comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՅՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՅՈՎ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Նոր բեմադրությունը հանրայնացնելու, հանդիսատեսին, այսպես ասած, ուղղորդելու, հետաքրքրություն շարժելու նպատակ էր հետապնդում նոյեմբերի 6-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում անցկացված մամլո ասուլիսը, որը վարում էր Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը, ով նաև ՙԼուսաբացից առաջ՚ բեմադրության ռեժիսորն է։ Բեմականացումը, որն արդեն 4-րդ ամիսն է, ինչ ընթանում է, կատարվում է ըստ Հերմինե Ավագյանի ՙՊատերազմ…Աչքեր…Ծաղիկներ՚ գրքի, որը երիտասարդ հեղինակի երախայրիքն է։ Գիրք, որը որոշակի տպաքանակով ունեցավ նաև երկրորդ հրատարակությունը։ 

Գրքի բեմականացման գաղափարը հղացել է Ռուզան Խաչատրյանը, և ինչպես նա տեղեկացրեց, գրքի շուրջ աշխատանքը հեղինակի հետ տևել է տարուց ավելի։ Բեմադրիչի նպատակն էր թատրոնի խաղացանկում ունենալ արցախյան ազգային-ազատագրական պատերազմի թեմայով ներկայացում։ Ռուզանը լիարժեք պատկերացնում էր պատմվածքներն առանձին-առանձին բեմ հանելու դժվարությունները, բայց չերկնչեց, հեղինակին էլ համոզեց համագործակցել։
Ռ. Խաչատրյանը ներկայացրեց բեմադրության մեջ զբաղված  դերասաններին, ովքեր առնչվել են պատերազմի հետ. կա՜մ մանկությունից են զրկվել, կա՜մ մասնակցել են պատերազմին, կա՜մ հարազատներ ու բարեկամներ են կորցրել։ Իսկ գրքի և բեմադրության հիմքում ընկած են եղելություններ, իրական դեմքեր ու դեպքեր, մի ընտանիքի պատմություն, որն ինչպես իր ելույթում նշեց Հերմինե Ավագյանը` ՙբոլորինս է և ներկայացումից հետո յուրաքանչյուրն իր հետ կտանի ազգային ցավը, երազանքը, հանուն որի եղել է ազգային-ազատագրական պայքարը՚։
Նշենք, որ բեմադրության համար երաժշտություն է գրել երիտասարդ երգահան Վաչե Շարաֆյանը, նկարչական ձևավորումը կատարել է Արեգ Միրիջանյանը, զգեստները ձևավորել Լիլիթ Մելիքյանը։ Ռեժիսորի ընթերական է Մարատ Դավթյանը։
Բեմադրությունն իրականացվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ և ՙԱրցախկարպետ՚ ընկերությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի և Արցախի հանրային հեռուստատեսության աջակցությամբ։
Նշենք, որ ՙԼուսաբացից առաջ՚ բեմադրության առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի առաջին կեսին։