comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՅԹ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ
Logo
Print this page

ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՅԹ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

alt2011թ. ԼՂՀ տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոն, Շախմատի հանրապետական մանկապատանեկան դպրոցի մարզիչ Արթուր Բաբայանը մայիսի 7-ին Շուշիի քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է աննախադեպ միջոցառում` շախմատի մրցույթ ազատազրկման մեջ գտնվող անձանց համար: Միջոցառումը նվիրված էր Մայիսյան եռատոնին. կազմակերպիչը ցանկացել էր իմաստուն խաղին մասնակից անել այս կամ այն պատճառով ճաղերի հետևում հայտնված մարդկանց: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Արթուր ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս ծնվեց նման ինքնատիպ միջոցառում կազմակերպելու գաղափարը:
- Վաղուց ցանկանում էի հանրապետությունում նմանօրինակ միջոցառում անցկացնել: Մայիսյան Եռատոնը լավ հնարավորություն էր այն իրականություն դարձնելու համար: Անազատության դատապարտվածները նույնպես մեր հանրապետության քաղաքացիներն են, և նրանց առօրյայում ևս պետք է տոնական օրեր լինեն: Բացի այդ, նրանց համար այդ մրցույթը ևս մի առիթ դարձավ` լավ վարք ցուցաբերելու համար: Հաշվի էր առնված նաև այն հանգամանքը, որ շախմատը մեր հանրապետությունում վերջին տարիներին մեծ վերելք է ապրում, այս ուսումնական տարվանից շախմատի դասընթացներն ընդգրկված են հիմնական դպրոցների առարկաների շարքում: Ասեմ, որ նման միջոցառումները եվրոպական երկրներում  վաղուց ընդունված են և պարբերական բնույթ են կրում: Ռուսաստանում հայտնի են, օրինակ, աշխարհի եռակի չեմպիոն Անատոլի Կարպովի նման մարզական բարեգործական բազմաթիվ ձեռնարկումները: ՀՀ-ում ևս ժամանակ առ ժամանակ այդպիսի մրցույթներ են անցկացվում:
- Դժվար չէ՞ր Շուշիի բանտում նման միջոցառում իրականացնելը:
- Ես նախօրոք թույլտվություն  ստանալու նպատակով դիմել էի Կրթության և գիտության նախարարությանը: Նախարարությունը ոչ միայն թույլատրեց, այլև կազմակերպչական գործերում աջակցեց ինձ` մրցանականային տեղերի համար տրամադրելով  դիպլոմներ: Ուզում եմ հատուկ նշել ԿԳ աշխատակազմի ղեկավար Է. Գրիգորյանին: Հանդիպել եմ նաև ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, փոխգնդապետ Մ. Պողոսյանի, Շուշիի քրեակատարողական հիմնարկի պետ Հ. Իշխանյանի հետ, ովքեր ևս սիրով ընդառաջել են ինձ, ըմբռնումով մոտեցել մրցաշարի անցկացմանը, ինչի համար նրանց շնորհակալություն եմ ուզում հայտնել: Ազատազրկվածներին գրքեր են փոխանցել ՀՅԴ Արցախի երիտասարդական թևի ներկայացուցիչները: 100 նոր կտակարան է տրամադրել ՊԲ հոգևոր սպասավորների ընդհանուր պատասխանատու Սամվել սարկավագ Մկրտչյանը: Մրցույթի անցկացման համար մարզական գույքը տարամադրել էր շախմատի հանրապետակական դպրոցը: Իմ միջոցներով ես հաղթողների համար խորհրդանշական նվերներ էի պատրաստել, ինչպես նաև` առաջին տեղի համար փոխանցիկ գավաթ-մրցանակ:
- Ինչպե՞ս ընդունվեց մրցաշարի գաղափարը հենց իրենց` բանտարկյալների կողմից, և ի՞նչ արդյունքներ ունեցավ:
- Քանի որ առաջին անգամ էր նման միջոցառում կազմակերպվում, սկզբում զգուշավոր էին վերաբերվում, հետո հետզհետե բացվեցին: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով, արագ շախմատի կանոններով: Մասնակցում էր ՔԿՎ-ում  ազատազրկման մեջ գտնվող 24 անձ: Ասեմ, որ նրանց մեջ շատ ուժեղ խաղացողների հայտնաբերեցի: Առաջին տեղը գրավեց Ֆելիքս Հակոբյանը` 7 հնարավորից հավաքելով 6 միավոր: Նրան հանձնվեց գավաթ-մրցանակը: Երկրորդ տեղում Արթուր Շաֆերյանն էր, իսկ երրորդ` Ժորա Գրիգորյանը: Տարբեր խորհրդանշական նվերների  արժանացան մինչև 10-րդ տեղերում հայտնված խաղացողները:
- Մասնակցում էին միայն բա՞ց ռեժիմի տակ գտնվողները։
- Մասնակցում էին բոլոր նրանք, ովքեր նախօրօք ցանկություն էին հայտնել, կարծում եմ,  խտրականություն չի եղել:
- Ի՞նչ մտորումներով հրաժեշտ տվեցիք նրանց:
- Ես շատ գոհ եմ, որ ինձ օգնեցին այդ միջոցառումն իրականացնելու: Մրցույթն անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում։ Մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայում մրցակցի նկատմամբ առավելության հասնելու համար: Անչափ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են նրանք հետզհետե տարվում խաղով: Վստահ եմ, որ եթե հաճախակի լինեն նման ձեռնարկումները, նրանց առօրյայում շատ բան կփոխվի, ինչ-որ տեղ նաև` կյանքի հանդեպ նրանց մոտեցումը: Այնքան հասարակական կազմակերպություններ են գրանցված մեր հանրապետությունում, ցավոք, նրանց գործունեության մեջ նման ձեռնարկումները տեղ չունեն: Միջոցառման ավարտին բոլոր խաղացողները շնորհակալություն հայտնեցին նման հնարավորության համար: ՙՄենք կարծես մոռացել էինք, թե որտեղ ենք գտնվում՚,- ասում էին նրանք:
- Ապագայում և՞ս նման միջոցառումներ կլինեն:
- Ցանկություն ունեմ վերոհիշյալ ՔԿՀ-ում նմանօրիկ միջոցառում (կարելի է նույնիսկ ընդլայնել մարզաձևերի ցանկը) կազմակերպել ԼՂՀ հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին: Առաջին փորձը չձախողվեց, կարծում եմ, նման մարզական միջոցառումներ դեռ շատ կլինեն:
 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.