[ARM]     [RUS]     [ENG]

ՙԷԴԻԹ ՊՐԻՆՏԸ՚ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՎՐԱ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի խոշոր հրատարակչություններից ՙԷդիթ պրինտի՚ հիմնադիր-տնօրեն, Հայաստանի հրատարակիչների միության նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Ողջունելով նախաձեռնությունը` ռեկտոր Արմեն Սարգսյանն ասաց, որ ոչ ֆորմալ կրթությունը համալսարանում մեծ հետաքրքրություն է ստացել շնորհիվ ԱրՊՀ պատվավոր դոկտոր Կարեն Օհանջանյանի: Վերջինիս հետ երեքամյա համագործակցության արդյունքում ամեն տարի իրենց բնագավառների 10-15 հեղինակավոր մասնագետներ են հանդես եկել համալսարանում: 

Մ. Կարապետյանի դասախոսության թեման էր ՙՆոր տեխնոլոգիաները հրատարակչության մեջ՚: Բանախոսը նախ որոշ տեղեկություններ հաղորդեց արդեն 26 տարի Հայաստանում հրատարակչական գործունեություն ծավալող ՙԷդիթ պրինտի՚ մասին: Քանի որ հրատարակչությունը առաջին հերթին տպագիր գիրքն է, նա խոսեց հայերեն առաջին տպագրիչի` Հակոբ Մեղապարտի կողմից տպագրված առաջին գրքի` ՙՈւրբաթագրքի՚ մասին՚: Աշխարհում այդ գրքից գոյութուն ունի տասը օրինակ, որից երեքը գտնվում է Երևանում: ՙԷդիթ պրինտը՚ ստեղծել է դրա լուսապատճենահանված օրինակը:
ՙԷդիթ պրինտի՚ առաջին ուղղությունը, որով սկսել է գործունեությունը, դպրոցական գրականությունն է` սկսած Այբբենարանից, ՙՄայրենի՚-ներից, ՙՄատենիկ՚-ներից մինչև հեքիաթներ և այլն: Կարևոր տեղ է զբաղեցնում հայ դասական գրողների ստեղծագործությունների տպագրությունը: ՙԴպրոցական գրադարան՚ մատենաշարով հայ դասական 50 գրողի ստեղծագործություններ տպագրվել են: Դրանք բոլորը կան Արցախի դպրոցների գրադարաններում:
ՙԷդիթ պրինտի՚ մի կարևոր ուղղությունն էլ թարգմանական գրականությունն է: Մ. Կարապետյանն ասաց, որ համաշխարհային գրողների ստեղծագործությունների թարգմանությունները իրենք կատարում են բնագրից, ի տարբերություն խորհրդային տարիների հրատարակած թարգմանությունների, որը, նախ` կատարվում էր ռուսերենից, ապա` բնագրի 10- 20 տոկոսը դուրս էր թողնվում գրաքննության նկատառումներով: Այսօր արդեն ընթերցողի սեղանին են Էքզյուպերիի, Ռեմարկի բոլոր ստեղծագործությունների հայերեն տարբերակները: Հրատարակչությունը տարեկան 25-30 անուն գիրք է թարգմանում:
ՙԷդիթ պրինտի՚ համար կարևոր ուղղություն է բիզնեսի ու մարդու առաջխաղացման հետ կապված գրքերի հրատարակումը: Այսպես, Սթիվեն Քովի ՙՅոթ արդյունավետ սովորույթներ՚ գիրքը, որն աշխարհում վաճառվել է ավելի քան 40 մլն օրինակով, առաջին անգամ թարգմանվել է հայերեն: Հայաստանում էլ մեծ պահանջարկ ունի, արդեն վաճառվել է չորս հազար օրինակով: Ջոն Գրինի գրքերն են թարգմանվել: Այս դեկտեմբերի 12-ին տեղի կունենա Գրեգորի Վ. Դիլի ՙԲրենդի հեղափոխությունը՚ հայերեն գրքի շնորհանդեսը, որին ՙԷդիթ պրինտի՚ հրավերով ներկա կլինի հեղինակը: Վերջինս Երևանի բիզնես-կենտրոնում հանդես կգա նաև դասախոսությամբ: Մ. Կարապետյանն ասաց, որ տպագրության համար ընտրում են այնպիսի գրքեր, որոնք կարող են զարգացնել մարդուն և օգուտ բերել երկրի տնտեսությանը:

ՙԷդիթ պրինտը՚ ինչ հրատարակում է, ստեղծում է նաև դրանց էլեկտրոնային տարբերակը: Մ. Կարապետյանը հատկապես հայերի համար դա շատ կարևոր է համարում, քանի որ 10 մլն հայից երեք միլիոնն է հայրենիքում, մնացածը սփռված է աշխարհով մեկ, հետևաբար, որպեսզի նրանց էլ հասանելի լինի հայ գրողների ստեղծագործությունները: Ի դեպ, դասագրքերի մի մասը ՙԷդիթ պրինտը՚ հրատարակում է արևմտահայերենով:
Էլեկտրոնային տարբերակի առումով հրատարակիչը նշեց նաև դրա մի քանի տարատեսակներ, ինչպես, օրինակ` երգող, խոսող գրքերն են: Մանկագիր Լիպարիտ Սարգսյանը գիրք է գրել երաժշտական 28 գործիքների մասին, դրանց հիման վրա երգեր են ստեղծվել: Այդ գիրքը շատ լավ ընդունվում է, և հրատարակչությունը ստեղծել է նաև դրա ինտերակտիվ տարբերակը: Թումանյանի հեքիաթներն են` մուլտիպլիկացոն ֆիլմերի սկավառակով և այլն: Ստեղծել են Այբբենարանի հավելված, ամեն տառի համար կան հանելուկներ, երեխան ինտերակտիվ ձևով մտնում է և դրանք լուծում: ՙԳրական ունկնդրում և խոսք՚-ը վաղուց է ստեղծվել դպրոցականների համար: Վաղուց նորություն չեն և աուդիոգրքերը: Դրանք հատկապես լավ են ընդունվում այն մարդկանց կողմից, ովքեր երկար ժամանակ են անցկացնում ճանապարհի վրա: Հրատարակչության նոր քայլերից է, երբ կարող ես գիրքը ոչ միայն պասիվ ձևով լսել, այլև հարցեր տալ նրան և պատասխան ստանալ:
Իսկ այժմ ՙԷդիթ պրինտի՚ նոր նախագծի մասին: Մ. Կարապետյանը տեղեկացրեց, որ հրատարակչությունում ստեղծվել է school.editprint.am ծրագիրը, որի տարբերակներից մեկը ուսումնական խաղերն են մանկապարտեզի, դպրոցի համար: Դրանք արդեն կան և անընդհատ հարստացվում են: Այժմ աշխատում են ուսուցչի էլեկտրոնային մեթոդական ձեռնարկների վրա: Դասագիրքը հրատարակվում է հնարավորինս փոքր ծավալով, որում գրվում է հիմնականը: Ուսուցչի ձեռնարկներն էլ ավելի փոքրածավալ են լինում, այն էլ հրատարակվում է 4-5 տարին մեկ: Ուսուցիչն այդ փոքրիկ ձեռնարկով չի կարողանում արդյունավետ ուսուցում տալ: Նա կարող է անընդհատ զարգանալ ինքնակրթությամբ` հետևելով այդ կայքին: Հաջորդը լինելու է ֆիզիկայի ձեռնարկը: Ընդգրկվելու են լաբորատոր փորձերը: Ու այդպես` հերթով մյուս առարկաները: Դա մեծ օգնություն է ուսուցչին: Ունենալով ծրագիրը և չափանիշները` նա ինքը կարող է ընտրել թեմային անհրաժեշտ նյութերը և հետաքրքիր մատուցել: Փաստորեն նոր սերնդի դասագրքերից ամենակարևորը ուսուցչի ձեռնարկն է, որպեսզի նա լինի շատ գրագետ և կարողանա ճիշտ ուղղորդել աշակերտներին:
Հրատարակչությունն այդ նպատակով համագործակցում է ոլորտի լավագույն մասնագետների, ուսուցիչների հետ: Այս պահի դրությամբ աշխատում է Երևանի 15 դպրոցների հետ, վերապատրաստում ուսուցիչներին: Ցանկացողները թեմայի վերաբերյալ կարող են իրենց առաջարկություններն ուղարկել կայքին, հրատակչությունում լավագույն մասնագետներից ստեղծված հանձնաժողովը կընտրի անհրաժեշտը: Մ. Կարապետյանն ասաց, որ Արցախի ուսուցիչներն էլ կարող են միանալ կամ էլ հարկ եղած դեպքում իրենք կարող են այստեղ նրանց հետ հանդիպել: Ավելորդ չհամարենք ասել, որ այս բոլոր աշխատանքները կատարվում են հրատարակչության հաշվին:

Ըստ Մ. Կարապետյանի` լուրջ հրատարակչությունները գիտակրթական հիմարկներ են և մշտապես արձագանքում են նորագույն տեխնոլոգիաներին:ՙԳիտական առաջընթացը և դպրոցի հնարավորությունները չեն համապատասխանում իրար, մեր կրթությունը դրա հետևից չի հասնում: Ինչ որ ստեղծվում է, պետք է մտնի դպրոց՚,-ասաց նա: Դրանում իր նպաստն է բերում ՙԷդիթ պրինտը՚: Ի դեպ, Արցախում առաջին համակարգչային դասարանը ստեղծվել է 1988թ. Ասկերանի միջնակարգ դպրոցում Մկրտիչ Կարապետյանի կողմից այն դեպքում, երբ այն Հայաստանում էլ չկար:
Վերջում տեղեկացնենք, որ եկող տարվա փետրվարի 19-ին` Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, Արցախում կկազմակերպվի գրքի մեծ ցուցահանդես, որին կմասնակցեն Հայաստանի մի շարք հրատարակչություններ: