comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Համազգային. մշակութային-գրական տարեգրքի արցախյան շնորհանդես Տիգրանակերտում
[ARM]     [RUS]     [ENG]

Համազգային. մշակութային-գրական տարեգրքի արցախյան շնորհանդես Տիգրանակերտում

Սրբուհի Վանյան

 Հուլիսի 11-ին ՙՏիգրանակերտ պետական պատմամշակութային արգելոցում՚ տեղի ունեցավ Արցախի ՙՀամազգային՚ մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Համազգային հայ կրթական մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից՝ նույն կառույցի երևանյան գրասենյակի աջակցությամբ: 

Տարեգրքի շնորհանդեսն արդեն կայացել է Սփյուռքում, ինչպես ՙՀամազգայինի՚ արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանն արտահայտվեց՝ պատմական Լիբանանի հայաշունչ Այնճարում: Նախաձեռնող խումբն առիթ է ունեցել այն ներկայացնել նաև Բեյրութում և նմուշներ նվիրել Լիբանանում գործող հայկական կրթօջախներին: Հ. Ավագյանը ելույթի իր խոսքում նշեց, որ նպատակ ունեն տարեգիրքը տարածել և Համազգայինի այլ գրասենյակների միջոցով հասցնել սփյուռքի տարբեր հայկական կրթօջախներ ու արցախյան արվեստն ու խոսքը հասանելի դարձնել հայ երիտասարդին: Այն պետք է հանդիսանա մշակութային կամուրջ Արցախի ու Սփյուռքի միջև և հայրենիքի կանչ այնտեղի մեր հայրենակիցների համար: ՙՀամազգային՚ խորագիրը տարեգրքի համար պատահական չի ընտրվել. այն խորհրդանշում է ոչ միայն համանուն կրթարանը, այլև այն, որ Արցախը համազգային բնօրրան է, որտեղ անելիք ունի յուրաքանչյուր հայ:
Պատահական չի ընտրվել նաև շնորհանդեսի վայրը՝ Տիգրանակերտը: Տարեգրքի վրա պատկերված է Տիգրանակերտի պեղումների ժամանակ գտնված` մ.թ. 5-6 դարերի խաչաձև հորինվածքով խոյակը, իսկ նրանում տեղ գտած առաջին հոդվածը, որի հեղինակն այդ պատմական վայրի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն է, նույնպես Արցախի Տիգրանակերտին է առնչվում:
Շնորհանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, տարեգրքի խմբագրական խորհրդի անդամներ Սպարտակ Ղարաբաղցյանը, Միքայել Հաջյանը:
Լ. Հովհաննիսյանը կարևորել է Համազգային կրթական մշակութային միության պաշտոնական ներկայացվածությունն Արցախում, այս տարեգրքի լույս ընծայումը՝ Սփյուռքի հետ կրթամշակութային կապերի ամրապնդման և այնտեղի մեր երիտասարդների հայեցի դաստիարակության տեսանկյունից:
Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել արցախցի երիտասարդ երգիչ Արթուր Խաչենցը: Շնորհանդեսին ներկա հյուրերի մեջ եղել են մեծ թվով սփյուռքահայեր. նրանց թվում նաև երգիչ Գևորգ Հաճյանը, ով նույնպես երգել է միջոցառման ժամանակ: