[ARM]     [RUS]     [ENG]

ՌԱԴԻՈՆ` ՄԻՇՏ ՀԻՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆ

 Անի Մանգասարյան

 Հարցազրույց Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի հետ

 

-Ձեր կարծիքովինչպիսի՞ առանձնահատկություն և դերակատարություն ունի կամ պետք է ունենա ռադիոն,  մասնավորապես՝  արցախյան լրատվադաշտում:

 

-Ռադիոյի առանձնահատկությունները բովանդակվում են, ամենից առաջ,  տեղեկատվական  օպերատիվության մեջ: Եթե այն արագ ու ճիշտ ժամանակին չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դադարում է իր առաքելության կարևոր դերակատարը լինելուց: Միևնույն ժամանակ, ռադիոն վստահելի զրուցընկեր է, խորհրդատու, ճամփակից. նայած թե որտեղ և ինչ հանգամանքներում ես դառնում նրա ունկնդիրը: Հնարավոր է, ոմանք ինձ հետ համաձայն չլինեն, բայց նույն տեղեկատվությունը, որը կարելի է կարդալ համացանցում ու տպագիր մամուլում, կարծեք ավելի արժանահավատ է հնչում, եթե մատուցվում է ռադիոյի միջոցով: Գուցե նրա համար, որ տեղեկատվություն փոխանցողը կենդանի մարդն է:

Արցախյան լրատվադաշտում ռադիոն միշտ ունեցել է և ունի իր ուրույն դերակատարությունը:

 

-Համեմատության ինչպիսի՞  զուգահեռներ եք տեսնում  Արցախի հանրային ռադիոյի անցած ուղու  և ներկայի միջև: Արցախի հանրային ռադիոյի ո՞ր հաղորդումներն են առանձնապես տպավորվել:

 

-Եթերային այդ լրատվամիջոցում ես աշխատել եմ դեռևս խորհրդային տարիներին ու կարող եմ միանշանակ ասել, որ այն ժամանակ ռադիոն ավելի պահանջված էր:  Բնական է, տվյալ ժամանակաշրջանում համացանց չկար, չկային այլ ԶԼՄ-ներ: Նախքան Արցախի հեռուստատեսության ստեղծվելը, մարզային ռադիոն նաև իբրև հայապահպանության միջոց էր ծառայում: Այն գծային էր հեռարձակվում, և ամեն մեկի տանը պարտադիր ռադիոսարք կար:  Սակրամենտալ նշանակությամբ` Արցախի մարզային ռադիոն արցախահայությանը համախմբող ուժ էր: Անչափ գեղեցիկ  ու գրագետ հայերենով էին հնչում հաղորդումները,  որոնց միջոցով կարելի էր շատ բան սովորել:

Եթե համեմատելու լինենք ներկայի հետ, տարբերություններ, անշուշտ, կան, մանավանդ՝ տեխնիկական առաջադիմության առումով: ԱՀՌ-ի  ֆեյսբուքյան  էջը, մասնավորապես, մեզ հնարավորություն է տալիս ցանկացած պահի հաղորդակցվել ռադիոյի հետ, ունկնդրել բաց թողած հաղորդումները, հարկ եղած դեպքում` դրանք վերաունկնդրել:  Նաև հաղորդաշարերն են ավելացել, կա բազմազան թեմատիկա:  Չէի   ուզենա  որևէ մեկն  առանձնացնել, ուշագրավ հաղորդաշարերի պակաս չկա:

Մի ընդհանրական բան կա, սակայն, այս ամենի մեջ. և’ նախկինում, և’ հիմա Արցախի ռադիոն երիտասարդ լրագրողների համար  մասնագիտական կայացման դարբնոց է հանդիսանում: Լավ է, որ այս ավանդույթը պահպանվել է:

 

-Որպես լրատվամիջոց, ինչպիսի՞  ներուժ ունի ռադիոն ընդհանրապեսԱրցախի հանրային ռադիոն՝ մասնավորապես: Ռադիոն ինչո՞վ կարող է մրցակցել  ժամանակակից էլեկտրոնային լրատվամիջոցների  և հեռուստատեսության հետ:

 

-Ռադիոյի ներուժըշատ է, միայն թե այն պետք է արդյունավետ օգտագործել:  Համացանցը անսահման հնարավորություններ է ընձեռում եղած ներուժի բացահայտման համար: Մենք, օրինակ, Արցախում հեռարձակվող ռադիոկայան ունենք`  Mix FM-ը, որը տեղ է գտել Եվրոպական ռադիոքարտեզում:  Ճիշտ է, այն հիմնականում ժամանցային-երաժշտական է, բայց Արցախի Հանրապետության ճանաչման ևս մի քարոզչահարթակ է արտերկրում:

Ռադիոյի էլեկտրոնային տարբերակն արդեն իսկ մրցակցելու գործիք ու հնարավորություն է, և այստեղ մրցակցության դաշտ ձևավորողը  պրոֆեսիոնալ մոտեցման  բարձր ունակությունն է, այլ ոչ թե տեխնիկական լավ-վատ ապահովվածությունը: Հայկական մեդիադաշտում մենք ունենք տվյալ իմաստով բազմաֆունկցիոնալ գործող ռադիոկայաններ, որոնք հմտորեն համատեղում են եթերն ու էլեկտրոնային հարթակը:

 

-Ձեր շնորհավորանքը և բարեմաղթանքը՝ ռադիոյի միջազգային օրվա առթիվ:

 

-Գեղեցիկ բառերիմի ամբողջ փունջ եմ ուզում  նվիրել բնագավառի աշխատողներին: Թող ամեն մեկն ընտրի իրեն ոգեշնչող բառերն ու ստեղծագործական նոր լիցքերով շարունակի իր մասնագիտական առաքելությունը: