comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ԵՂԵԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ԵՂԵԼ

Tigranakert.jpgԱյդ են վկայում պեղումները
Հինգերորդ տարին է, ինչ Մարտակերտի շրջանի տարածքում գտնվող Տիգրանակերտ հնավայրում հնագիտական պեղումներ են  կատարվում  (ղեկավար՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյան)։ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչությանը կից  գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստում  Հ. Պետրոսյանն օրերս անդրադարձավ պեղումներին՝ իրազեկելով, որ 5 տարվա ընթացքում կատարվածն ամփոփող գիրքն արդեն պատրաստ է։ 
Համլետ Պետրոսյանը նշեց, որ պեղումները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն ակադեմիական շրջանակների, այլև պետական մարմինների, քաղաքական գործիչների և հասարակության համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ կարևոր  դերակատարություն ունեն նաև պատմամշակութային բնույթի փաստարկները։ Արցախի պատմականորեն հայկական տարածք լինելու և մինչև  18-րդ դարը գրեթե միատարր հայ բնակչություն ունենալու հանգամանքները կարևորվում են խնդրի  զանազան քննարկումներում, և հասարակությունը նորանոր եզրեր պետք է գտնի հաղորդակցվելու անցյալի մշակույթի հետ։ 
Անդրադառնալով  2010թ. պեղումներին, գիտնականը համառոտ ներկայացրեց Տիգրանակերտ քաղաքի պատկերը, տեղադրությունը։ 2010-2011թթ. արշավախումբը հյուսիսային  պարսպապատի պեղումներով է զբաղվել, բացել է երկրորդ կլոր աշտարակը, որը հնարավորություն է տալիս խոսել ակնհայտ օրինաչափությունների մասին. կլոր և ուղղանկյուն աշտարակներն իրար են հաջորդում, և հուշարձանը ներկայանում է իր ամբողջական տեսքով։ Ողջ  կառույցը հիմնված է ժայռերի վրա։ Անցած տարի գտնվել են սասանյան շրջանի կնքադրոշմ, անտիկ խեցեղեն։ Վերջին 2 տարվա կտրվածքով էական է անտիկ դամբարանադաշտերից մեկի հայտնաբերումը։ Արշավախմբին հաջողվել է ոչ միայն գտնել նոր անտիկ թաղամաս, այլև՝ նոր անտիկ դամբարանադաշտ։ Այս  տարի նախատեսվում է պեղումներ կատարել հենց այդ թաղամասում։ Անտիկ դամբարանադաշտերի փնտրտուքը շարունակվում է։
 Ամեն տարի 15 օր արշավախումբը զբաղվում է հետախուզական պեղումներով,  արդյունքում ահագին հուշարձաններ են հայտնաբերվում։ Այսօր Տիգրանակերտի հնագիտական  հետազոտությունն անհնար է պատկերացնել առանց 2010թ. թանգարանի բացման։ 
2011թ. պեղումներ են կատարվել 6 կետերում, որոնցից երկուսը՝ ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի և չորրորդ դարավանդի հենապատի միացման տեղում։ Շարունակվում են բազիլիկայի հյուսիսային և հարավային  պատերի պեղումները։ Անակնկալ էին աղբյուրի մոտ ծավալած  պեղումները, որոնք  երևան  հանեցին մի շատ հետաքրքիր ջրավազան։
2006-ին  հայտնաբերվել էր դարավանդի հենապատը։  Հայտնաբերվել են երեք այլ դարավանդներ ևս։  Որքան հնարավոր է՝  պաշտպանվում են միջնադարյան թոնիրները։ Հայտնաբերված ջրահեռացման բնական համակարգը բավականին  գործնական լուծումներ ունի։ 
Վարդգես Սաֆարյանը ղեկավարել է առաջին տեղամասի պեղումները։ Այստեղ հետաքրքիր օրինաչափություն է բացահայտել պարսպապատի շարվածքի շերտերի առումով։ 2011¬ին պեղվել է չորրորդ կնիքադրոշմը, որը վկայում է վաղ միջնադարում Տիգրանակերտի վարչական կենտրոն լինելու մասին։  Ընդհանրապես Տիգրանակերտում գտնված բոլոր կնիքադրոշմները և վաղ միջնադարի նյութերը  լրացուցիչ հետազոտման կարիք ունեն, որովհետև սրանք խոսում են  Տիգրանակերտի վարչական և տնտեսական կերպարի մասին։
Ըստ Հ. Պետրոսյանի, 14-րդ դարի շերտը Տիգրանակերտում շատ թույլ է ներկայացված, ավելի հիմնարար է խոսել մինչև 14-րդ դարը՝ նկատի ունենալով թաղամասի ուսումնասիրությունը։ Ամրացված թաղամասում  ակնհայտորեն երևակվում է շատ ինտենսիվ կյանք մինչև 14-րդ դարը։ 
2-րդ տեղամասում պեղումներ է իրականացրել Ինեսա Կարապետյանը՝ Արմավիրի արշավախմբի ղեկավարը։ Նրա կարծիքով, այս պատերն ավելի ուշ շրջանի են։ Ամբողջ  Տիգրանակերտը թեք լանջի վրա է, ու այս թեքությունը բնական չէ, այսինքն,  կառուցվել են դարավանդներ. քարերով քառանկյուն (3-4 շարք) ցանց են ստեղծել և լցրել  կավով, նորից ու նորից՝ և ամբողջ  դարավանդի կմախքն իրենից ներկայացնում է ոչ թե ուղղակի կավահող կամ  իրար կպած քարերի շարան, այլ՝ խորանարդներ, կազմված քարերից և միացված  կավով։
Հայտնաբերվել է խեցեղենային  նոր տիպի անոթ՝ հետաքրքիր շուրթով և զարդանախշով։ Հայտնաբերվել են անտիկ խեցեղենի մի քանի տեսակներ, որոնք հիմք են տալիս  խոսելու ներմուծվող արտադրանքի մասին։ Պեղվել է ցանկապատված բակ, ցանկապատերը շարված են եկեղեցու քարերից։  Գտնվել է  10-րդ դարի խաչքար։ Նույն այս բակում  հայտնաբերվել է հետաքրքիր մի սյուն, որը մտել է մի ուրիշ սյան մեջ, որը 5-6-րդ դարերի հզոր ճարտարապետական դետալ է։ Ամենահետաքրքիրն այն է, որ սյան կենտրոնական մասում անցքը լցված է մոխրով. գիտնականը զուգահեռ անցկացրեց Դվինի պեղումներից  հայտնաբերված ատրուշանի հետ։
12-13-րդ դդ. շերտում հաջողվել է պեղել 3 կմախք, երեքն էլ թաղված չեն։ Հ. Պետրոսյանը չշտապեց եզրակացություններ անել։ Հայտնաբերվել են թոնիրներ, երկրագործական  գործիքների մնացորդներ՝ սանդ, հացահատիկով լցված կճուճ,  գութանի խոփ։ 13-րդ դարի շերտում գտնվել է  արձանագրագիր բեկոր՝ դրված պատի մեջ։ 
Ամբողջ Արցախի տարածքում  վաղ արձանագրական ամենահարուստ նյութը տալիս են Տիգրանակերտը և նրա շրջակայքը։ 7 արձանագրակիր բեկորներ  ակնհայտորեն վերաբերում են 7-րդ դարի սկզբներին, բացառված չէ՝ մի քանիսը նաև 5-6-րդ դարերին։ Այս գյուտերը վկայում են, որ Արցախն աղվանական մշակույթի տարածք չէ։
Այսպիսով, 2011 թվականը խիստ  էական փուլ էր Տիգրանակերտի հետազոտության համար։ Այսօր հայկական վաղ քրիստոնեական տաճարները, ցավոք, ներկայացնում են միայն Տիգրանակերտի կառույցները։ 2012-ին կսկսվեն անտիկ  թաղամասի պեղումները,  թաղամաս, որը մշակութային մի քանի  շերտեր ունի։  Կձեռնարկվեն  բազիլիկ եկեղեցու հյուսիսային մասում գտնվող ենթադրյալ մեկ այլ կառույցի պեղումները։ Արշավախումբը կարիք ունի  տարածաշրջանի ուշ շրջանի ճարտարապետության մասնագետի։ Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ անցյալ  տարի արշավախմբում  էթնոբուսաբան է աշխատել՝  հայտնի մասնագետ, ով տվել է համապատասխան եզրակացություն քաղաքի պուրակի մասին, որտեղ եղել են թզենիներ և թթենիներ։ Պուրակը ձևավորվել է դարերի ընթացքում և Տիգրանակերտի պատմական միջավայրի բաղկացուցիչ մասն է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի  պուրակը չվնասվի։ 
 
 Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ