Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳԻՐԸ

Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ՄԻԼՈՆՅԱՆԻ

 ՎեՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ. բանագետ, բանահավաք, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։ 1955 թ.-ից արևմտահայի արյան կանչով և անձնական նախաձեռնությամբ սկսել է գրի առնել և  կորստից փրկել Արևմտահայաստանից, Կիլիկիայից և Անատոլիայից բռնագաղթած, աշխարհի տարբեր երկրներ տարագրված, ապա՝ Հայաստան ներգաղթած արևմտահայերի հաղորդած տարաբնույթ բանահյուսական նշխարները, ինչպես նաև ցեղասպանությունից վերապրածների հուշ-վկայություններն ու պատմական բնույթի երգերը։ 60 տարիների նրա ուսումնասիրություններն ամփոփված են 26 գրքում։ Սկսած 1975 թվականից՝  իր գիտական վաստակի համար արժանացել է բազմաթիվ պարգևների, մեդալների և կոչումների։ 2008-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտը նրան շնորհել է <<21-րդ դարի մեծագույն միտք>> տիտղոս և հուշամեդալ՝ հայ մշակույթն աշխարհին ներկայացնող իր աշխատությունների համար։

Մեր զրույցի առանցքը բանահավաք-գիտնականի գործունեությունն է։                                                                                           

 

-Տ. Սվազլյան, ինչպե՞ս սկսեցիք ձեր հավաքչական գործունեությունը, դա արյա՞ն պարտադրանք էր, թե՞ աշխատանքի բերումով եղավ։   

- Ակունքում հայրս էր։ Երբ եկանք Հայաստան, ես 13 տարեկան էի և դպրոց էի հաճախում։ Մի քանի ամիս հետո հայրս մահացավ։ Մեր վեցհոգանոց ընտանիքը մնացել էր առանց կերակրողի, ճիշտ է, թոշակ էին նշանակել, Գրողների միությունը Ավ. Իսահակյանի գլխավորությամբ սատար կանգնեց, բայց ես վաղ տարիքից ստիպված էի աշխատել։ Ազգային գրադարանում համարյա բեռնակրի աշխատանք էի անում, նկուղից մինչև չորրորդ հարկ գրքերը շալակած կամ թերթերի տրցակները գրկած բարձրացնում էի։ Զուգահեռ սովորեցի, ավարտեցի գերազանց դիպլոմով, բայց ես դժգոհ էի ինձանից, որովհետև հայրս ինձ պատգամել էր իմ աշխատանքով պատիվ բերել ծնողքիս ու հայրենիքիս։                                                                                                                                         

… Օգոստոսի 16-ն էր, շոգ գիշեր, չեմ կարողանում քնել, մտածում եմ՝ ի՞նչ պետք է անեմ։ Այ, եթե ես կարողանայի մեր զավթված երկրի, որը հիմա ամայացած է, բանավոր ավանդույթը ի մի բերել և վերադարձնել ժողովրդին, դա կլիներ գործ։ Եվ հանկարծ հիշեցի. երբ 47 թվականին մենք գալիս էինք հայրենիք, Բեյրութից մեզ միացան Լաթաքիայից եկած ուղևորներ՝ գունավոր տարազներով՝ հայկական, քրդական, ոսկիներ կախած կանայք, մարդիկ, որոնք խոսում էին անհասկանալի ինչ-որ լեզվով, բարբառով։ Հորս ձեռքիցս բռնած շրջում էինք նավի մեջ, ասաց. <<Տե°ս, աղջիկս, նրանք անապատականների մոտ պահված, մի կերպ փրկված մարդիկ են, որոնք հայերեն չգիտեն, քրդերեն կամ արաբերեն են խոսում, բայց  իրենց երեխաներին տանում են հայրենիք, որպեսզի գոնե նրանք հայ մեծանան>>։ Այդ տպավորությունները անջնջելի էին մնացել իմ մեջ, և ես մտածեցի փնտրել-գտնել նրանց, չէ՞ որ դեռ շատ ժամանակ չի անցել, դեռ թարմ են հիշողությունները իրենց պատմական հայրենիքի, անցյալի, ցեղասպանության դրվագների մասին, նաև գրի առնել իրենց բարբառը, բանահյուսությունը, երգերը, հեքիաթները, առած-ասացվածքները և այլն։ Հաջորդ առավոտյան ես արդեն Երևանի Նոր Մալաթիա թաղամասում էի, շուկայի մոտ փոքրիկ դեղատուն կար, որտեղ հայրենադարձ էր աշխատում՝ պարոն Լորիսը։ Հարցրեցի, թե այստեղ ամենադժվար բարբառով ովքեր են խոսում, նա նշեց մուսալեռցիներին, և ես հիշեցի հորս պատմածները նրանց հերոսամարտի մասին։ Նա ինձ բացատրեց, թե ինչպես կարող եմ գտնել նրանց, և ես ծեծեցի առաջին դուռը։ Դուռը չեն բացում, քիչ են բացում, Ստալինը նոր էր մահացել, մարդկանց մոտ այդ տարիների վախը, դողը կար, մանավանդ, ցեղասպանության մասին խոսելն այնքան էլ չէր խրախուսվում։ Նրանք ինձ տեսան թղթով-մատիտով. տեխնիկա չկար այն ժամանակ, վախեցան։ Դուռը փոքր-ինչ բացում էին, հարցնում՝ ո՞վ եմ, ի՞նչ եմ ուզում, ես էլ իրենց բարբառով պատասխանում էի, որ գիրք պիտի գրեմ։ Ես բարբառագիտության հրաշալի դասախոս եմ ունեցել՝ Արարատ Ղարիբյանը և լավ տիրապետում եմ մեր բարբառներին։ Իմ բոլոր 26 գրքերը բարբառագիտական, լեզվաբանական արժեք ունեն, և ես կարող եմ հպարտ լինել նաև դրանով, որ ոչ միայն բանահյուսությունն է փրկվել, այլև բարբառները։ Գյուղից-գյուղ, թաղից-թաղ ոտքով շրջելով, ամռան արևին, շոգին, ձմեռվա բուքին, սառնամանիքին, դժվարությամբ ժողովել եմ այդ վկայությունները, քանի որ ամենամեծ վկան ինքը՝ ժողովուրդն է, որը, ցավագին տառապանքով վերապրելով, պատմել ու դեռ շարունակում է պատմել՝ վկայելով իր ողբերգական անցյալը։ Դա հայ ժողովրդի անցյալն է, նրա պատմությունը, նրա պատմական հավաքական հիշողությունը, որը պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկության արդար դատին։

 -Ասացիք՝ փրկվածներից շատերը դժվարությամբ էին համաձայնում խոսել։ Ինչպե՞ս  էիք կարողանում համոզել նրանց։                                                                                                                       

-Չէին ուզում, որովհետև հիշում էին իրենց տուժած հարազատներին, թե ինչպես նրանց սպանեցին իրենց աչքերի առաջ։ Առանց հուզմունքի, առանց լացի չէր լինում, ես էլ նրանց հետ տառապում ու վերապրում էի այդ ամենը։ Մի անգամ դուստրս՝ Քնարիկը, իր գործերով գնացել էր մի տուն, որտեղ հանդիպել էր տարիքով մի կնոջ։ Իմանալով, որ նա Խարբերդից է, ասել էր. <<Մայրիկս կուզենար ձեզ հետ զրուցել>>։ Կինը կտրականպես մերժել էր։ Երբ աղջիկս ինձ ասաց այդ մասին, ես որոշեցի անպայման հանդիպել նրան։ Գնացինք, լաց եղավ, հուզվեց, բայց երկար ժամանակ ոչ մի բառ չասաց։ Ես մոտեցա,  գրկեցի նրա ուսը և ասացի, որ իմ հայրն էլ է վերապրածներից, որ Զմուռնիայից մազապուրծ հասել է Եգիպտոս։ Հետո դերզորյան երգերից սկսեցի թուրքերեն երգել.

<<Դեր Զոր կոչվածն էր մի մեծ տեղավայր, // Մորթված հայերին էլ հաշիվ չկար,

Օսմանցի պետերը մսագործ դարձան, // Հայերն են զոհվում հավատքի համար>>։

Երբ երգեցի, զարմացավ։ Ասացի, որ ես էլ հայրենադարձ եմ, երևի արյունը խոսեց նրա մեջ, և բացվեց, սկսեց պատմել, իմ գրքի մեջ նկարն էլ կա, իր վկայությունն էլ։ Եղել են նաև այնպիսիք, որոնք  իրենց հիշողություններից խելագարվել են, մինչև մահ կոտորածի սարսափն ու մղձավանջը հանգիստ չթողեցին նրանց։ Ամենուրեք հալածյալի ու հետապնդվողի վախն էր նրանց սրտում։ Ինձ հաջողվել է գրի առնել նաև Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հաղորդած պատմական բնույթի երգերն ու վիպերգերը, որոնք նույնպես ժողովրդի պատմական հիշողության անբաժան մասն են կազմում։ Դրանք գեղարվեստորեն վերարտադրում են տվյալ ժամանակաշրջանի հասարակական կյանքի բազմազան երևույթները՝ համիդյան ջարդերը, երիտթուրքերի կառավարության կազմակերպած զորահավաքն ու զինահավաքը, տեղահանություններն ու կոտորածները, նաև բողոքի ու պահանջատիրության խրոխտ տրամադրություններ։ Հատկանշական է, որ այդ երգերը հորինվել են ոչ միայն հայերեն, այլև թուրքերեն, քանի որ Օսմանյան կայսրության որոշ գավառներում հայերեն խոսելն արգելված էր։ Իմ գրառած ժողովրդական հուշերում բազմաթիվ վկայություններ կան, որ Սիսի, Ադանայի, Տարսոնի, Այնթապի, Քյոթահիայի, Բուրսայի, Կեսարիայի և այլ վայրերի հայերը հիմնականում թրքախոս էին։ Այդ վկայություններից յուրաքանչյուրն ապտակ է թուրքերին։ 

-Միայն հայերի՞ց եք նյութեր հավաքագրել։

-Գրքիս մեջ տեղադրել եմ նաև հինգ արաբի վկայություններ, որոնք իրենց նյութերն ուղարկել էին Ցեղասպանության թանգարանին։

- Դուք այդ հուշերը հավաքել եք նաև Հայաստանից դո՞ւրս…                                                             

-Իհարկե, և ոչ միայն Պոլսում կամ Թուրքիայում, նաև Հունաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Կանադայում, Ամերիկայում… Որտեղ եղել եմ գիտաժողովի հանգամանքով, իսկ Ամերիկայում չորս անգամ եմ եղել, ահագին նյութեր ունեմ հավաքած։ Նույնիսկ Լուվրի դահլիճում, Մոնա Լիզայի ցուցասրահում ես գրի եմ առել ամերիկացի ծեր զույգի հուշերը։                - Ձեր երեք  գրքերի թուրքերեն հրատարակությանն ովքե՞ր են աջակցում։

- Թուրք այլախոհ գրող Րագըփ Զարաքոլուին եմ պարտական թուրքերեն երրորդ գրքիս հրատարակության համար։ Նա <<Բիլգե>> հրատարակչության տնօրենն է, Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան 40 օր>>-ն է հրատարակել, որի ամբողջ տպաքանակը այրել են, նույնիսկ մի քանի անգամ բանտ են նստեցրել։ Թուրքիայում լույս տեսած իմ նախորդ երկու գրքերի մասին ասում էին, որ թուրք երիտասարդությունը դրանք տաք հացի նման տանում է, որովհետև նրանց շրջանում տեղեկատվական սով է կամ ապատեղեկատվություն։ Իսկ այս գիրքն այնքան փաստագրական է և այնքան ճշմարտապատում, որ ցեղասպանության ժամանակ իրար կորցրած հարազատները, իմ գրքերը կարդալով, իրար գտնում էին։ Երբ թուրքերեն տարբերակը լույս տեսավ, Զարաքոլուն մեկ օրով եկավ Երևան, գրքի ազդօրինակն էր բերել, շատ հապճեպ շնորհանդես արեցինք։ Վերջում ասաց. <<Այս գիրքը ոչ միայն հայ ժողովրդի պատմությունն է, այլ նաև մեր ժողովրդի պատմությունն է. այստեղ մեր երիտասարդությունը, մեր ժողովուրդը պիտի տեսնի իր անցյալը, այն պիտի բացի մեր ժողովրդի աչքերը, որ նա առերեսվի իր պատմությանն ու անցյալին։ Մինչև հիմա Վերժինե Սվազլյանի լույս տեսած գրքերը պատվանդանն են, իսկ այս կոթողային գիրքը կլինի հուշարձանը, որը տեսանելի կլինի ամբողջ աշխարհին>>։