեր երկրներից արվեստագետներ ցանկանան գալ Արցախ և, ինչպես իրենք են անկեղծացել, իրենց հիացմունքն արտահայտել մեր երկրամասի հանդեպ: Այո, հասցրել եմ դիտել ցուցադրությունը, և ինչ տեսել եմ, կարծում եմ, ցանկացած պատկերասրահ կզարդարեն: Շատ մեծ գործ է արվել ոչ միայն արվեստի առումով, այլ տարբեր ազգության արվեստագետների միջև շփումների իմաստով: Եթե ոչ բոլորին, ապա շատերին Արցախը հետ կկանչի՚:
Փակման արարողությանը Ե. Հայրիյանը շնորհակալություն հայտնեց սիմպոզիումի աջակիցներին` ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, Հադրութի շրջվարչակազմին, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին, Լոս Անջելեսի ՙԱրարատ՚ բարեգործական հիմնադրամին, ՙՄաչանենց տուրիզմ և արտ՚ ընկերությանը, ՙԿատարո՚ գինու գործարանին, ՙArt PR՚ ընկերությանը, իսկ լրատվական դաշտի ապահովման համար` Մոսկվայի ՙԺամ՚ ամսագրին, Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը: Նաև մասնակիցներին հանձնեց դիպլոմներ և նվերներ:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.