comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԳՐԱՏՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԳՐԱՏՈՒՆԸ

altԵրևանի հայտնի ՙԷդիտ Պրինտ՚ հրատարակչությունը մայիսի առաջին օրերին Ստեփանակերտի ավտոկայարանին մերձ ՙՄեգա՚ առևտրի կենտրոնի երրորդ հարկում բացեց գրատուն՝ համաձայն նախորդ տարի գրքերի  ցուցահանդես-վաճառքից հետո ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հետ կնքած հուշագրի։ 
ԼՂՀ գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը  բացման խոսքում  հատկանշեց գրատան  դերը, նշելով, որ ազգի դեմքը մշակույթն է, իսկ գիրքը՝ դիմագիծը բնորոշող տարր։ Շատ հնուց է հայը գրի պաշտամունք ունեցել, և շատ ազգեր չէ, որ կարող են նշել գրատպության 500-ամյակ։ Բանախոսը կանգ առավ նաև մշակութային հինավուրց քաղաք Շուշիում 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին զարգացած գրատպության, ինչպես նաև մեր նորանկախ պետության մեջ գրահրատարակչական գործի մասին։ 
ՙԵրանելի Մաշտոցն Ամարասում վառեց գիտության ջահը, որն արցախցին անշեջ պահեց՝   գոյատևելով որպես հայ, և 20-րդ դարավերջի հաղթանակով իր հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը ձեռք բերեց,- ասաց ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը։ ¬ Գրատպության 500-ամյակը նշող ժողովուրդը գրատուն է բացում. սա մեծ խորհուրդ ունի՚։  Նախարարը նշեց, որ գրատունը հետագայում լիարժեք դերակատարություն կունենա հասարակության լայն շրջանում գրքի և գրականության քարոզման գործում։ Այստեղ կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, հետաքրքիր հանդիպումներ։ Վ. Խաչատրյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ գրատունը կդառնա նաև հայագիտական կենտրոն։ 
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանը գրատունը որակեց որպես հոգևոր արժեքների օջախ, որտեղ մտավորականը, գրասերը կգտնի իր որոնած գիրքը, իսկ սրահը կդառնա ստեփանակերտցիների սիրած վայրը։ 
Գրատան բացման առթիվ նախաձեռնողներին շնորհակալություն հայտնեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մանուշ Բալայանը, ով տասնյակ տարիներ քարոզել է գիրքը, իր սաների մեջ սեր է ներարկել դեպի գրականությունը։  Մեծ էր հավաքվածների գիրք գնելու ձգտումն ու  ցանկությունը։ 
Հայաստանի հրատարակիչների միության նախագահ, ՙԷդիտ Պրինտ՚  գրահրատարակչության հիմնադիր և ղեկավար Մկրտիչ Կարապետյանն  ասաց, որ գրատանը  ներկայացվել է ավելի քան հազար կտոր գիրք, որից 500-ը՝ ՙԷդիտ Պրինտ՚-ի հրատարակածներից, որ գրքերի գները նույնն են, ինչ Երևանում, և որ հետագայում գների իջեցում կկատարվի։
Այնուհետև Մ. Կարապետյանը հայերեն հրատարակված առաջին գրքի լուսապատճենապատկերը նվիրեց Արցախի պետական համալսարանին, մի շարք պետական մարմինների։
Գրատան բացման ժապավենը կտրեցին ԼՂՀ  ԿԳ նախարար Վ. Խաչատրյանը և ՙԷդիտ Պրինտ՚ հրատարակչության հիմնադիր Մ. Կարապետյանը։
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝  ճեպազրույց ունեցանք Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։
- Ինչպե՞ս հանգեցիք գրատուն բացելու գաղափարին։ 
- Այս ամենը սկսվեց նրանից, որ լինում էինք Հայաստանի մարզերում, կազմակերպում  գրքի ցուցահանդես-վաճառքներ, տեսնում մարդկանց հետաքրքրությունը գրքի հանդեպ։  Ես համաձայն չեմ այն տեսակետին, թե ընթերցողը հեռացել է գրքից։ Պարզապես պետք է գիրքը մոտեցնել ժողովրդին։ Սա տարիների մեր երազանքն էր, որ իրականություն դարձավ հիմա, և առաջինը՝ Ստեփանակերտում։ Ծրագիրը շարունակական կլինի. գրատներ կբացենք Գյումրիում, Կապանում, Վանաձորում։ Ընթացիկ տարում՝ այս երեքը։
- Հետաքրքիր է, ՙԷդիտ Պրինտ՚¬ից բացի ուրիշ  ի՞նչ հրատարակություններ են ցուցադրվել այստեղ։
- Տարբեր հրատարակչությունների արտադրանք ենք ներկայացրել, նաև՝ այլ երկրներից ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Երկու ամիս հետո այս սրահում կներկայացնենք 2000 անուն գիրք։ Հիմնականում աշխատում ենք ընթերցողին ներկայացնել նոր գրքեր։ Ամիսը 1-2 անգամ  նոր գրքեր են ուղարկվելու, ընդ որում, Հայաստանում և արտերկրում հրատարակված։ Վերականգնվում է գրեթե այն նույն համակարգը, որ կար խորհրդային տարիներին Հայաստանում կամ Ռուսաստանում, այսինքն, կենտրոնացված գրքերը հետո բաժանվելու են։ 
- Ենթադրվում է, որ գրատունը կունենա պահուստային ֆոնդ, որ ենթակա չի լինի վաճառքի։
-  Անշուշտ։ Այն գրքերը, որ կլինեն 1-2 օրինակից, բնականաբար, չեն վաճառվի, պարզապես ցուցադրվելու են։ Մենք կաշխատենք ցուցադրություններ կազմակերպել, ասենք, հանրային գրադարանի, Մատենադարանի հետ համատեղ։ Սա հայրենագիտական կենտրոն է դառնալու, մշակութային կենտրոն՝ Հայաստանի, Արցախի գրողների միությունների հետ համագործակցությամբ։ Բնական է, գրատանը գիրքը վաճառվելու է, բայց  գործունեության այլ տեսակներ էլ է ներառելու։ Շուտով էլեկտրոնային գրքեր էլ կուղարկենք գրատուն, մանավանդ, որ նոր սերունդը նախընտրում է գրքի այդ տեսակը։ Դրանք նաև կվաճառվեն։ Մուլտիպլիկացիոն ֆիլմեր էլ ենք ստեղծում, հատկապես Թումանյանի հեքիաթների տեքստերով։ Ծրագրեր շատ ունենք, գործը նոր-նոր սկսվում է։ 
- Եթե հրատարակչությունն սկսում է ակտիվ և արդյունավետ զբաղվել գրքերի վաճառքով, հետևաբար, գրքեր տպագրելու հարցում հեղինակների հետ աշխատանքը նաև նոր ձևեր է ենթադրում։ 
- Այո։ Մենք ունենք հեղինակներ, որոնց հետ աշխատում ենք։ Այդպիսի գրքեր այստեղ կան ցուցադրված. Յուրի Սահակյան, Երվանդ Պետրոսյան, Էդուարդ Միլիտոնյան... Այս և նման  հեղինակների հետ պայմանագիր ենք կնքում, հոնորար ենք վճարում և գիրքը տպագրում։
- Դա աշխարհում ընդունված ձև է, իսկ մեզ մոտ խորհրդային տարիներից հետո՝ մոռացված...
- Մենք արդեն աշխատում ենք նաև այդ ձևով։
¬ Այսինքն, հրատարակչությունը գրողին ներկայացնում է ժողովրդին։ 
- Այդպես է, որքան շատ գիրք վաճառվի, և՜ գրողը կշահի, և՜ հրատարակիչը։
Մասնագիտական և մեթոդական գրականությանն էլ ենք ուշադրություն դարձնում։ Դարձյալ հոնորար է վճարվում։
- Ո՞ր գրքերն են ավելի շատ պահանջարկ վայելում։
¬ Ասեմ, ամենաշատը  մանկական գրականություն է վաճառվում։ Դե, հանուն  երեխաների ծնողները չեն խնայում, վճարում են։ Ամենաշատ վաճառվող հեղինակը Թումանյանն է, որից ՙԷդիտ Պրինտ՚-ը վերջին երկու տարում 30 անուն գիրք է հրատարակել։ Առաջին անգամ մեր պատվերով թարգմանվել և ռուսերեն հրատարակվել են Թումանյանի հեքիաթները։ Սրահում ցուցադրված են։ Մենք նաև  արտասահմանում հրատարակված գրքերի լիցենզիաներ ենք գնում, թարգմանել տալիս ու վաճառում։ Սա շարունակական և կատարելագործվող գործընթաց է։
- ՙԷդիտ Պրինտ՚-ի գործառույթների մասին խոսեք։
- Նախ ասեմ, որ ՙԷդիտ Պրինտ՚-ը հիմնադրեցինք 1993 թվականին, այն ցուրտ ու մութ տարիներին, դժվարություններով, բայց  գործը, ինչպես տեսնում եք, գլուխ եկավ։
Ունենք մարքետինգային բաժին, որ զբաղվում է համակարգ՝ գրքի վաճառքի ցանց ստեղծելով։ Ունենք տպագրական բաժին, որը շաբաթական 1-2 գիրք է թողարկում։ Տարվա կտրվածքով մենք 200-250 անուն գիրք ենք հրատարակում։ Ունենք հրատարակչական բաժին։ Ամեն մեկը մի մեծ հիմնարկ է՝ գործունեության իր ոլորտով։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ