ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ` ԱՐՑԱԽՈՒՄ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՙՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն՚-ը (ՈԱԱԿ) հիմնադրման 10-ամյակի առթիվ 2019-ը հայտարարել է որակի տարի և այդ կապակցությամբ անցկացնում է մի շարք միջոցառումներ: ՙՈրակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում՚ թեմայով հունիսի 20-22-ը ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ կենտրոնի մասնագետների կողմից Արցախի պետական համալսարանում անցկացված համաժողովն այդ շարքից է: Մասնակցում էին հանրապետությունում գործող բոլոր բուհերի ներկայացուցիչները՝ ռեկտորների գլխավորությամբ: Համաժողովի բացմանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նշենք, որ Արցախում բուհերի հավատարմագրման գործընթացն սկսվել է անցյալ տարվանից: Այն իրականացնում է ՈԱԱԿ-ը: Կառավարության որոշմամբ բուհերի հավատարմագրման հայտագրման վերջնաժամկետը 2019-ի դեկտեմբերի 31-ն է:
Դրանից հետո մեկ տարվա ընթացքում բուհերը պետք է ստանան հավատարմագրում: ՈԱԱԿ-ը մի քանի հանդիպում է անցկացրել Արցախում, ինչպես նաև բուհերի ներկայացուցիչներն են վերապատրաստվել ՈԱԱԿ-ում: Հավատարմագրման գործընթացի հերթական փուլը համընկավ ՈԱԱԿ-ի 10-ամյակի առթիվ անցկացվող համաժողովի հետ:
Ներկաներին բացման խոսքով ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ ՈԱԱԿ-ի հետ համագործակցությունը բուհերին դրական արդյունք է տվել կարճ ժամանակահատվածում: Կոնկրետ ԱրՊՀ-ն նոր ռազմավարական ծրագիր է ընդունել, դրանից բխող` ժամանակացույց և իրեն հռչակել որպես անընդհատ սովորող կազմակերպություն:
ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը հաճելի արարողությամբ սկսեց հանդիպումը, որը, նրա խոսքով, նշանավորում է Արցախում մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների ամենակարևոր` ինքնագնահատման և ինքնավերլուծության փուլի մեկնարկը: ՙԱյս փուլը պետք է մատնանշի մեր ուժեղ և թույլ կողմերը և նաև հստակեցնի մեր հետագա անելիքները: Խորհրդանշական է, որ ՈԱԱԿ-ը իր հոբելյանը նշանավորում է Արցախում մասնագիտական կրթության որակի ապահովման գործուն մասնակցությամբ՚,-ասաց նա և ՈԱԱԿ-ի տնօրենին հանձեց նախարարության պատվոգիր և հուշանվեր:
Իր հերթին Ռուբեն Թոփչյանը շնորհակալություն հայտնեց Արցախի կրթական համակարգի ղեկավարությանը` բուհերի հավատարմագրման գործընթացն իր ղեկավարած կառույցին վստահելու համար: ՙՄենք միասին պետք է անցնենք բարեփոխումների ճանապարհը, և դա շատ մեծ պատասխանատվություն է ենթադրում՚,-ասաց նա:
Համաժողովում բուհերի հավատարմագրման հանձնաժողովների անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն իրականացվող բարեփոխումների ընթացքում հանդիպող մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Հաջորդ երկու օրերին ՈԱԱԿ-ի մասնագետները գործնական աշխատաժողովներ անցկացրին ԱրՊՀ-ականների հետ և իրականացրին փորձնական արտաքին գնահատում:
Ռ. Թոփչյանը տեղեկացրեց, որ 10-ամյակի միջոցառումները շարունակական են լինելու և կամփոփվեն հոկտեմբերին՝ ՈԱԱԿ-ի եվրոպական ցանցի ընդհանուր համաժողովում, որը տեղի կունենա Երևանում: