comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆՃԱՐՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆՃԱՐՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒՆ

 altՄիջնադարյան հայ քնարերգության ամենաշողշողուն աստղը  Սայաթ¬Նովան է, ով պատկանում է գրականության և արվեստի այն բացառիկ դեմքերի շարքին, որոնց  ստեղծագործական ժառանգությունը հաջող քննություն է հանձնում ամենամեծ քննադատին՝ ժամանակին, և իրենք էլ, որքան հեռանում են դարերի խորքը, այնքան բյուրեղանում, պայծառանում են,  դառնում գալիք սերունդների սիրելին։

Սայաթ¬Նովան  իր բանաստեղծական հանճարի ուժով աշուղական-ժողովրդական արվեստը հասցրեց համաշխարհային պոեզիայի բարձրագույն աստիճանին։ Ժամանակակիցների վկայությամբ՝ Սայաթ¬Նովան  բանաստեղծություններ  գրելուց  բացի, արհեստավարժ երգահան էր, անզուգական նվագող և գերող ձայնով օժտված երգիչ։

Թեմատիկ առումով Սայաթ-Նովան ստեղծագործել է խոհախրատական, սոցիալական, փիլիսոփայական և սիրային թեմաներով։ Միջնադարյան մեր մյուս բանաստեղծների նման,  հավատարիմ մնալով հասարակական իդեալին, Սայաթ-Նովան դատապարտել է շահասիրությունը, ՙմալ ու դովլաթ՚ կուտակելու մոլուցքը, խրատել է ապրել սրբակենցաղ վարքով, աստված ու հոգի, վանք ու անապատ,  գիր ու ղալամ սիրել, դավթար սիրել, հետևել տիրոջ պատվիրաններին, օգնել աղքատներին ու օտարականներին, լինել հյուրասեր ու բարյացակամ։ Ինչպես բոլոր աշուղները, Սայաթ-Նովան սիրերգել ու խրատաբանել է՝ օգտագործելով  աշուղական բանարվեստն ու երաժշտությունը։ 

Իրականության մեջ, որտեղ  խախտվում են մարդկային բարոյականության նորմերը, բարոյալքվում է հասարակությունը, փակվում է ճշմարտության ճանապարհը։ Թագավորը դառնում է անարդար, իշխանը՝ անմարդասեր ու տիրադավ, հոգևորականը՝ անսուրբ, առևտրականը՝ խարդախ։ Նա խարազանել է չար ու նենգ, գոռոզ և ՙփքված՚ մարդկանց.

Մարդ կա, որ սարի նման փքված է,

Քամին փչի, կցնդի ալյուրի պես,

Մարդ էլ կա՝ անձրևորդից է խրտնում,

Բայց վիշապի մասին 

հեքիաթ է պատմում։

Սայաթ¬Նովայի համոզմամբ, մարդը ճանաչվում ու գնահատվում է ոչ թե իր ծագմամբ, այլ իր խոսքով և վարմունքով։ Մեծ մարդասեր ու մարդերգու է Սայաթ-Նովան։ Նրա մարդասիրությունն առավել վառ արտահայտություն է գտել ստեղծագործության լավագույն մասը կազմող սիրերգության մեջ։ Թումանյանի խոսքերով ասած՝ այդ ՙհոյակապ սիրահարը՝ բռնված ու բռնկած սիրո հրդեհով՚, սիրո լույսի տակ է տեսնում մարդուն ու աշխարհը։ 

Սայաթ-Նովան սերունդներին թողել է իր վսեմ ու թանկագին սիրո երգը, սեր, որ դուրս է գալիս իր սովորական ակունքից և, հոսելով իբրև մի ոսկե վտակ, մեզ է հասնում իր ջինջ, մաքուր կոհակներով ու քաղցրալուր կարկաչներով։ Դրանով է Սայաթ-Նովան  բարձրանում իր դարից ու ժամանակից, դրանով է նա ճեղքում ազգային սահմանները և ձեռք մեկնում աշխարհի հանճարներին։ Նրա սիրերգությունը, որին  հատուկ են հոգեբանական խորությունը, հուզական մեծ լարվածությունը, անկեղծությունը և անմիջականությունը, բազմադարյան ամբողջ հայ պոեզիայի ամենափայլուն  հայտնագործություններից  է։ Դրանք հնչում են որպես ներբող հավիտենական գեղեցկությանը և գեղեցիկին։ Նա ոչ միայն հպարտ ու զորեղ է իր սիրով, այլև՝ անսահման երջանիկ։ Կարևոր չէ, որ այդ սերը մերժված է, որ դա անպատասխան ու ողբերգական է, բանաստեղծը երջանիկ է արդեն իր իսկ զգացմունքով, դրա տառապանքներով։ Նրա պատկերած կինը որքան էլ աստվածության ու կատարելության կնիք է կրում, այնուհանդերձ, չի վերածվում ինչ-որ վերացականության. դա իրական ու կենդանի մարդն է՝ իր արտաքին գեղեցկությամբ, որպես բնության զարդն ու գլուխգործոցը։ Սիրուց  խենթացած բանաստեղծի տողերը դարձել են թևավոր խոսքեր.

Դուն կըրակ, հաքածտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ...

Սայաթ¬Նովայի սերը, տառապանքն ու հումանիստական  գաղափարները զուրկ կլինեին հուզական ներգործության ուժից, եթե աշուղ բանաստեղծն ըստ ամենայնի չտիրապետեր իր արվեստի գլխավոր ՙգործիքին՚՝ գեղարվեստական խոսքին։ Այն, որ Սայաթ-Նովայի բանարվեստը հարուստ է, և նա խոսքի մեծ վարպետ է, ապացուցում է հայտնի գրականագետ  Մորուս Հասրաթյանի հետևյալ պատմությունը։ Երբ մի օր բաս-մրցավեճ պետք է լիներ, առավոտյան Սայաթ-Նովան հանդիպում է անծանոթ աշուղին, որը նրան սկսում է հարցուփորձ անել համբավավոր Սայաթ-Նովայի մասին, բայց վերջինս թոթվում է ուսերը և նրան ՙանմեղորեն՚ պատասխանում՝ չգիտեմ, չեմ ճանաչում։ Իսկ երբ անծանոթը վստահ ասում է, որ նրան կհաղթի, համեստորեն պատասխանում է՝ չեմ հավատում։ Այս երկիմաստ խոսակցությունից հետո, երբ աշուղը տեսնում է իր առաջ նստած բաս-մրցավեճի դուրս եկած Սայաթ-Նովային, զարմանում է, բայց չի հասցնում որևէ բան ասել։ Մրցությունից հետո, երբ, ըստ կարգի, անծանոթ աշուղն իր թանկարժեք սազը նվիրում է Սայաթ-Նովային, հարցնում է, թե ինչու է իրեն բացասական պատասխաններ տվել։ Սայաթ-Նովան իսկական իմաստասերի նման պատասխանում է, որ աշուղն իրեն սխալ է հասկացել...

Սայաթ-Նովայի բանաստեղծական վարպետությունը դրսևորվել է նախ նրա  գործածած պատկերավորման և արտահայտչական միջոցների ու հնարանքների մեջ։ Դրանք, բխելով ժողովրդագուսանական բանարվեստից և միջնադարյան տաղերգությունից, անցել են երգչի խոր անհատականության միջով՝ հաճախ ձեռք բերելով առանձնահատուկ գույն ու երանգ։

Նրա ստեղծագործություններում կան մեծ սեր ու տառապանք,  փիլիսոփայական   և մարդասիրական բարձր գաղափարներ՝ արտահայտված բանաստեղծական գեղեցիկ ու ինքնատիպ ձևերի մեջ, կամ Հովհ. Թումանյանի խոսքերով ասած՝ ՙԳեղեցիկ ձևի մեջ մի մշտավառ հոգի, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ՚. այս է ահա  Սայաթ-Նովայի գեղարվեստական մեծությունը։ 

 

Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 

Բանասիրական  գիտությունների  թեկնածու