ԱՅՑ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Ալիսա ՍԱՐԳՍՅԱՆ
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նիստերի դահլիճում օրերս ՙԱրցախի հել?ոֆիկացիան՚ թեմայով դասախոսությամբ հանդես եկավ տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը։
Բանախոսն անդրադարձել է արևային ու սովորական էներգիայի տարբերություններին, արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զանգվածային կիրառությանը գյուղական բնակավայրերում (բնակարանների ջեռուցում, կենցաղային տաք ջրով ապահովում, արևային տեխնոլոգիաներով գյուղմթերքների վերամշակում), էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության կազմակերպմանը, նշել, թե որն է երկրների հելիոֆիկացիայի ծրագրի բովանդակությունը, ինչպիսի հնարավորություններ է այն պարունակում, ինչպես կարելի է օգտվել դրանից և ինչ կտա այն Արցախին։ ՙԱրևային տեխնիկան մարդկանց հնարավորություն կընձեռի էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրել, գյուղական բնակավայրերում փոքր և միջին բիզնեսը զարգացնել: Դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, գործարանների, ձկնաբուծարանների, ջերմոցների, չորանոցների, առանձնատների և այլնի համար մշակված են միջին և բարձր հզորության անհատական արևային ջրատաքացուցիչներ, որոնք անհամեմատ ավելի էժան ու հուսալի են, կարող են հեշտությամբ սպասարկվել և ծառայել մինչև 50 տարի։ Այն էապես կբարձրացնի ֆերմերային տնտեսությունների շահութաբերությունը, ինչը մարդկանց կշահագրգռի ձեռք բերել DVH տիպի արևային տեխնիկա, որի զարգացումն ու տարածումը կնպաստեն նաև Երկիր մոլորակի էկոլոգիական մաքրությանը։ Հելիոֆիկացիայի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է պատրաստել ինժեներական և գիտական կադրերի մի ստվար բանակ, տեխնիկական և տեսական գիտությունները զարգացնել մի շարք կարևոր ուղղություններով՝ ջերմատեխնիկա, նյութերի դիմադրություն, մեքենաշինություն, կիրառական օպտիկա, ծրագրավորում, էլեկտրոնիկա, սննդի արտադրություն, այլ հարակից գիտություններ՚,-իր խոսքում ընդգծել է Վ. Համազասպյանը։
Դասախոսության ընթացքում նա նաև ցուցադրել է տեսանյութ, բնութագրել անհատական հելիոհամակարգերի նմուշների կառուցվածքն ու կիրառությունը, հնարավորություններն ու առավելությունները։
Դասախոսությանը ներկա տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ողջունել է նմանատիպ դասախոսությունների անցկացումը համալսարանում և նշել, որ Վ. Համազասպյանը դասախոսություններով կրկին հանդես կգա բուհում, նրա հետ կհամագործակցեն արևային տեխնիկա ձեռք բերելու և այն փորձնական կիրառելու համալսարանի ուսումնափորձարարական լաբորատորիայում արտադրվող տարբեր սննդամթերքների մշակման համար։
Վերջում Վ. Համազասպյանը ներկաներին հյուրասիրել է արևային սարքերի միջոցով պատրաստված քաղցրեղենով։
;