[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

  Մայիսի 7-ին ԱՀ տեղեկատվական շտաբում առցանց ասուլիս են անցկացրել կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը։

Համավարակի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում ուսումնական  գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների, 2019-2020 ուստարվա ամփոփման, ուսումնական ծրագրի կատարմանն առնչվող խնդիրների  լուծման վերաբերյալ Ն. Աղաբալյանն ասաց հետևյալը.

 2019թ. դեկտեմբեր- 2020թ. մարտ  ամիսներին Արցախում գրիպի և սուր շնչառական  վարակների տարածման հետևանքով ուսումնական հաստատություններում մեծ թիվ են  կազմել սովորողների բացակայությունները՝ առանձին դպրոցներում գերազանցելով սահմանված սանիտարահիգիենիկ նորմը։ Ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակի հետ կապված՝ ուսումնական գործընթացը հանրապետության ուսհաստատություններում իրականացվել է ընդհատումներով, իսկ  մարտի 13-ից՝ Covid-19-ի  ներթափանցումը Արցախ կանխարգելելու նպատակով, փակվել են բոլոր ուսումնական  հաստատությունները, ինչը  խաթարել է ուսուցման բնականոն ընթացքը։

Նախարարը շեշտեց, որ արտակարգ ռեժիմի պայմաններում ուսուցիչներից շատերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ, նվիրումով ու արժանապատվությամբ՝ ընդունելով և դիմագրավելով ստեղծված դժվարին իրավիճակում մեր երեխաների կրթության շարունակականության ապահովման լրջագույն մարտահրավերը։ Նույն վարքագիծն են դրսևորել հազարավոր  երեխաներ՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ։ Այս ամենը հաշվի առնելով՝ նախարարությունը որոշել է թույլատրել  ուսումնական տարին ամփոփելու համար  2-րդ կիսամյակում փաստացի պարապած  առկա և հեռավար դասաժամերը հաշվառել մատյանում, այդ թվում՝ էլեկտրոնային և  գրանցած ընթացիկ ու  2-րդ կիսամյակային գնահատականների հիման վրա ձևավորել աշակերտների  տարեկան գնահատականները։ Իսկ  հեռավար կրթությանը չմասնակցած աշակերտների կիսամյակային և տարեկան գնահատականները  ձևավորել մինչև  մարտի 13-ը նշանակված  գնահատականների հիման վրա։ Դասարանից-դասարան սովորողի փոխադրումը և ավարտումը կլինի առանց  փոխադրական, ավարտական  և պետական ավարտական քննությունների՝  ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշման համաձայն։

Ն. Աղաբալյանը տեղեկացրեց, որ մինչև ուսումնական տարվա ամփոփումը ուսուցումը կշարունակվի հեռավար եղանակովª մինչև նախարարության  կողմից  նոր որոշման մասին ծանուցումը։ Ուսումնական  պարապմունքները կավարտվեն՝ 5-օրյա շաբաթի դեպքում մայիսի 22-ին, 6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մայիսի 23-ին։ Ուստարվա ամփոփումը կկատարվի և ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25-ը։

Քանի որ կան աշակերտներ և ուսուցիչներ, որոնք չեն կարողացել մասնակցել հեռավար ուսուցմանը ու այդ առումով կան նաև բացթողնված դասեր և հաշվի առնելով, որ դրանց  ծավալները տարբեր են, նախարարությունը նպատակահարմար է գտել ընդհանուր հանրակրթական առարկաների ծրագրերի լրացման  մասին որոշում կայացնելու հնարավորություն տալ դպրոցներին՝ դրա վերաբերյալ ժամանակացույցը լիազոր մարմնի միջոցով ներկայացնելով նախարարության հաստատմանը։

Ինչ վերաբերում է բուհերի ավարտական քննություններին՝ Ն. Աղաբալյանը տեղեկացրեց, որ դրանց անցկացման  ձևը ընտրելու է տվյալ  ուսումնական հաստատությունըª ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում։

Նախնական (արհեստագործական)  և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գործելու են նույն սկզբունքները, ինչ  հանրակրթարաններում, իսկ մասնագիտական առարկաների քննությունների մասով որոշումները  կայացնելու են  ուսհաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինները՝ խորհուրդները։ Եթե  որոշում ընդունվի, որ պետք է կազմակերպվի ոչ հեռավար եղանակով քննություն, ուրեմն պարտադիր է հակահամաճարակային կանոննների պահպանումը բոլոր  ուսհաստատություններում։

Բուհերի ընդունելության քննությունների վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յու. Քարամյանը։ Նա  նշեց, որ այս տարի, ելնելով իրավիճակից,  ընդունելության կարգում կատարվել են որոշ փոփոխություններ։

Բուհի ընդունելության համար  դիմորդը մայիսի  25-ից մինչև հունիսի 10-ը  էլեկտրոնային եղանակով ԱՀ ԳԹԿ պետք է  ուղարկի ընդունելության քննության և մասնագիտությունների դիմում-հայտ։ Ընդունելության քննությունները կլինեն միասնական և ներբուհական։ Դիմորդն իր նախընտրած  մասնագիտությամբ նախկին մի քանի քննության փոխարեն կհանձնի մեկ մրցութային քննություն, թե որ առարկայից, նա պետք է նշում կատարի դիմում-հայտում։ Իր ընտրությամբ և ցանկալի հաջորդականությամբ նա դիմում-հայտում հայտագրում է մասնագիտությունները ըստ անվճար և վճարովի համակարգերի։ Միասնական քննություն հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև 2 անվճար  և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին. ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է  ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննություն։

Ներբուհական քննություն հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի՝ մինչև երկու անվճար և 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, դարձյալ եթե  ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննություն։

ՀՀ պետական բուհերի՝ Արցախին հատկացված տեղերի համար դիմորդը ընդունելության դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով ուղարկում է ԱՀ ԳԹԿ ՝ բացառությամբ հայաստանյան պետական բուհերի այն մասնագիտությունների, որոնց համար պահանջվում է ներբուհական ընդունելության քննություն։ Այդ դիմորդները ընդունելության դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով ուղարկելու են ՀՀ ԳԹԿ՝  համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի հետ միասին։

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել ընդունելության մեկից ավելի դիմում-հայտ։

Ընդունելության քննությունները անց են կացվելու հուլիսի 1-10-ը, միասնական քննությունները՝  քննական կենտրոններում,  ներբուհական քննությունները՝ համապատասխան բուհում։

Միասնական  քննության  անցումային շեմը, ինչպես նախկինում 7, 5 միավորն է, ներբուհական քննությանը՝ 8 միավորը։

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կառավարությունը կհաստատի ընդունելության քննությունների կարգը։ Իսկ մինչ այդ նախարարության ֆեյսբուքյան էջում և կայքէջում կտեղադրվեն ընդունելության կարգի նախագիծը և ուսումնական տարվա ավարտի հետ կապված մյուս որոշումները։ Հետաքրքրվողներն ավելի հանգամանալից կարող են տեղեկատվություն ստանալ այդտեղից։  Հարցեր առաջանալու դեպքում կրթության պատասխանատուները պատրաստ են հեռախոսազանգով, առցանց  կամ գրավոր պատասխանել։

Առցանց ասուլիսի ընթացքում նրանք պատասխանել են քաղաքացիների հարցերին։