comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՅԱՑՄԱՆ ՈՉ ԴՅՈՒՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅԱՑՄԱՆ ՈՉ ԴՅՈՒՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շարքում իր ուրույն ներդրումն է ունեցել ՙԿարին՚ ազգագրական երգի-պարի համույթը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան): Նախ, ասենք, որ ՙԿարին՚-ը պետք է հանդես գար մայիսի 8-ին Շուշիում կայանալիք` թատերականացված Արցախյան հարսանքում, ինչպես և մենահամերգով։ Նշենք նաև, որ հարսանեկան պարերի  բեմադրության գործում զգալի ներդրում ունի Գ. Գինոսյանը:
Ցավոք, հորդառատ անձրևի պատճառով այդ օրվա միջոցառումները մնացին թերի, իսկ  թատերականացված հարսանիքը տեղի չունեցավ: Բայց, հուրախություն շուշեցիների և հյուրերի`  միջոցառման սկզբում ՙԿարին՚-ի կատարած ազգագրական պարերն այնպիսի հաղթական տրամադրություն և ոգևորություն ներշնչեցին հանդիսատեսին, որ շատերը չդիմացան և մտան պարաշրջան: Նույնը կատարվեց նաև Ստեփանակերտում, երբ ՙԿարինն՚ այդ օրերին ՙօրինաչափություն՚ դարձած հորդառատ անձրևների միջև գոյացած ՙընդմիջումն՚ օգտագործեց և շախով-շուխով համերգ տվեց: 
Եվ իրոք, ՙԿարին՚-ի պարերը մի այնպիսի հմայք են առաջացնում, որ անհնար է անտարբեր մնալ, անհնար է չխորասուզվել ազգագրական այդ պարերի մոգական ուժի մեջ: ՙԿարինցիների՚ հուզմունքն արտահայտեց ղեկավարը՝ խոստովանելով, որ նրանք տարիներ շարունակ ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի վերածնեն մեր մշակույթը, որպեսզի այն պաշտպանեն բոլոր կողմերից մեր մշակութային դաշտը ներխուժող խառնիճաղանջությունից, և խորին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու խոստացավ ավելի հաճախ հանդիպել արցախցիների հետ:
Մեր թերթի եջերում բազմիցս գրել ենք ՙԿարին՚ համույթի անցած ճանապարհի, մեծ հաջողությունների մասին: Հիշեցնենք վերջինը.  2011թ. Իսպանիայի Բարսելոն քաղաքում կայացած ազգային պարերի միջազգային մրցույթ-փառատոնում համույթը գրավեց առաջին տեղը` արժանանալով ոսկե մեդալի: Որո՞նք են ՙԿարին՚-ի հաջողության գրավականները և ի՞նչ հեռանկարներ են ուրվագծվում համույթի առջև.այս և այլ հարցերի շուրջ է զրույցը Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ:
-Ինչպե՞ս ՙԿարին՚-ը հայտնվեց մայիսյան տոնախմբությունների հորձանուտում:
- Նախ, ասեմ, որ յուրաքանչյուր հայ մարդ կփափագեր այդ օրը լինել Արցախում: Որովհետև 20 տարի առաջ հայի ծռված մեջքն ուղղվեց, և հպարտությունը վերադարձվեց հայ ժողովրդին, իսկ ամենակարևորը՝  Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սյունիքի նժդեհյան հերոսամարտերից հետո Շուշիի ազատամարտը և հետագայում` ազատագրական մյուս մարտերը վերջնականապես մաքրեցին հայի ճակատին դաջված զոհի խարանը: 
Մենք ելույթ ունեցանք և՜ Շուշիում, և՜ Ստեփանակերտում: Այնպես որ, մեր մասնակցությունը պարզապես Արցախի ժողովրդի և իր հոբելյանները տոնող ողջ հայության հետ հոգեբանորեն միաձուլվելու և տրամադրությունը կիսելու արտահայտություն էր:
- Մենք մեր թերթի էջերում գրել ենք ձեր վերջին մեծ հաղթանակի մասին. ևս մեկ անգամ շնորհավորում ենք: Նման հաղթանակից հետո ի՞նչ հեռանկարներ են ուրվագծվում ՙԿարին՚-ի առջև: Հնարավո՞ր է խումբը ստանա պետականի կարգավիճակ, հետևաբար և` հովանավորություն ու աջակցություն: 
- Գիտեմ մի բան՝ ՙԿարին՚-ը այսքան տարի տքնաջան աշխատանքներ է տարել ոչ թե պետականի կարգավիճակ ստանալու համար: ՙԿարինն՚ ունի մեկ առաքելություն` փրկել անհետացող մշակութային նմուշները և վերադարձնել ժողովրդին
- Այս ուղղությունբ ի՞նչ նոր աշխատանքներ է կատարել խումբը:
- Վերջին մեկ տարվա ընթացքում նոր պարեր ենք ներկայացրել և վեր հանել բեմ: Եվ պիտի ասեմ, որ բեմ բարձրացնել պարը՝ դեռևս գործի կեսն է, ժամանակակից լեզվով ասած, դա պարի գովազդն է: Բեմ բարձրացնելուց հետո այն պետք է վերադարձնել ժողովրդին։ Տրամաբանական շարունակությունը կլինի այն, որ այդ պարերը դառնան ժողովրդի սեփականությունը: Այս առումով մենք 10-ից ավելի պարեր ենք փրկել: Տարվա ընթացքում ԱՄՆ դեսպանի ավանդական՝ Մշակույթի պահպանության հիմնադրամի աջակցությամբ մեկ տարի շարունակ Հայաստանի մարզերից (Արագածոտն, Գեղարքունիք, Արարատ, Շիրակ) հավաքել ենք նոր պարեր:
- Ստացվում է, ԱՄՆ-ի դեսպանատունը հայկական հին պարերը մոռացությունից վերակենդանացնելու համար աջակցությո՞ւն է ցուցաբերում։ Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը որևէ հարցում օգնո՞ւմ է:
- Այո, ֆինանսավորեց մեր հոբելյանական համերգը, որը կայացավ վերջերս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Իսկ պետականի կարգավիճակ ստանալը, կարծում եմ, շատ հնարավորություններ կբացի ՙԿարինի՚ առջև. բանահավաքչության, հետագայում` ազգագրական պետական խումբ ունենալու դեպքում նաև ազգագրության թատրոն և  դրան կից ստուդիա ստեղծելու համար: Մտահղացումները շատ են: 4-5 տարի առաջ նման թատրոնի գաղափարով առաջնորդվելով՝ բեմադրել ենք 3 ներկայացում, որոնք ներկայացվել են հայ հանդիսատեսի դատին:
- Մի քիչ դժվար է պատկերացնել զուտ ազգագրական թեմայով ներկայացում: Ի՞նչ ներկայացումներ են դրանք և ինչի՞ մասին:
- Առաջին ներկայացման անվանումը ՙՀայոց երգի հայրիկ՚-ն է, որը նվիրված է հայ երգի նվիրյալ` Հայրիկ Մուրադյանի հիշատակին: Ամբողջ սցենարը կազմված է նրա  հուշերից. ցեղասպանությունից ինչպես  են մազապուրծ փրկվել և Արևմտյան Հայաստանից, լինելով շատախցի, այդ երգերը բերել Արևելյան Հայաստան: Երկրորդը կոչվում է ՙԽնկահոտ երկիր՚, որը նույնպես ցեղասպանությունից մազապուրծ Ախալցխայում բնակություն հաստատած էրզրումցի պապ ու թոռի պատմությունն է: 
Երրորդ ներկայացումը կոչվում է ՙՎարք Հայոց՚, որի սցենարը գրվել էր Պարույր Սևակի ՙԵվ այր մի Մաշտոց՚ պոեմի ու Գարեգին Նժդեհի ՙՈրդիների պայքարը հայրերի դեմ՚ ստեղծագործության հիման վրա: Մեծ առումով` հայի կենսագրությունն է տրված (ով է հայը և որպես ազգ մշակութային ինչ հարստություն է ստեղծել, և այդ ամենը` ներկայացված պարերով, երգերով, ավանդածեսերով,  ավանդազրույցներով, ավանդախաղերով): Այսինքն, բեմադրության մեջ համեմված են ազգային ավանդական մշակույթի տարբեր ոլորտներ` և՜ բանավոր խոսք, և՜ նկարչական արդուզարդ, և՜ ժողովրդական խաղեր, և, հիմնականում` ազգային երգ ու պար: Այս երեք ներկայացումները խաղալուց հետո մենք 2-3 տարի ֆինանսների պակասի պատճառով չենք կարողացել շարունակել աշխատել այդ ուղղությամբ: Եղած-չեղածը ներդրեցինք Իսպանիա գնալու համար: Բայց այս տարվա ընթացքում կփորձենք բեմադրել ևս մեկ ներկայացում` ՙՂողանջ հարսանեկան՚-ը ըստ Պ. Սևակի ՙԱնլռելի զանգագատան՚ որոշ հատվածների հիման վրա պիտի ստեղծվի ու նվիրված է Մեծն Կոմիտասին:
- Ինչո՞ւ հենց ՙՂողանջ հարսանեկան՚-ի վրա  հիմնված:
- Գրքի հենց այդ մասում նկարագրվում է, թե ինչպես հարսանիքներում Կոմիտասը թաքուն մի տեղ նստած գրի է առնում այդ երգերն ու պարերը: Ըստ էության, հարսանեկան այդ ծեսի մեջ նաև Կոմիտասի առաքելությունն է արտացոլվելու, նաև այդ պրիզմայով վարպետի կենսագրությունն է ներկայացվելու: Այս առումով ներկայացումը պիտի նվիրված լիներ Կոմիտասի ծնդյան 140-ամյակին, բայց մենք չկարողացանք այն իրականացնել ֆինանսական սուղ միջոցների պատճառով։ Հույսով եմ, այսուհետ մեզ դա կհաջողվի:
- Արտերկիր որևէ փառատոնի, մրցույթի մասնակցելու մտադրություն կամ հրավեր ունե՞ք:
- Մրցույթի կամ փառատոնի ոչ թե հրավեր կամ մտադրություն, այլ  մասնակցելու հնարավորություն չունենք, բայց Սփյուռքի մի քանի համայնքներից հրավեր ունենք: Հոկտեմբերին հրավիրված ենք Գերմանիա՝ Հայ մշակութային օրերին մասնակցելու, իսկ հաջորդ տարվա փետրվարին ԱՄՆ կմեկնենք` հյուրախաղերի:
- Դուք նշեցիք, որ ՙԿարին՚-ի առաքելությունը ոչ միայն մոռացված ազգային պարը բեմ բարձրացնելն է, այլ այն ժողովրդի սեփականությունը դարձնելը: Ի՞նչ հաջողությունների է հասել ՙԿարին՚-ը այս գործունեության մեջ: 
- Ոչինչ և միանգամից ինքն իրեն չի ստացվում: 7-րդ տարին է՝ նման միջոցառումներ ենք անցկացնում: Սկսեցինք Երևանում, Նարեկացի արվեստի միության փոքրիկ սրահում, որտեղ ընդհամենը 50 մարդ էր հավաքվում, նրանց սովորեցնում էինք ազգային ավանդական պարեր: Հետո կամաց-կամաց այդ դահլիճն սկսեց չտեղավորել բոլոր ցանկացողներին, և մենք արդեն 3 տարի է, ինչ Կասկադում` Գաֆեսչյան հիմնադրամի տարածքում կազմակերպում ենք բաց  դասեր յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը։ Ներկա են լինում շուրջ 500 և ավելի հայեր ու օտարերկրացիներ, հատկապես  երիտասարդներ, ինչը մեզ մեծ լիցք է տալիս։ Արդեն երեք տարի մենք փորձ ենք անում դուրս գալ Երևանից. հասել ենք մինչև անգամ Քաշաթաղի շրջանի գյուղերը, Տիգրանակերտում ենք կազմակերպել պարուսուցման դասեր, եղել ենք Թեհրանում, ԱՄՆ¬ում: Վերջերս համերգներից հետո ուսուցման դասեր ենք կազմակերպում, որոնք մեծ խանդավառությամբ են ընդունվում հայ համայնքների կողմից:
- Դուք ասացիք, որ ավելի հաճախ Արցախ համերգներով կգաք: Կա՞ պայմանավորվածություն պաշտոնական մակարդակով:
- ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ լուրջ համագործակցության ծրագրեր կան. պարբերաբար փորձ է արվում ավելի հաճախակի Արցախում կազմակերպել նման միջոցառումներ: Կարծում եմ, գնալով, այդ համագործակցությունն էլ ավելի է ընդլայնվում, և ՙՄենք ենք, մեր սարերը՚ ազգագրական համույթն ու ՙԿարին՚-ը համատեղ ծրագրերով ավելի հաճախ հանդես կգանք Արցախում, ավելի մասսայականացված ձևով:
- Այս հրաշալի օրը ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:
- Ունենք հզոր բանակ, կուզենայի միշտ էլ ունենանք անպարտելի բանակ: Կուզենայի, որ բանակում գաղափարական լուրջ փոփոխություններ կատարվեն, որոհետև անգաղափար բանակը երկար ժամանակ դիմակայել չի կարող: Եվ մենք եթե հաղթել ենք Արցախյան ազատամարտում, միայն մի քանի նվիրյալների` Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի, Վլադիմիր Բալայանի, Թաթուլ Կրպեյանի, Սիմոն Աչիգյոզյանի և այլ ազատամարտիկների գաղափարախոսության շնորհիվ: Դա ոչ թե ընդհանուրի, այլ ընդհանուրին տրված մի քանի հոգու կողմից գաղափարախոսության հաղթանակն է: Այսինքն՝ մի քանիսը կարողացան ՙմերան՚ դառնալ ընդհանուր ազգային գաղափարախոսության մեջ և հաղթանակի բերել: Ուզում եմ Գարեգին Նժդեհի բառերով ավարտել խոսքս. ՙՄուրճի, վրձնի և գրչի բացթողումները սրբագրվում են արյունով՚: