comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱրՊՀ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱրՊՀ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Արցախի մայր բուհը 50 տարեկան է: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը նոյեմբերի 4-ին տրվեց ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում` ուսանողական միջազգային գիտաժողովով, որին մասնակցեցին պետական այրեր, ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերի ուսանողներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, մայր բուհի կայացման ու զարգացման ակունքներում կանգնած մտավորականներ: 

Ողջույնի խոսք ասաց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը: Բաքվի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ, դրան զուգընթաց` Հայաստանի ճարտարագիտության և շինարարության պետական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ և վերջապես դրանց միավորումով` Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան, 1993 թվականից` Արցախի պետական համալսարան. ահա Արցախի մայր բուհի անցած ուղին, որը, ռեկտորի բնութագրմամբ, փառապանծ ճանապարհ է` լի դժվարություններով, խոչընդոտներով, հաջողություններով և նաև` թերացումներով:
Հոբելյանի առթիվ արպհականներին և նրա բոլոր տարիների շրջանավարտներին շնորհավորեց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով` 50-ամյակը ոչ միայն պատկառելի և գեղեցիկ հոբելյան է, այլև անցած ճանապարհը վերարժևորելու և ապագայի տեսլականն ուրվագծելու իսկական ժամանակ: ՙԴժվար թե 50 տարի առաջ, հիմնադրվելով որպես Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, կարելի էր պատկերացնել, որ մի օր այն կդառնա անկախ Արցախի մայր բուհը, գիտակրթական օջախ, ավելին, ծանրակշիռ դերակատարություն կունենա ազգային-ազատագրական պայքարի հենց առաջին օրերից: Համալսարանը դարձավ 88-ի փետրվարյան օրերին ու նաև դրանից առաջ մեր ազատագրական պայքարի թե՜ ընդհատակյա և թե՜ արդեն հրապարակային պայքարի գիտական օջախը՚,-մասնավորապես ասաց նա: Անդրադառնալով նրա ներկայիս գործունեությանը` Աժ խոսնակն ասաց, որ այսօր ԱրՊՀ-ն այլ առաքելություն ունի` օրեցօր կատարելագործել բարձրագույն կրթության մակարդակն Արցախում, պատրաստել մրցունակ և բարձր որակավորման մասնագետներ, որոնք պետք է երաշխավորեն մեր հայրենիքի կայուն զարգացումը:
ՙԱվելի քան կես դար Արցախի մայր բուհը նախկին ԼՂԻՄ, ապա նորանկախ Արցախի բարձրագույն կրթության և գիտության, հասարակական, տնտեսական ու քաղաքական բնագավառներում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի: Խորհրդային բավականին բարդ ժամանակահատվածում ուսանողական հասարակությունը եղել է ազգային արժեքների պահպանման կարևորագույն կենտրոնը: Այնտեղ միաբանված հայ մտավորականությունը և ուսանողությունը պատվով են դիմակայել Բաքվի իշխանությունների գիտակրթական դավադիր քաղաքականությանը: Արցախյան շարժման տարիներին բարձրագույն հաստատությունը գաղափարական կենտրոններից էր, որտեղ կենտրոնացված էր երիտասադության շարժիչ ուժը՚,- իր ողջույնի խոսքում ասաց ԱՀ պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը` շարունակելով, որ մայր բուհն այսօր դիտարկվում է որպես ոչ միայն հանրապետության մասնագիտական ներուժի հիմնական մատակարար, այլ նաև գիտակրթական կարևորագույն կենտրոն, բայց և 50 տարին մեծ թիվ չէ որպես բարձրագույն կրթության, գիտության ճանապարհը լուսավորող ուսումնական հաստատություն և կայանալու տեղ ունի: Այդ առաջընթացի ապահովումը միջազգային փորձի ու ժամանակակից պահանջները հմտորեն օգտագործելու մեջ է, որին էլ ուղղված են բուհի ջանքերը:
Այս օրերին ԱրՊՀ-ում տարիներ առաջ ստորագրված Հուշագրի շրջանակում դասախոսություններով իրենց աջակցության առաքելությունն են իրականացնում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսները, որի նպատակը Արցախում իրավագիտություն մասնագիտությունը կայացնելն ու զարգացնելն է: Այդ համագործակցության նախանձախնդիր` ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԱրՊՀ մեծ բարեկամ Գագիկ Ղազինյանն իր շնորհավորանքներն էր բերել գիտաժողովին: Տարին հոբելյանական է նաև Հայաստանի մայր բուհի համար. ԵՊՀ-ն նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Ակադեմիկոսը 100-ամյակի միջոցառումներին նվիրված գրքեր նվիրեց ԱրՊՀ-ին:
2007-ից գործում է նորանկախ հանրապետությունների համալսարանների ասոցիացիան, որի մեջ մտնում են Արցախի, Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի Շևչենկոյի անվան պետական համալսարանները: Միության ղեկավար` Մերձդնեստրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Բերիլի շնորհավորանքի ուղերձը ներկայացրեց նույն բուհի ուսանող Յուրի Կասումյանը:
Ներկայացվեց ԱրՊՀ ուսանողների և լրատվության բաժնի պատրաստած տեսաֆիլմը համալսարանի մասին:
Գիտաժողովում ՙԱրցախի մայր բուհի 50-ամյա գործունեությունը՚ թեմայով զեկուցումով հանդես եկավ ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը: Նշվեց, որ տասնյակ մասնագիտությունների գծով բուհը թողարկել է շուրջ 23 հազար մասնագետ` դրանով խոշորագույն դերակատարություն ունենալով Արցախի գիտակրթական, մարզամշակութային, սոցիալ-քաղաքական և հանրային կյանքում:
Թեմատիկ զեկուցումներ ունեցան Շուշան Ներսիսյանը (Վանաձոր), Անժելիկա Առուշանյանը (ՀՌՀ), Թամար Գրիգորյանը (ԱրՊՀ):
Գիտաժողովն այնուհետև իր աշխատանքները շարունակեց յոթ մասնախմբերում, իսկ հաջորդ օրը` Մատենադարան-Գանձասարում, որտեղ էլ տեղի ունեցավ ուսանողական ֆորում` ՙԲարձրագույն կրթության հիմնախնդիրները՚ թեմայով:
ԱրՊՀ գիտական խորհուրդը 2019-2020 ուսումնական տարին հռչակել է մայր բուհի 50-ամյակին նվիրված միջոցառումների տարի: Գլխավոր միջոցառումն սպասվում է 2020թ.` համալսարանի գլխավոր մասնաշենքի հիմնանորոգումն ավարտվելուց հետո: