Logo
Print this page

ՈԱԱԿ-Ը ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՆ է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ՀՀ ՙՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն՚-ը (ՈԱԱԿ) հիմնադրման 10-ամյակի առթիվ 2019-ը հայտարարել է Որակի տարի և այդ կապակցությամբ անցկացնում է մի շարք միջոցառումներ: Հունիսի 20-ից Արցախում մեկնարկած ՙՈրակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում՚ թեմայով եռօրյա համաժողովն այդ շարքից է: Այն անցկացվում է Արցախի պետական համալսարանում, որին մասնակցում են հանրապետությունում գործող մյուս` Շուշիի տեխնոլոգիական, ՙԳրիգոր Նարեկացի՚, ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանների և ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ներկայացուցիչները ռեկտորների գլխավորությամբ: Համաժողովի բացմանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: 

Նշենք, որ Արցախում բուհերի հավատարմագրման գործընթաց է սկսված, որն իրականացնում է ՈԱԱԿ-ը: Կառավարության որոշմամբ` բուհերի հավատարմագրման համար հայտագրման վերջնաժամկետը 2019-ի դեկտեմբերի 31-ն է: Դրանից հետո մեկ տարվա ընթացքում բուհերը պետք է ստանան հավատարմագրում: ՈԱԱԿ-ը մի քանի հանդիպում է անցկացրել Արցախում, ինչպես նաև` բուհերի ներկայացուցիչներն են վերապատրաստվել ՈԱԱԿ-ում: Հավատարմագրման գործընթացի հերթական փուլը, ինչպես արդեն նշեցինք, համընկավ ՈԱԱԿ-ի 10-ամյակի առթիվ անցկացվող համաժողովի հետ, ինչի կապակցությամբ Արցախում է ՈԱԱԿ-ի պատվիրակությունը` տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ:
Ներկաներին բացման խոսքով ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, նշելով, որ ՈԱԱԿ-ի հետ համագործակցությունը բուհերին կարճ ժամանակահատվածում դրական արդյունք է տվել: Կոնկրետ ԱրՊՀ-ն նոր ռազմավարական ծրագիր է ընդունել, դրանից բխող` ժամանակացույց:
ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը հաճելի արարողությամբ սկսեց հանդիպումը, որը նրա խոսքով, նշանավորում է Արցախում մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների ամենակարևոր` ինքնագնահատման և ինքնավերլուծության փուլի մեկնարկը: ՙԱյս փուլը պետք է մատնանշի մեր ուժեղ և թույլ կողմերը, նաև հստակեցնի մեր հետագա անելիքները: Խորհրդանշական է, որ ՈԱԱԿ-ն իր հոբելյանը նշանավորում է Արցախում մասնագիտական կրթության որակի ապահովման գործուն մասնակցությամբ՚,-ասաց նախարարն ու ՈԱԱԿ-ի տնօրենին հանձեց գերատեսչության պատվոգիր և հուշանվեր:
Ռուբեն Թոփչյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Արցախի կրթական համակարգի ղեկավարությանը` բուհերի հավատարմագրման գործընթացն իր ղեկավարած կառույցին վստահելու համար: ՙՄենք միասին պետք է անցնենք բարեփոխումների ճանապարհը, և դա շատ մեծ պատասխանատվություն է ենթադրում՚,-ասաց նա:
Համաժողովում բուհերի հավատարմագրման հանձնաժողովների անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն իրականացվող բարեփոխումների ընթացքում հանդիպող մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ: ՈԱԱԿ-ի տնօրենը հմտորեն, հուշող հարցերով ուղղորդում էր նրանց, և համաժողովը յուրօրինակ վերապատրաստում էր:
Ռ. Թոփչյանը տեղեկացրեց, որ 10-ամյակի միջոցառումները լինելու են շարունակական և կամփոփվեն հոկտեմբերին` ՈԱԱԿ-ի եվրոպական ցանցի ընդհանուր համաժողովում, որը տեղի կունենա Երևանում:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.