comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ՝ ՍԿԻԶԲ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Logo
Print this page

ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ՝ ՍԿԻԶԲ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հին, շատ հին  ասացվածք է՝ չափվում են բանակները, հաղթում են մեռելները...
Իսկ հայ ոգու ամենամեծ կրողը՝ Գարեգին  Նժդեհը, ասել է, որ հզոր են այն ազգերը, ովքեր շատ են արյուն հեղել։ 
Արցախի ազգային-ազատագրական պայքարը հայ ոգու և թափած արյան կրողը հանդիսացավ։
Հայոց մեծերի՝ Լեոյի, Մուրացանի, մյուսների ծննդավայր Շուշին։ Նրանց ողբերգությունն ու երազանքն էր թափառում այստեղ, որ հաղթանակ բերեց։ Ռուզանի հայրենասիրական  կրակը, Գևորգ  Մարզպետունու ոգին, Մուրացանի ՙՄեկ ծաղկով գարնան՚ գաղափարախոսությունը  հաղթեցին 1992-ի մայիսի 9-ին, երբ փոքրաթիվ հայկական ջոկատներն ազատագրեցին բերդաքաղաքը։ 
20 տարի անց՝ 2012 թվականի մայիսի 8-ին, ցնծում էր հայոց հինավուրց քաղաքը։ 
Կեսօրից մեկնարկեցին մշակութային միջոցառումները։ 
Տոնախմբության վայր էր ընտրվել բերդապարիսպների մոտակայքում գտնվող այգին՝ Ղարաբաղի խորհրդանիշ թթենիներով ու կաղնիներով։ 
Կանաչ բացատում ըստ տաղավարների արվեստի գործեր են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և շրջանների մշակույթի օջախները. գեղանկարչություն, փայտափորագրություն, գորգագործություն, քանդակ, կավագործություն, գոբելեն,  ասեղնագործություն,  փափուկ խաղալիքներ...
Նկարակալների առաջ արվեստի դպրոցների սաները ստեղծագործում են՝ խաղաղ երկինք, ազատագրված Շուշի, վերածնունդ ապրող քաղաքներ...
Օդի մեջ հաղթության շնորհավորանքների ու ողջագուրանքների երանգները  միախառնվել էին արցախյան  ավանդական ժենգյալով հացի բույրին։ 
Ժողովրդական տոնախմբությունը բացում է Երևանի ՙԿարին՚ ազգագրական համույթը  (գեղարվեստական  ղեկավար՝ Գագիկ Գինոսյան)։ Հնչում են ՙՔոչարին՚, ՙՔերծին՚, ՙԳյովնդը՚... Շուրջպարին միանում են հավաքվածները։ Հայկական ՙՔոչարի՚ են պարում  ազգային տարազով Արցախում գործող պարի խմբերի սաները։ 
Հնչում է Շուշիի օրհներգը Արցախի պետական երգչախմբի կատարմամբ  (գեղարվեստական ղեկավար՝ Նինա Գրիգորյան)։ Օրհներգի երաժշտությունը գրել է երգահան Ավետիս  Բերբերյանը՝ Նուշիկ Միքայելյանի տեքստի հիման վրա։ 
Բեմահարթակում հաղթական պար է ցուցադրում Արցախի պարի պետական  համույթը։  Իրար են հաջորդում հանրապետության լավագույն խմբերն ու կատարողները։ 
Սկսված ժողովրդական խաղերն իրենց մեջ ներառեցին Հայաստանի տարբեր մարզերից և Ջավախքից եկած երիտասարդներին։
Տոնակատարությանը մասնակցում էին երկու հայկական հանրապետությունների  նախագահներ Սերժ  Սարգսյանը, Բակո  Սահակյանը, Հայոց Վեհափառ Հայրապետը, Արցախի հոգևոր առաջնորդը, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրեր։  
Տոնախմբություն է հայոց հինավուրց Շուշիում՝ հայոց մեծերի ծննդավայրում։ 
Հայոց մեծերի Մեծ երազանքի սկիզբ և շարունակություն Շուշի...
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.