comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ
Logo
Print this page

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ

Հունիսի 1-ից մեկնարկում են ավարտական, պետական ավարտական, միասնական քննությունները: ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ է,  կազմակերպչական վերջին գործընթացներն  է իրականացնում: 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 21-22-ը  ԳԹԿ-ի կողմից փորձնական քննություններ են անցկացվել հանրապետության դպրոցների 9-րդ և 12-րդ դասարաններում, որոնց գլխավոր նպատակը կազմակերպչական աշխատանքների ստուգումն էր` մուտքից մինչև քննության ավարտ: 
Արդյունքները ցույց են տվել, որ դպրոցներում  լրջորեն են վերաբերվել  փորձնական քննություններին. տնօրեններն ավելի պատրաստ, վստահելի  մարդկանց են կցել` որպես կազմակերպիչ, թերություններ և խախտումներ  գրեթե չեն արձանագրվել: ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանի խոսքերով, լուրջ վերաբերմունք կա  գիտելիքի նկատմամբ:  Նշվեց, որ փորձնական քննությունների գնահատականները չեն մտցվում մատյան։ Նպատակը տեխնիկական հնարավորություններն  ստուգելն է, սակայն տնօրենները, ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները, ինչպես իրական քննությունների ժամանակ, շահագրգռված էին, որ լավ գնահատականներ դրվեն, երևան հանվի ռեալ պատկերը, որպեսզի ըստ այդմ պատրաստվեն քննություններին: ՙԻրական քննությունների ժամանակ արդյունքներն ավելի բարձր են լինելու՚,-համոզված է ԳԹԿ տնօրենը:  Կազմակերպչական մասի  առնչությամբ նա նույնպես իր գոհունակությունը հայտնեց։ Չի եղել քննական կենտրոն, որ կահավորված չլինի, եթե այնտեղ սովորում են անգամ սահմանափակ թվով աշակերտներ: Բայց  նախորդ տարիներին իրավիճակը փոքր-ինչ այլ էր։ ՙՄտնում էիր դպրոց և չէիր զգում, որ քննական կենտրոն է. ոչ նստարանի համարն էր գրված, ոչ թեստի,  տնօրենն էլ  պատճառաբանում էր, որ ընդամենը  մի քանի աշակերտ են, թեստերը միանգամից բաժանում են՚,- ասաց Յու. Քարամյանը` պարզաբանելով, որ  իրական քննությունները կենտրոնացվելու են, և փոքր դպրոցների երեխաները քննություն են հանձնելու ուրիշների հետ միասին։ Հետևաբար,  պետք է լավ տիրապետեն տեխնիկական նրբություններին: Բավական է սխալ  գրել նստարանի կամ թեստի  համարը` և սխալների շարքը մեխանիկորեն սկսվում է, որովհետև գրավորները ծածկագրված են, իսկ գնահատականները նշանակվում են ըստ համարների։: 
 ԳԹԿ տնօրենի խոսքով, փորձնական քննություններն անց են կացվել կազմակերպված, առանց լուրջ  խախտումների, միևնույն ժամանակ ի հայտ են բերվել որոշ թերություններ, որոնք ամփոփվել և  գրավոր ուղարկվել են բոլոր դպրոցները: Դրանք հիմնականում հետևյալ բնույթի էին. որոշ ուսումնական հաստատություններում քննական կենտրոնների ղեկավարները, քննության ընթացքի կազմակերպիչները նախօրոք չեն ուսումնասիրել աշխատակարգը, և քննության անցկացման գործընթացը կատարվել է թերություններով, կազմակերպիչները պատասխանների ձևաթղթում շրջանավարտի համարի փոխարեն նշել են նստարանի համարը, չի կատարվել աշակերտների վիճակահանություն խմբերը որոշելու համար և այլն: Ի դեպ, թերությունների մեծ մասը բաժին է ընկել փոքր դպրոցներին, իսկ մեծ դպրոցներում, որպիսիք մայրաքաղաքում են, թերություններ գրեթե չեն եղել:     
Փորձնական քննությունները փորձնական էին ոչ միայն աշակերտների, այլև կազմակերպիչների և հենց իր` ԳԹԿ-ի համար, ասում է Կենտրոնի տնօրենը։ Նպատակը հետևյալում էր.իմանալ, թե ինչ կարելի է փոխել կարգում, ինչ անել հնարավոր տեխնիկական սխալներ թույլ չտալու համար: Այդ առումով, համաձայնեցնելով ԿԳ նախարարի հետ, նպատակահարմար են գտել 9-րդ դասարանի ավարտական քննության ժամանակ թույլատրել գրառումները կատարել կապույտ և ոչ թե գելային գրչով (քանի որ աշխատանքները ստուգվելու են այստեղ` ԼՂՀ ԳԹԿ-ում), բայց միասնական  (բուհերի ընդունելության)  քննությունների ժամանակ պարտադիր են սև գելային գրիչները: 
Փոքր-ինչ պարզեցվել է աշակերտների գործը նաև պատասխանների ձևաթղթերի լրացման մասով: Սովորաբար թեստի վերջում կա  պատասխանների ձևաթուղթ, բայց աշակերտին  տրվում է նաև առանձին: Նա լրացնում էր երկուսն էլ: Հիմա թույլատրվում է թեստի վերջում եղած ձևաթուղթը չլրացնել, այն  օգտագործել որպես սևագրություն և լրացնել միայն առանձին տրվող պատասխանների ձևաթուղթը:
Այս օրերին ԳԹԿ աշխատակիցները սեմինար-խորհրդակցություններ են անցկացնում քննական կենտրոնների ղեկավարների, կազմակերպիչների, լիազորներ¬ներկայացուցիչների  և  առհասարակ քննություններում ընդգրկված բոլոր անձանց հետ` վերլուծելով փորձնական քննությունների արդյունքները: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.