ՐԱՖՖԻ ՋԵՆԴՈՅԱՆ՝ ՆԿԱՐԻՉԸ ՊԵՏՔ Է ՊՐՊՏՈՂ ԼԻՆԻ
Ընդունված է համարել, որ հայերն իրենց հոգեկերտվածքով եվրոպական մյուս ժողովուրդներից ավելի շատ ֆրանսիացիներին են մոտ։ Պատահական չէ, որ Ֆրանսիայում հայկական համայնքն ամենաբազմամարդն է։
Ֆրանսիայում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին։ Օռլեան քաղաքից հեռու՝ Ժերմինյե դե Պրե վայրում է գտնվում Ֆրանսիայի կրոնական հնագույն կառույցներից մեկը՝ 806թ. հունական խաչի ձևով մոխրագույն քարից կառուցված Կարոլինգների մատուռը։ Պատմաբանները պնդում են, որ մատուռը հիշեցնում է Մեծ Հայքի պատմական Բագարան քաղաքի եկեղեցին, իսկ նրա ճարտարապետն արմատներով Հայաստանից էր՝ Օդոն անունով։
1393թ. Փարիզում Ցելեստինցիների աբբայությունում թաղվում է Կիլիկյան Հայաստանի վերջին թագավոր Լևոն VI¬ը։ Ավելի ուշ սպիտակ մարմարե շիրիմը տեղափոխում են Սեն Դենիի բազիլիկ եկեղեցի։ Աստիճանաբար Ֆրանսիայում ապրող հայերի մասին տեղեկություններն ավելանում են։ Ոմանք հայերենով գրքեր էին հրատարակում, ուրիշները՝ օգնում մայրենի լեզուն սովորելու հարցում, ինչ¬որ մեկն սկսեց զբաղվել արտադրությամբ, մեկ ուրիշը՝ առևտրով։
1915¬1923թթ. Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության պատճառով միլիոնավոր հայեր արտագաղթում են աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում և Ֆրանսիա։ Նրանց միանում են Խորհրդային Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից տեղափոխված հայերը։ Հակառակ ամենօրյա կյանքի դաժանությանը, հայրենազուրկ մարդու կարգավիճակին, հայերը Ֆրանսիայում ապրում էին աշխույժ ու գործուն կյանքով։ Նրանք կարողացան ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունը։ Հրատարակվում էին հայկական թերթեր, ստեղծվում ազգային ընկերակցություններ, հատկապես ուսանողության շրջանում։
1926թ. Փարիզում կազմակերպվում է ՙԱնի՚ ամսագրի շուրջ ձևավորված հայ նկարիչների միությունը։ Նրա հիմնադիրներից են գեղանկարիչ, Էդգար Շախինի գրքերի պատկերազարդման հեղինակ, ծովանկարիչ Վարդան Մախոխյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գրաֆիկական նկարիչ Կարապետ Ադամյանը, նկարիչ, ՙհայ ողբասաց՚ Սարգիս Խաչատրյանը։ Փարիզը դառնում է հայ մշակույթի կենտրոն։ Մարտիրոս Սարյանը կազմակերպում է իր աշխատանքների ցուցահանդեսը Փարիզի Շառլ Օգյուստ Ժերարի պատկերասրահում։ Լուվրում ցուցադրվում են Երվանդ Քոչարի գործերը։ Մեծ ճանաչում են ձեռք բերում նկարիչներ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) և Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) գործերը։
Այսօր էլ Ֆրանսիայում ապրում և ստեղծագործում են տաղանդավոր հայ նկարիչներ, որոնց գործերը նոր էջ են բացում կերպարվեստի պատմության մեջ։
Րաֆֆի Ջենդոյանը նրանցից մեկն է։ Կրթություն ստանալով Gobelins արվեստի դպրոցում, Րաֆֆին ապրում և աշխատում է Փարիզում։ Ավելի քան 20 տարի զբաղվում է գեղանկարչությամբ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Գրան Պալեում, Ազգային ծովային թանգարանում, Փարիզի V օկրուգի քաղաքապետարանում, Ֆլորալ դե Պարի զբոսայգու ՙՖրանսիական նկարիչների շրջանակ՚ սրահում։ Րաֆֆու աշխատանքների ընդգրկմամբ վերջին ցուցահանդեսը Փարիզի Հաշմանդամների տանն էր։
Ջենդոյանի կտավները բացահայտում են նկարչի բազմաշերտ տաղանդը։ Նրա աշխատանքներն իրենցից ներկայացնում են դիմանկարներ՝ մուգ երանգներով, փարիզյան փողոցների տեսարաններով յուղանկարներ, իլյուստրատիվ գրաֆիկա։ Նկարիչը ստեղծագործում է տարբեր ոճերում։ Այդուհանդերձ, նրա արվեստում առանձնանում է երկու հիմնական ուղղություն՝ երևակայական աշխարհների ստեղծում և քաղաքի տեսարանների պատկերում։ Բնութագրելով Րաֆֆի Ջենդոյանի արվեստը, կարելի է ասել, որ այն Մոնմարտրի նկարիչների սթիմպանկի (գիտական ֆանտաստիկայի ենթաժանր) և ռեալիզմի համադրումն է։ Րաֆֆի Ջենդոյանի գեղարվեստական տիեզերքի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում ասիական արվեստը, դասական գեղանկարչությունը և անգամ կոմիքսները։
Ջենդոյանի գործերից շատերը նվիրված են Փարիզի լատինական թաղամասին, որտեղ մեծացել է նա։ Նրա նկարներում պատկերված են Մոնտան-Սեն-Ժենևյեվ փողոցում գտնվող ռեստորաններն ու ոչ մեծ խանութները, Պանթեոնի հրապարակը, այդ ուսանողական շրջանում գտնվող բարերն ու սրճարանները։ Նկարիչը պատկերում է Փարիզի շենքերի ու եկեղեցիների ճակատային մասերը՝ ֆրանսիական մայրաքաղաքի ճարտարապետությանը լույսի ու ձևի խաղ հաղորդելով։ Ցուցադրելով մայրաքաղաքի արևոտ փողոցները, Րաֆֆի Ջենդոյանը մեզ տանում է մի անսովոր աշխարհ, որը, մռայլ գույների, մուգ կամ թափանցիկ երանգների, փայլող ներկերի շնորհիվ, երազ է հիշեցնում։ Նկարիչը ստեղծում է խորհրդավոր ուրվապատկերներ, դաջվածքներով մարմիններ։ Ջենդոյանի այս աշխատանքները երևակայության անհուն մի աշխարհ են՝ խորհրդավոր ճարտարապետությամբ ու առեղծվածային կերպարներով։
-Րաֆֆի, պատմեք, խնդրեմ, ձեր ընտանիքի, մանկության մասին։
-Ծնվել եմ Ֆրանսիայում, հիմնական կրթությունս ստացել եմ Gobelins արվեստի գեղարվեստական դպրոցում՝ Փարիզի XIII թաղամասում 1990-ականներին։ Ուսանել եմ գրաֆիկա։ Ապրում և աշխատում եմ Փարիզում։ Մայրս ֆրանսուհի է, հայրս հայակական արմատներ ունի, նրա ծնողները ծննդով Արևմտյան Հայաստանից էին։ Փրկվելով ցեղասպանությունից, ընտանիքը հասել է Մարսել, ավելի ուշ տեղափոխվել Փարիզ։
-Աշխատում եք տարբեր ոճերի մեջ... ձեր աշխատանքները կարելի՞ է բաժանել առանձին ինքնուրույն ուղղությունների, թե՞ դրանք ներկայացնում են ձեր անձնական ոճը։
- Ինձ փորձել եմ տարբեր ուղղություններում` և՜ ասիական մոտիվներ, և՜ գոթական ոճ, և՜ ֆանտաստիկա…։ Երբեմն կարելի է նույնիսկ ենթադրել, որ դրանք տարբեր նկարիչների գործեր են։ Կարծում եմ` պարտադիր չէ, որ նկարիչը միշտ հետևի միևնույն ոճական ուղղությանը։ Կարելի է և պետք է փորձել աշխատել տարբեր ուղղություններում։ Արվեստը տրամադրության պես կարող է փոփոխական լինել։ Երբեմն ուզում ես ինչ-որ կոնկրետ բան արտահայտել, իսկ երբեմն՝ վերացական վիճակ։ Ինձ հետաքրքրում են տարբեր ձևաչափեր, տարբեր տեխնիկաներ ու բազմազան ոճեր։ Նկարիչը պետք է պրպտող լինի։
- Մանկուց զբաղվել եք նկարչությամբ։ Այնուհետև Ձեզ գրավեց փողոցային արվեստը (սթրիթ արտ), ապա անցաք գեղարվեստի առավել ավանդական տեխնիկային։ Այս վերափոխումն ինչպե՞ս կատարվեց։
-Երբ պատանի էի, իրոք, ինձ դուր էր գալիս փողոցային արվեստը։ Հետո հասկացա, որ իմ ստեղծագործություններն այդկերպ կարող են փչանալ և անգամ վնասվել ուրիշների կողմից։ Եվ որոշեցի օգտագործել առավել հուսալի ՙկրիչներ՚, ինչպես թուղթն ու կտավը, որպեսզի հնարավոր լինի գործերը ներկայացնել ցուցահանդեսներում։ Բայց ինձ նախկինի պես դուր է գալիս փողոցային արվեստը, և, ով գիտի, միգուցե վերադառնամ դրան։
-Ձեր գործերում զգացվում է շվեցարացի նկարիչ, ֆանտաստիկական ռեալիզմի ներկայացուցիչ Հանս Գիգերի ազդեցությունը, ով ստեղծել է ՙՕտարի՚ կերպարը համանուն ֆիլմից։ Գիգերի հետ անձնական ծանոթությունը հե՞տք է թողել Ձեր արվեստի վրա։
-Նկարչի հետ անձնական հանդիպումներս ինձ ու արվեստիս վրա մեծ ազդեցություն են ունեցել։ Նրա արվեստի բիոմեխանիկան, նեկրոգոթական ոճը, մռայլ գեղեցկությունն ինձ անտարբեր չթողեցին։ Բայց ինձ նաև հիացնում են ճապոնացի գրաֆիկական նկարիչ Կացուսիկ Խոկուսայի գործերը, որի անունը բացասական հնչերանգ է ստացել և ճապոներենից թարգմանաբար նշանակում է ՙարվեստամոլ՚։ Ինձ դուր են գալիս նաև բրիտանացի գեղանկարիչ, ռոմանտիկական բնանկարի վարպետ Ուիլյամ Տերների նկարները։
- Ժամանակակից հայ նկարիչների արվեստին ծանո՞թ եք։ Մտադի՞ր եք այցելել Հայաստան, այնտեղ կազմակերպել Ձեր գործերի ցուցահանդեսը։
-Դժբախտաբար, ես ծանոթ եմ միայն հայկական ծագմամբ ֆրանսիացի նկարիչների արվեստին։ Ինձ դուր է գալիս Ժան Ժանսեմի և Գառզուի արվեստը։ Հիանում եմ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի աշխատանքներով, հատկապես Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին վերաբերող լուսանկարների շարքով։ Մեծ հարգանք եմ տածում Հակոբ Հակոբյանի արվեստի նկատմամբ, ում ճակատագիրը սերտորեն կապված է Փարիզի հետ։ Սիրում եմ ծագումով հայ շվեդական նկարիչ Սարգիս Սարգսյանի արվեստը։
Իրենց գործերում հայ նկարիչները հաճախ են անդրադառնում պատմական թեմային, ցեղասպանության ողբերգական անցքերին։ Այս թեման արտացոլվում է նաև արվեստի այլ ուղղություններում՝ երաժշտության, գրականության մեջ, կինոմատոգրաֆիայում։ Մենք իրավունք չունենք մոռանալ մեր ժողովրդի պատմությունը։
Հայկական մշակույթը, ազգային արվեստը շատ բազմազան են, հարուստ և, իհարկե, ոգեշնչում են ինձ։ Իմ աշխատանքներում կան բնանկարներ, որոնք պատկերվել են Հայաստանի, նրա բնության գեղեցկության մասին պատմող ֆիլմեր դիտելուց հետո։ Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ ազգային մշակույթի խորհրդանիշ հանդիսացող խաչքարերի նկատմամբ։
Երազում եմ լինել նախնիներիս պատմական հայրենիքում, ըմբոշխնել բնությունը, տեսնել ճարտարապետական հուշարձանները, ծանոթանալ Հայաստանի ժամանակակից նկարիչների հետ։
Զրույցը վարեց
Արմեն ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ
Փարիզ
www.noev-kovcheg.ru