[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՈՒՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ի±նչ սկզբունքով է առաջնորդվել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը ուսումնական գործընթացը հարթ կազմակերպելու համար. այս մասին խոսել է ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը մայիսի 7-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ։  Նախ նշել է, որ այս իրավիճակը աննախադեպ է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ աշխարհի համար, ու այն չի կարող կարգավորվել գործող օրենսդրությամբ, իրավական կարգավորումներով, և ոլորտի պատասխանատուները փորձել են իրավիճակային  լուծումներ գտնել։ Դրանք ինչ-որ տեղ համընկնում են  սոցիալական հարթակների,  ուսումնական ռեսուրսների օգտագործման,  գործիքակազմի առումով, բայց  կան նաև տարբերություններ։ Ն. Աղաբալյանի տեղեկատվությամբ՝ նախարարությունն  այս ընթացքում անընդհատ կապի մեջ  է եղել  շրջանների և  մայրաքաղաքի կրթության և սպորտի բաժինների, դպրոցների պատասխանատուների հետ և փորձել  կարգավորել  գործընթացը. <<Քանի որ սա աննախադեպ  իրավիճակ է, մենք բնականաբար չէինք կարող որևէ մեկին որևէ բան պարտադրել, որովհետև պարտադրելու  համար նախ պետք է ապահովել բոլոր միջոցներով, ինչը  հնարավոր չէր։ Դրա համար մենք փորձել ենք հընթացս կազմակերպել գործընթացը  և նաև աջակցություն ցուցաբերել ուսուցիչներին ու աշակերտներին>>։ Նախարարությունը գործել է արտակարգ ռեժիմով, և հատկապես  տեսչական խումբը ամենօրյա աշխատանք է կատարել.  համապատասխան ուսումնական նյութեր է հավաքագրել, տեղադրել նախարարության կայքէջում՝  հղելով աշակերտներին և ուսուցիչներին։  Նշեց նաև <<Ղարաբաղ Տելեկոմի>> հետ  սերտ համագործակցությունը, քանի որ  առցանց ուսուցման խոչընդոտներից էին համացանցը  և տեխնիկական միջոցները։  ՂՏ-ն փորձել է ընդլայնել  առցանց ուսուցման  հնարավորությունները  և վերացրել է որոշ սահմանափակումներ Zoom  հարթակի հետ կապված, և ներկայումս  բանակցություններ են տարվում ՂՏ-ի հետ առցանց  ուսուցման Zoom   հարթակը առանձնացված սերվերի միջոցով Արցախի դպրոցականների համար ավելի  հասանելի ու մատչելի դարձնելու ծրագրի իրականացման ուղղությամբ։

 Քանի որ  մի շարք դպրոցներ չեն կարող  հեռավար ուսուցում կազմակերպել համացանցի բացակայության պատճառով (դրանք հիմնականում փոքր դպրոցներն են), նախարարությունը ձեռք է բերել ավելի քան 110 նոութբուքներ, պլանշետներ՝ դրանք ներբեռնելով  անհրաժետ  ուսումնական նյութերով և տրամադրել  փոքր դպրոցներին,  որպեսզի անգամ  համացանցի բացակայության պայմաններում  աշակերտները  կարողանան օգտագործել այդ նյութերը։ <<Ընդունելով համավարակի մարտահրավերը և հասկանալով, որ դա կարող է  տևական լինել՝  ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրերից նախարարությունը նախաձեռնել է հետազոտություն <<Հեռավար ուսուցումը Արցախում>> թեմայով>>,-ասաց Ն. Աղաբալյանը։ Հետազոտությունը շարունակվում է, բայց արդեն կան հարցման որոշ արդյունքներ։ Այսպես,  2321 ուսուցիչ, որ կազմում է հանրապետության ուսուցիչների կեսից ավելին, մասնակցել է այդ հարցմանը, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ուսուցիչների 83,5 %-ը  իրականացրել է  հեռավար ուսուցում, ինչը բարձր ցուցանիշ է, և հենց  դա էլ հիմք ընդունելով՝ նախարարությունը որոշում է կայացրել իրավունք տալ ուսուցիչներին հեռավար  ուսուցման արդյունքները ևս գնահատել և ձևավորել  աշակերտների կիսամյակային ու տարեկան գնահատականները։

Տնօրեննների հետ հարցման արդյունքներով նախարարությունը պարզել է, թե կոնկրետ որ դպրոցներում  և որ  առարկաները չեն պարապել և ինչու։ Կան ուսուցիչների և ծնողների անտարբերությունը, համացանցի և տեխնիկական միջոցների բացակայությունը մատնանշող տվյալներ։ Վերջինիս առումով ամենախոցելին  Քաշաթաղի շրջանն է, որտեղ  20-ից ավելի  դպրոցներում կան  խնդիրներ հեռավար ուսուցման հետ կապված։ Իսկ Ստեփանակերտում և  շրջաններում հիմնականում  պարապել են, բացառությամբ՝ ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա, շախմատ, երաժշտություն  առարկաների։

Բացերը հիմնականում փոքր դպրոցներինն են։ Համացանցի և տեխնիկական միջոցների բացակայության պատճառով դրանց մեծ մասը չկարողացավ հեռավար ուսուցում իրականացնել։   Նախարարը երախտագիտությամբ արտահայտվեց մի շարք հիմնադրամների և անհատ բարերարների մասին, որոնք տեխնիկական միջոցներ են տրամադրել դպրոցներին. <<Հայրենիք>>, <<Վալեքս>>, <<Ապագա սերունդներին>> բարեգործական  հիմնադրամներ, <<Կարմիր խաչ>>, ՀՀ նախագահի  որդիներ Հայկ և Վարդան Սարգսյաններ և մի շարք այլ անհատ բարերարներ։ Սահմանվել է այդ տեխնիկական միջոցների  բաշխման առաջնահերթություն։ Դա հատկապես վերաբերում էր այն գյուղերին, որտեղ դպրոց չկա, և  երեխաները հաճախում են հարևան բնակավայրերի դպրոցներ։ Ն. Աղաբալյանն ասաց, որ անհատական տեխնիկական միջոցի կարիք շատերն ունեն, նախարարությունը ստանում է  մեծ թվով դիմումներ, և հնարավոր  չէ բոլորին ապահովել։ Հիմնական պատճառը բարերարների բացակայությունը չէ, այլ այն, որ այսօր աշխարհում մեծացել է  տեխնիկական միջոցների նկատմամբ պահանջարկը, քանի որ ամբողջ աշխարհն է անցել հեռավար գործունեության և, բնականաբար, շուկայում առկա տեխնիկական միջոցները շատ արագ սպառվել են։

Ն. Աղաբալյանը դրվատանքով արտահայտվեց ուսուցիչների ցուցաբերած պատասխանատվության մասին. <<Ընդհանրապես, այս ամբողջ գործընթացում կարևորագույն դերակատարները  եղել են հենց ուսուցիչները։ Առանց պարտադրանքի, առանց հրահանգի նրանք աշխատել և փորձել են ստեղծել  այլընտրանքային ուսուցման հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի պայմաններում նորից վերարժևորվել է ուսուցչի դերակատությունը։ Եթե  բժիշկները  օրուգիշեր պայքարում են հիվանդներին բուժելու համար և իսկական պատերազմի մեջ են,  նրանցից ոչ պակաս աշխատանք կատարում են նաև ուսուցիչները>>։ Նախարարը շեշտեց, որ հասարակությունը և  իշխանությունները պետք է վերարժևորեն և վերագնահատեն ուսուցչի աշխատանքը։

 Ստեղծված պայմաններում Ն. Աղաբալյանը  մատնանշեց մեկ դրական միտում ևս. <<Մենք պետք է այսուհետ հեռավար կրթության եղանակն օգտագործենք։ Սա իսկապես լավ հնարավորություն է, որպեսզի մեր ուսուցիչները վերապատրաստվեն և կարողանան իրականացնել հեռավար կրթություն, իսկ աշակերտները  հասկանան, որ սմարթֆոններն ու համակարգիչները  միայն խաղերի կամ  ժամանցի համար չեն, դրանք կարելի է օգտագործել որպես ուսումնական գործքիներ։  Եվ հեռավար կրթությունը պետք է  օգտագործենք այն դպրոցների համար, որտեղ չկան մասնագետներ>>։