comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲՐՈՒՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ, ՓՈԽԵԼ ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲՐՈՒՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ, ՓՈԽԵԼ ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Հունիսի 20-ին Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միությունում տեղի ունեցավ ՙԲրուտԱրտ՚ կավագործության միջազգային սիմպոզիումի բացման արարողությունը: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ: Նախագիծն իրականացվում է ՙՆարեկացի՚ արվեստի միության, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Ստեփանակերտի ՙԵվրոպա-Արցախ՚ հյուրանոցի աջակցությամբ: Սիմպոզիումը կտևի մինչև հուլիսի 5-ը, իսկ փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 6-ին, կցուցադրվեն ստեղծված գործերը:
Սիմպոզիումի բացմանը փոքրիկ համերգով հանդես եկավ կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը։ Սիրո և հարգանքի տուրք տրվեց ՙՆարեկացի՚ արվեստի միության սանիկ Արևիկ Պողոսյանի լուսավոր հիշատակին, ով վերջերս ողբերգական մահով կյանքից անժամանակ հեռացավ: ՙԲրուտԱրտ՚ սիմպոզիումի մասնակիցներին շնորհավորեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ՙՆարեկացի՚ արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: Մասնակիցներն էին Վերոնիկա Բարսեղյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հրաչյա Համբարձումյանն ու Ջիվան Հունանյանը (Հայաստանի Հանրապետություն), Ելենա Չեպելևան ու Արտյոմ Մաքսմաուն (Բելառուս), Իրինա Ռակովան (Ֆրանսիա), Եկատերինա Ալիմովան (Ռուսաստանի Դաշնություն), Սերոբ Մամունցը (Արցախի Հանրապետություն):
Հիշեցնենք` անցած տարի ՙՆարեկացի՚ արվեստի միության բակում կառուցվեց թրծման վառարան, հիմնանորոգվեց միության երկրորդ շենքի երկրորդ հարկը, որտեղ և կազմակերպվեց ցուցադրությունը: Այս տարի Միությունն առավել հանգամանալից պատրաստվեց միջոցառմանը` հիմնանորոգվեցին նույն շենքի առաջին հարկի սենյակները` օգտագործելով դրանք որպես մասնակիցների համար արվեստանոցներ և փոքրիկ սրճարան:
Որո՞նք են սիմպոզիումի նպատակները: Դրանք մի քանիսն են, ասում է Միության տնօրեն Հայկ Պապյանը և մեկնաբանում. ՙՄասնակից դարձնել երիտասարդ, սկսնակ բրուտագործներին: Ճիշտ է, նրանց դեռ թույլ չենք տալիս լիարժեք մասնակցել սիմպոզիումին, որպեսզի նախագծի որակը բարձր պահենք: Իսկ սիմպոզիումի գերնպատակն է, զարգացնել բրուտագործությունն Արցախում: Ավելի մոտակա նպատակն էլ Շուշիի մշակութային մթնոլորտը փոխելն է, անշուշտ, մեր իսկ ուժերի չափով՚: