[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՍ ԴԱՐ` ՔԱՄԱՆՉԱՅԻ ՀԵՏ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Վերջերս Ստեփանակերտի պատկերասրահում տեղի են ունենում բազմաբնույթ մշակութային միջոցառումներ` համերգներ, հանդիպումներ, քննարկումներ: Այս շարքից էր նաև հունիսի 20-ին Հակոբ Խալաթյանի ՙԱնվերջ վերադարձ՚ խորագրով համերգ-հանդիպումը: ՙԱյո,- ասում է մաեստրո Խալաթյանը,- սա և՜ համերգ է, և՜ կենդանի զրույց, որի ընթացքում մարդիկ զանազան և հետաքրքրաշարժ տեղեկություններ են իմանում թե՜ իմ կյանքից, թե՜ հին նվագարաններից՚:
Իսկ ամենաուշագրավն այն էր, որ պատկերասրահում ներկայացված էին հենց Հակոբ Խալաթյանի նկարները: Թե՜ երաժշտության և թե՜ գեղանկարչության մեջ, խոստովանում է երաժիշտը, նրան ձգում են ազատությունն ու երևակայությունը:
Հակոբ Խալաթյանին, ով արդեն երկու տարի աշխատում է Արցախում, ներկայացրեց պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը: Բացման խոսքում նա ընդգծեց, որ այս համերգ-հանդիպումը նվիրված է հոբելյանական տարեթվին` Հակոբ Խալաթյանն արդեն կես դար է քամանչայի հետ է: Եվ խորհրդանշականն այն է, նկատում է տիկին Դադայանը, որ այդքան նշանակալից տարեթիվը նա նշում է Արցախում:
Ինչպես խոստովանում է ինքը` Հակոբ Խալաթյանը, նա սիրում է հենց այս ձևաչափով հանդիպել մարդկանց` զրուցել, պատմել, նվագել: Իսկ տեղեկությունները, որ երաժիշտը հաղորդում էր հանդիսատեսին, բազմազան ու չափազանց հետաքրքիր էին` հին արևելյան նվագարանների, այդ նվագարաններին փայլուն տիրապետող երաժիշտների, իր կյանքի փուլերի մասին: Համերգի ընթացքում նրան միանում էին այլ երաժիշտներ` ինչպես բազմափորձ, այնպես էլ` սկսնակ: Համերգին մասնակցել են Արցախի պետական երգչախումբը` Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի նորաստեղծ Սազանդարների եռյակը, ժողգործիքների նվագախումբը` Հակոբ Խալաթյանի ղեկավարությամբ և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի աշակերտ, փոքրիկ շնորհաշատ երգիչ Վլադիմիր Գալստյանը: Ծրագրում ընդգրկված էին թե՜ հայ աշուղների` Սայաթ-Նովայի, Ջիվանու, Աշոտի, Շերամի և թե՜ հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Էդ. Բաղդասարյանի ստեղծագործությունները: Առանձնահատուկ ուշադրության արժանացավ Բաղդասար Դպիրի (17-րդ դար) ստեղծագործությունը:
Համերգ-հանդիպումն անցավ աշխույժ և ջերմ մթնոլորտում: