comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ԱԺ ԳԱՎԱԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԺ ԳԱՎԱԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

gavat_1.jpgՄայիսի 17-18-ը մայրաքաղաքի Ստ. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի հերթական խաղարկությունը՝ Ստեփանակերտի ու շրջանների՝ միջդպրոցական մրցություններում հաղթող ճանաչված թիմերի մասնակցությամբ։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Սլավա Ասրյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ծնողներ։ 
Մրցությունները նպատակ ունեն մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը, ապահովել համակողմանի ներդաշնակ դաստիարակություն, դպրոցականների կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, դաստիարակել հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդություն։ 
ԼՂՀ ԱԺ գավաթի խաղարկությունը 2011-2012թթ. ուսումնական տարվա ընթացքում անց է կացվել երեք փուլով։ Առաջին փուլում տեղի են ունեցել միջդասարանային մրցումներ,  2-րդ փուլում՝ շրջանի (քաղաքի) առաջնության մրցումներ, իսկ արդեն 3-րդ՝   հանրապետական փուլի մրցություններին մասնակցեցին շրջանային (քաղաքային) առաջնություններում հաղթած 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանները, թվով չորսական աշակերտ (2 տղա, 2 աղջիկ), մեկ ֆիզկուլտուրայի ուսուցիչ և մեկ դասղեկ կամ դասվար։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով մարզիկներին անցած Եռատոնի և ԱԺ գավաթի խաղարկության առթիվ, նշեց, որ այս միջոցառումը նույնպես համալրում է մայիսյան տոների միջոցառումների շարքը։ ՙՄինչ հանրապետական մրցումները դուք ամեն մեկդ ձեր շրջանում, քաղաքում ապացուցել եք, որ լավագույնն եք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ձեզ հետ պարապում են, որպեսզի ոչ միայն մասնակցեք մարզական միջոցառումներին, այլև դառնաք մեր պետության համար արժանի քաղաքացիներ, իսկ ծնողների համար՝ լավ զավակներ։ Կարծում եմ, որ ԱԺ գավաթի խաղարկության այս ավանդույթը տարեցտարի շարունակելով՝ ձեզ հնարավորություն կտրվի էլ ավելի լիարժեք դրսևորել ձեր ստացած գիտելիքները, կարողությունները, հմտությունները՚,- ասաց Ա. Ղուլյանը։ 
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Արթուր Աթանեսյանը, գլխավոր քարտուղարը՝ Մուրադ Շահրամանյանը։ Խաղարկությանը մասնակցեցին 7 թիմեր Ստեփանակերտից և հանրապետության 6 շրջաններից, բացի Քաշաթաղից։ Ստեփանակերտ քաղաքից մասնակցեցին Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական և Հովհ. Թումանյանի անվան հ. 9, Ասկերանի Է. Բարսեղյանի անվան հոսքային միջնակարգ, Մարտունու շրջանի Սոս գյուղի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ և Ճարտար գյուղի Ազատամարտիկների անվան հ. 1 հոսքային միջնակարգ, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Արմենակ Խանփերյանցի անվան միջնակարգ, Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական և Մուրացանի անվան ավագ, Մարտակերտի Վ. Բալայանի անվան հ. 1 և Քարվաճառի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։ Դրանք հանրապետական փուլի հաղթող դասարաններն են։ 
Մրցումների ծրագրում ընդգրկված էին վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ տեղից, ձգումներ,  փոխանցումավազք։ 
Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցի ֆիզղեկ Ղարիբ Ահարոնյանի խոսքերով՝  երեխաները շուրջ մեկ ամիս է, ինչ մեծ ուրախությամբ ու եռանդով պատրաստվում են այս մրցաշարին։ Նրանք մեր ապագա հայրենյաց պաշտպաններն են ու պետք է ձգտենք, որ մեր մատաղ սերունդը լինի հոգեպես առողջ, ֆիզիկապես կոփված։ 
Առաջին փուլում հաղթող 3-6-րդ դասարանների աշակերտները պարգևատրվել էին դպրոցների տնօրենների կողմից։  2-րդ փուլում 3-6-րդ դասարանների մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված աշակերտները պարգևատրվել էին շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) հավաստագրերով և  ԱԺ պատգամավորների կողմից սահմանված մրցանակներով։ 
Մայիսի 18-ին արդեն 3-րդ փուլում թիմային մրցաշարում 1-ին տեղը գրավեց Հադրութի շրջանի Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի թիմը, որը պարգևատրվեց ԼՂՀ ԱԺ փոխանցիկ գավաթով, վկայագրով, առաջին կարգի դիպլոմով, թանկարժեք նվերով։ 2-րդ տեղը զբաղեցրեց Շուշիի Մուրացանի անվան դպրոցը, իսկ 3-րդ տեղը՝  Ստեփանակերտի հ. 1 հիմնական դպրոցի թիմը։ 
Հաղթող թիմերը ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվեցին դիպլոմներով, արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով, հաղթող դասարանները՝ նույնպես պատվոգրերով և դրամական պարգևներով (5-հազարական, 7-հազարական և 10-հազարական դրամ)։ Դասարանների միջև մրցապայքարում 3-5-րդ դասարանների միջև 1-ին տեղը կրկին գրավեցին Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի աշակերտները, բացի 6-րդ դասարանների միջև մրցությունից, որտեղ առաջին տեղը զբաղեցրեց Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոցը։ Յուրաքանչյուր դասարանի երեք լավագույն աշակերտներ պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական պարգևներով։ Նախարարության կողմից խրախուսվեցին նաև հաղթող դասարանների ուսուցիչները։ 
Եզրափակիչ փուլի յուրաքանչյուր դասարանի լավագույն աշակերտները պարգևատրվեցին նաև ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի կողմից սահմանված պատվոգրերով և դրամական պարգևներով։
 ԼՂՀ ԱԺ փոխանցիկ գավաթի խաղարկությունում հաղթած թիմը 2012թ. հունիսին կմասնակցի  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին։  Մեծ թաղերի թիմի ֆիզղեկ Ռոբերտ Ավետիսյանի խոսքերով՝ իրենք պարտավորված են էլ ավելի լավ պարապել և ՀՀ մայրաքաղաքում ևս ապահովել լավագույն արդյունքներ։
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ