ՄԵՐ ՈՍԿԵԴԱՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԿԵՐՏԵԼՈՒ...

altՀարցազրույց Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի 
և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երմոնյա ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
Օրերս բոլորեց Ե. Զաքարյանի ծննդյան 65-ամյակը... Բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ ու գնահատականներ հնչեցին։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիրը հոբելյարին հանձնեց փոխնախարար Հասմիկ Միքայելյանը՝ շնորհակալություն հայտնելով երկարամյա բեղմնավոր գործունեության համար։
Հոբելյանը պարզապես առիթ էր անկեղծ զրույց ծավալելու Ե. Զաքարյանի հետ։
-Տիկին Զաքարյան, տասներկու տարի է՝ գլխավորում եք շրջանային համակարգը և ոչ միայն վերջին տասնամյակում, այլև ողջ կյանքում ստեղծել եք հայրենասեր հայուհու կերպար. Ձեր նպատակամետ  աշխատանքի շնորհիվ շրջապատում ձեռք եք բերել անուն ու համբավ։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում։ 
- Յուրաքանչյուր հայ ու հայուհի յուրովի հայրենասիրության մարմնավորում է. թող ասածս բարձրագոչ չհնչի։ Այն մեր գենետիկ ավիշի մեջ է ի վերուստ։ Ազգային գաղափարախոսությանը ծառայելն ինձնից անբաժան է արդեն երկար ու ձիգ տարիներ։ 
Իմ մեջ խոսուն են պապիս՝ Մանգասար Թամրազյանի գեները, նա եղել է Թևանի (Թևան Ստեփանյան) կապավորը։ Հետագայում նրան կուլակաթափ են արել ու քշել Սիբիր, և այդպես էլ մեզ համար անհայտ է մնացել նրա հետագա ճակատագիրը, սակայն նա իր ոգեղեն կենսադաշտով միշտ ներկա է եղել մեր ընտանիքի կյանքում։ 88-ին արթնացած մեր հոգու ցասումը մի նոր էջ բացեց իմ կենսագրության մեջ, ինչի համար քիչ է ասել, թե հպարտ եմ, ուրախ եմ և պարտավոր ծառայել ժողովրդիս ուժերիս ներածին չափով։ Վերջապես մենք խոսում, շնչում ու մտածում ենք հայերեն ու փայփայում ամբողջական Հայաստանի գաղափարը։ Իսկ թե ինչպես է դա հաջողվում՝ պատասխանը թողնենք առկախ... 
- Մշակույթն այն դաշտն է (ես կասեի՝ կենսադաշտը), որը լայն հնարավորություն է տալիս հագուրդ տալու  հայրենասիրական ՙնկրտումներին՚։ Ձեր գործունեության առանցքում որո՞նք են առաջնահերթությունները։
- Ինձ համար առաջնահերթ է ազգայինի արմատավորումը բոլոր բնագավառներում, մնայուն արժեքների վերհանումը։ Եվ ոչ միայն արմատավորումը, այլև տարածումը։
Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին մենք ոգեղեն արթնության կողքին նաև մեծ կորուստներ ենք ունեցել, ավերվել, թալանվել ու բռնատեղահանվել են մեր շրջանի 14 գյուղերը։ Հադրութցին, կորստյան ցավը սրտում, վերընձյուղվել է՝ մաքառելով լավ օրվա հույս ու հավատով։
Մեր տղաների հերոսական մաքառումների շնորհիվ Հադրութ շրջկենտրոնը չտրվեց թշնամուն։ Ճիշտ է, եղան հրետակոծություններ, ավերածություններ, սակայն հադրութցին անդրդվելի էր... Այսօր մենք ունենք Քաղաքի օր, որն ամեն տարի վեր է ածվում մեծ տոնախմբության։
Բանակ-հասարակություն կապի շրջանակներում մենք բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացնում, զինվորականության հետ համատեղում բազմաթիվ միջոցառումներ։
Մեր ոգեղեն երգն ու խոսքն ենք տանում տեղի զորամասի զինծառայողներին ու նաև լիցքեր ստանում նրանց հայրենասիրությունից, ծառայության հանդեպ նրանց պատասխանատու վերաբերմունքից։ Հաճախ ենք համերգներով շրջագայում թե՜  ստորաբաժանումներում և թե՜ գյուղերի բնակչության առջև։ ՙԴիզակ՚ համույթի ծրագիրը լրիվությամբ ազգային հենքի վրա է ստեղծված։
- Տարին հոբելյանական է ու իրադարձային մեր ժողովրդի կյանքում... Ինչպե՞ս է այն նշանավորվելու Հադրութի շրջանում։ 
- Ամենայն պատասխանատվությամբ ենք նախապատրաստվում տոնական միջոցառումներին... Նախքան մանրամասնելն ասեմ, որ շուքով նշել ենք Զինված ուժերի, Հայրենյաց պաշտպանի օրը։ Շոու ծրագիր ենք կազմակերպել զինվորների մասնակցությամբ։ Միջոցառումների լայն ծրագիր ենք նախատեսել Եռատոնի կապակցությամբ։ Տարին հոբելյանական է, հանրապետությունում շատ հյուրեր են սպասվում, որոնք, հնարավոր է,  նաև մեզ մոտ են գալու։ 
Հադրութի ՙՄշակույթի և երիտասարդության կենտրոնի՚ ուժերով քաղաքի Ազատության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ, որն իր շարունակությունը կունենա զինվորական ստորաբաժանումներում։ Կկայանա հանդիպում Արցախյան պատերազմի վետերանների հետ։ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա հանդիպում զինծառայողների հետ, ապա կկազմակերպվի գրքի ցուցահանդես։
Մանկական երաժշտական դպրոցի սաները կհանդիպեն Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատներին, ինչպես նաև իրենց մասնակցությունը կբերեն տոնական համերգին։ 
- Մենք դեռևս մեր հաղթանակների կերտման կես ճանապարհին ենք... Գաղտնիք չէ, որ հաղթանակներ ենք կերտում նաև մշակույթով. ինչպիսի՞ն է Ձեզ պատկերանում մշակույթի ապագան։
- Բոլոր դեպքերում լավատես եմ... Դարերում մենք հաղթել ենք նաև մեր մշակույթով, դպրությամբ։ Հայ մամիկը ՙէրգրից՚ հեռացել է աղոթագիրքը թևի տակ. սա է հայի նկարագիրը. այդ նկարագրի կրողներն ենք մենք։ Մշակույթը կարող է մեզ ճանաչ դարձնել ամբողջ աշխարհում, և աշխարհին պիտի ներկայանանք մշակութային արժեքներով։ Մշակույթը մեծ դեր ունի պետականակերտման ճանապարհին։
Մենք բազմաթիվ ինտելեկտուալ խաղեր ենք կազմակերպում՝ նվիրված ազգային տոներին՝ ներգրավելով նաև զինծառայողներին։ Միջոցառումներ, որոնք մեզ անընդհատ հիշեցնել են տալիս անցած ուղին։ Իսկ անցյալը հիշելն ու ճշմարիտ դասեր առնելը մեզ համար պիտի կենսական նշանակություն ունենան։ Այդ գործոնները ես շատ եմ կարևորում։ Առկա են բազում հիմնախնդիրներ, որոնք, հավատացած եմ, ժամանակի ընթացքում լուծում կստանան։
Այսօր բռնատեղահանված մեր գյուղերում չկան ակումբներ, մշակույթի օջախներ։ Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե նրանք ինչպես են ծվարում մի հարմարեցված սենյակում։ Մեծ ցանկություն ունեն աշխատելու, սակայն չունեն տարրական պայմաններ։ Ունենք բազմաթիվ ակումբավարներ, ովքեր,  արհամարհելով բոլոր դժվարությունները, աշխատում են բոլորանվեր՝ տարածելով ազգայինն ու մնայունը։
Մենք էլ մեր հերթին ձգտում ենք աշխուժացնել մշակութային կյանքը գյուղերում։ Շատ գյուղերում հավաքվելու տեղ չկա, երիտասարդությունը զբաղվելու միջոցներ չունի։ Հասկանալի պատճառով այսօր առաջնահերթությունը տրվում է դպրոցաշինությանը։ Հուսանք, որ հերթը մշակույթի օջախներին կհասնի։ Համոզված եմ, որ մեր վաղվա օրը գեղեցիկ է լինելու. կկառուցվեն մշակույթի տներ ու ակումբներ։ Հադրութի շրջանի ժողովուրդը երբեք տաղանդների պակաս չի ունեցել և չի էլ ունենա, վստահ եմ։
Այսօր Հադրութում գործում է Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը, որի շենքային պայմաններն անմխիթար վիճակում են։ Բազմաթիվ ցուցանմուշներ (մեր պատմությունը վկայող) ոչնչացման վտանգի տակ են, ինչը չի կարող չմտահոգել մեզ։ Մշակույթի շատ օջախներում չկան երաժշտական գործիքներ, պարուսույց, այսօր լրիվ կրճատված են գեղարվեստական ղեկավարների հաստիքները, առկա են բազմաթիվ պրոբլեմատիկ հարցեր, որոնք լուծվելու դեպքում մշակույթն, իրոք, կդրվի իր կոչման բարձրության վրա։
Մեր երիտասարդությունը կիսահայկական-կիսառաբիս երգ-երաժշտության հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում, և սա ցավալի է... Կադրերի պակաս ունենք բոլոր բնագավառներում։ Մենք դեռևս ակունքներին դառնալու ու ինքնամաքրման կարիք շատ ունենք։ 
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ