ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ
ՙԻր ողջ կրքոտությամբ հանդերձ հայկական երգը ողջախոհ է, իր ողջ կրակոտությամբ հանդերձ՝ զուսպ է արտահայտությունների մեջ։ Դա մի պոեզիա է՝ արևելյանի պես գունեղ, արևմտյանի պես իմաստուն, պոեզիա, որ գիտե վիշտն առանց հուսահատության, կիրքն առանց մոլեգնության, հիացմունքը, որին սակայն խորթ է անզսպությունը՚։ Վալերի ԲՐՅՈՒՍՈՎ
Կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, խմբավար, մանկավարժ, բանաստեղծ, հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, ում անձը հայ ժողովուրդը նույնացնում է Մեսրոպ Մաշտոցի հետ երաժշտության ասպարեզում։ Աշխարհը հիացավ Կոմիտասով։ Եվ տիեզերածավալ հոլովույթներում անջնջելի կնիքով հաստատվեց նրա ինքնատիպությունը, որ հավերժելու է հայ ժողովրդի հետ` անընդհատ քննարկման նյութ դարձնելով իր կենսագրությունը, իր անձը, ապրումներն ու հոգեվիճակը, ինչպես նաև թողած ահռելի մշակութային ժառանգությունը: Ժամանակը հաստատեց Մեծն Կոմիտասի ստեղծագործական առաքելությունը։ Իր բազմաբնույթ գործունեությամբ դառնալով ազգային երաժշտական մասնագիտական լեզվի հիմնադիրը՝ Կոմիտասը եղավ նաև իր ժողովրդի, իր ազգի ինքնաճանաչման մասնակիցներից պանիսլամիզմի, պանթուրքիզմի աղետաբեր գաղափարախոսության զարգացման ժամանակներում: Հայ ազգային մասնագիտացված երաժշտությունն այսօր աշխարհին ներկայանում է իր ինքնուրույն, ինքնատիպ բովանդակությամբ։ Աշխարհի ամենատարբեր հեղինակավոր բեմահարթակներում և այլուր հնչում են հայ կոմպոզիտորների ազգային ցայտունությամբ օժտված բազմազան ստեղծագործությունները, որոնք առաջին հերթին առանձնանում են երաժշտական մտածողության յուրակերպությամբ։ Կոմիտասի ժամանակակիցներից շատերն ընկալեցին ու գնահատեցին նրա գործի նշանակությունը, կարևորությունը և մասնագիտական բարձր մակարդակը։ Կոմիտաս¬կոմպոզիտորի ստեղծագործական հանճարը բացահայտվեց ժողովրդական երգի մշակման հիմքով, որը ժամանակի պահանջն ու թելադրանքն էր։ Ազգային երաժշտությունը պետք է ծնվեր ժողովրդական ստեղծագործության ակունքներից և ժողովրդական երգի ստեղծագործական մշակումը Վարդապետին պիտի հասցներ համամարդկային արվեստի բարձունքները։ Նրա ստեղծագործությունն առանձնացող երևույթ էր համաշխարհային երաժշտամտածողության համակարգում։ Սեփական երկերում ևս (ՙԿաքավիկ՚, ՙԱզգային օրհներգը՚, ՙԱնուշ՚ օպերայի հատվածներ) Կոմիտասը հիմնվում էր ազգային երաժշտական ֆոլկլորի տիպական գծերի վրա։ Ձայնագրելու, մշակելու գործընթացում երգը հղկվում, բյուրեղացվում էր՝ ստանալով գեղարվեստական նոր որակ և արտահայտչականություն։ Կոմիտասյան երգի յուրաքանչյուր մշակում, ամեն մի տարբերակ հայտնաբերում էր մասնագիտական մտածողության նոր հնարներ՝ ներկայացնելով կոմիտասյան յուրատիպ ոճի ձևավորման ընթացքը։ Լիովին տիրապետելով եվրոպական երաժշտակառուցողական օրինաչափություններին՝ Կոմիտասը մշակեց ազգային երաժշտությունից բխող սեփական ստեղծագործական ոճ՝ հմտորեն զուգակցելով եվրոպական համակարգն ազգային¬ժողովրդական նորարարական սկզբունքների հետ։
Ստեղծագործողի ցայտուն անհատականությունը դրսևորվեց ոչ միայն ժողովրդական մշակումներով, այլև հոգևոր երկերում։ Նրա հանճարեղ անհատականությունը նորովի բացահայտեց հայ գեղջուկ և հոգևոր երգի թեմատիկ¬ժանրային, հուզական¬կերպարային հարստությունները։ Նա հայտնաբերեց գեղջուկ և հոգևոր երգերի փոխադարձ կապը. Կոմիտասի ՙՊատարագը՚ հայ հոգևոր երաժշտության բազմաձայն մեկնության նոր և արժեքավոր երևույթ է։ Նոտագրելով և կորստից փրկելով հայ երգի հազարավոր նմուշներ՝ Կոմիտասը որպես ազգագրագետ խորամուխ եղավ ազգային երգի ուսումնասիրության մեջ։ Նա հայ ժողովրդական երաժշտության հավաքման գործը դրեց միանգամայն նոր, տրամաբանորեն կանխամտածված, գիտական հիմքերի վրա։ Հայ ժողովրդական երգերի անաղարտ նմուշներ հայտնաբերելու նպատակով ազգագրագետ Կոմիտասը շրջում էր Հայաստանի գավառներով՝ ուսումնասիրելով նաև հարևան ժողովուրդների ժողովրդական երգեր (քրդական, պարսկական, տաճկական)։
Կոմիտաս¬գիտնականը հիմնավորեց ազգային ինքնուրույն երաժշտության գոյության փաստը։ Իր երկարատև հետազոտություններով նա ապացուցեց հայ երաժշտարվեստի կարևորագույն առանձնահատկությունները, հնադարյան ծագումն ու զարգացման ինքնատիպ հնարավորությունները։ ՙՀայն ունի ինքնուրույն երաժշտություն՚,¬այս առանցքային միտքը դարձավ Կոմիտասի ստեղծագործական կյանքի հավատամքը։ Նա ցույց էր տալիս հայ երգի մեջ ամփոփված գեղարվեստական բարձր հատկանիշները։ ՙԱզգի մը լեզուն ու գրականությունը կարող են ձևափոխվիլ ու զարգանալ՝ օրինակ առնելով ուրիշ ազգերեն, բայց երբ այն ինքնահատուկ լեզու և գրականություն ունի, ունի և ինքնուրույն երաժշտություն։ Ամբողջ արևմտյան ազգերը զարգացան՝ սնունդ առնելով հին հունական քաղաքակրթության բեկորներեն՝ լատինականի միջոցով, բայց և այնպես, յուրաքանչյուր արևելյան ազգ ունի ուրույն երաժշտություն, որ ոչ հույն է և ոչ լատին։ Ռուսաց արդի լեզուն ունի մոտ 60 հազար օտարազգի բառ, որ ազգայնացվել է, և ռուսը զարգացել է օտար քաղաքակրթությամբ, նույնիսկ իր տառերը հունականի վրա են կաղապարված, սակայն և այնպես ունի ինքնուրույն լեզու և ինքնատիպ երաժշտություն։ Ճիշտ նույն ճանապարհն են անցել մեր Ե դարու սրբազան վերանորոգիչները։ Անոնք կրթվեցան Աթենք և Աղեքսանդրիա՝ այդ ժամանակների լուսավորությանց կենտրոններում, որպես մենք այժմ Եվրոպայում, ապա հայրենիք վերադառնալով՝ կերտեցին ու վերակազմեցին, ըստ օրինակի հույն և ասորի լեզուներու, մեր գրաբարը և մեզ ավանդեցին ոսկեդարու մատենագրությունը։ Եթե ճշմարտություն են այս բոլորը, ապա ուրեմն, ճշմարտություն է և այն, որ մեզ տվին նույնպես և երաժշտություն, որ այնքան հարազատ է ու ազգային և այնքան ինքնուրույն է ու ինքնատիպ, որքան իր լեզուն ու գրականությունը, որովհետև յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխան երաժշտություն՚ (Կոմիտաս)։ Մեկ այլ՝ ՙՀայը ունի ինքնուրույն երաժշտություն՚ հոդվածում գրում է. ՙԽեղճ հայ ժողովուրդ, ազգ ես և ինքնուրույն այնքան, որքան մյուսները, այդ ոչ ոք կարող է հերքել։ Ունիս հատուկ լեզու, կխոսիս։ Ունիս հատուկ ուղեղ, կդատիս։ Ունիս հատուկ մարդաբանական կազմ, որով կզատվիս այլ ազգերեն ու անոնց կազմեն։ Սակայն սիրտդ, որ զգացմանդ աղբյուրն է, քուկդ չէ եղել...՚։ Ազգային արժանապատվության ինչպիսի բարձր գիտակցությամբ է գրել Մեծն Կոմիտասն այս տողերը։
Տիրապետելով երգչախմբի հարուստ հնարավորություններին՝ խմբավարի բարձր վարպետությամբ Կոմիտասը երգեցիկ խմբեր էր կազմում՝ զարմացնելով և հիացնելով հայ և օտարազգի երաժշտասեր հասարակությանը։ Թիֆլիսում, Փարիզում (1905-1906) տված համերգները հայ երաժշտության հաղթանակի տոնահանդեսներն էին։ Կոմիտասը հնչեցնում էր քառաձայն երգեր (ինքը կատարում էր արաբերեն, պարսկերեն երգեր՝ ցույց տալով հայ և օտար երգերի տարբերությունը)։ 1893-ից ղեկավարում էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանի երգչախումբը, 1910 թվականից՝ Պոլսում 300 հոգուց կազմված ՙԳուսան՚ երկսեռ երգչախումբը։ Կոմիտասի խմբավարական արվեստը, ժամանակակիցների վկայությամբ, օժտված է մոգական ուժով։
Կոմիտաս¬մանկավարժի առաջ քաշած երաժշտագիտական համակարգի դրույթներն այսօր էլ արդիական են։ Նա կարևորում էր ժողովրդական, հոգևոր երաժշտության, պարի ուսուցման դերն աճող սերնդի գեղարվեստական, գեղագիտական դաստիարակության գործում։
Կոմիտասը գրել է նաև բանաստեղծություններ, որոնք քաջ ծանոթ չեն ընթերցողական լայն զանգվածներին։ Ստորև ներկայացնում ենք մի փունջ։
ՙԱԱ՚