Logo
Print this page

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

altՄայիսյան եռատոնի նախօրեին արդեն ավանդույթ են դարձել հանրապետության կրթօջախներում անցկացվող արիության դասերը։ Ամենախոշոր կրթական հաստատությունում՝ Արցախի մայր բուհում, մայիսի 4-ին հերթական արիության դասը վարեց ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ 
Համալսարանականների հյուրն էր նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ հյուրերը նախ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հուշաքարին։
Հանդիպմանը  բացման խոսք ասաց  ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը և շնորհավորեց ներկաներին հայ ժողովրդի համար թանկ ու պանծալի տոների առթիվ՝ արժևորելով դրանց իմաստը։ 
Իր խոսքում պաշտպանության նախարարը յուրօրինակ պատմական էքսկուրս կատարեց՝ ներկայացնելով Մեծ Հայրենականում մեր ժողովրդի ունեցած ավանդը՝ մինչև ներկայիս ռազմաքաղաքական իրադարձություններ, խոսեց դրանց պատճառահետևանքային կապերի մասին։  
Արցախի զինված ուժերի հրամանատարը մեր հայրերի, պապերի տարած հաղթանակը ուղղակիորեն կապում է Արցախյան պատերազմի հաղթանակի հետ, քանզի նոր սերունդն իր մեջ կրում է նախորդների ոգին։ Շուրջ 50.000 արցախցի է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, որից 26.000-ը չի վերադարձել՝ իր կյանքը նվիրաբերելով հայրենիքին։ Արցախը բազմաթիվ հերոսներ, մարշալներ, բարձրաստիճան զինվորականներ է տվել խորհրդային պետությանը։ Մ. Հակոբյանի խոսքերով՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի ոգին և ռազմահայրենասիրական դաստիարակությունը իրենց ազդեցությունն են ունեցել ներկայիս ավագ սերնդի վրա։ Ինքը՝ նախարար Մովսես Հակոբյանը, իր իսկ խոստովանությամբ, զինվորական դառնալու որոշումը կայացրել է Չարդախլու գյուղում՝ մարշալ Բաղրամյանի տուն-թանգարանում նմանատիպ հայրենասիրական դասի ժամանակ։ Նույնը տեղի է ունենում նաև այսօր։ Պաշտպանության նախարարի ներկայացմամբ՝ Արցախի պետական համալսարանի ուսանողական կազմը եղել է Արցախյան շարժման առաջամարտիկների շարքում, իսկ հետագայում նրանցից շատերը համալրել են Պաշտպանության բանակի հրամկազմը։ 
Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը՝  Մովսես Հակոբյանը խոսեց դրա անհրաժեշտության օբյեկտիվ պատճառների մասին, որոնցից մեկն էլ համայն հայության՝ Շուշին ազատագրված տեսնելու մշտական ցանկությունն էր։ Բացի այդ, բերդաքաղաքը հակառակորդի կողմից վեր էր ածվել ռազմական հենակետի՝ դառնալով չարիք Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի համար։ Քսան տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ կտոնենք Շուշիի փառապանծ հաղթանակը։ Վերջինիս ռազմագործողությունն ապացուցեց, որ մենք կարող ենք ոչ միայն պաշտպանել մեզ, այլև մեծ հաղթանակներ տոնել։ Շուշին բեկում էր և դարձավ մեր հետագա բոլոր հաղթանակների սկիզբը, ասաց Մովսես Հակոբյանը։ 
Աճող սերունդը պետք է լավ սերտի նաև  Պաշտպանության բանակի պատմությունը։ Ինչո՞ւ է նրա ստեղծման օր համարվում Շուշիի ազատագրման օրը՝  Պաշտպանության բանակի հրամանատարը տվեց հանգամանալից պարզաբանումներ։  ԼՂՀ զինված ուժերի անցած ուղին հարուստ փորձ է ոչ միայն մեր հետագա սերունդների համար. ի դեմս բանակի՝ երկրի պաշտպանությունն այսօր հուսալի ձեռքերում է։ ՙԵթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի՝ մենք անպայման հաղթելու ենք՚, - վստահեցրեց ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքերով՝ հրադադարի տարիներն օգտագործվել են նպատակային՝ բանակի հզորացման և մարտունակության բարձրացման համար։ Բարձրացվել է նաև զինծառայողների կրթական ցենզը։
ՙԵթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի՚ խոսքերը մեզ համար արդիական են։ Մենք պետք է հակառակորդին պարտադրենք խաղաղություն։ Եվ վստահեցնում եմ, որ տարածաշրջանում տիրող ներկայիս խաղաղությունը միայն Արցախի բանակի բազկի ուժի շնորհիվ է՚,- ասաց Մ. Հակոբյանը։
Արցախի զինված ուժերի հրամանատարը պատասխանեց նաև ներկաների հարցերին։ Որոշ հարցերի առնչությամբ պարզաբանումներ տվեց ԿԳ նախարար Վլադիկ  Խաչատրյանը։ 
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհակալություն հայտնելով նման բովանդակալից դասախոսության համար, ռեկտոր Ստեփան Դադայանը համալսարանի կողմից տպագրված վերջին գրքերը նվիրեց հյուրերին՝ ինքը ևս նոր տպագրված գրքեր ստանալով ԼՂՀ  պաշտպանության  նախարարից։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.