[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ ՕԳՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 <<Covid-19>>-ով պայմանավորված՝ Արցախում կրթությունն իրականացվում է հեռավար եղանակով։ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության դիտարկումներից պարզվել է, որ հեռավար կրթությանը խոչընդոտող հանգամանքներից է այն, որ երեխաների մի զգալի մասը, ինչպես նաև ուսուցիչներ, չունեն համակարգիչ և տեխնիկական այլ միջոցներ։ Նախարարությունը փորձել է գտնել գործընկերներ, որոնք կարող են աջակցել լուծելու այդ  խնդիրը։

 Մայիսի 11-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)  միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ <<Շատ ուրախ ենք, որ Արցախում Կարմիր խաչի առաքելության ղեկավար պարոն Պիեռ-էմանուել  Դյուքրուեն  արձագանքեց, որ Կարմիր խաչը պատրաստ է մասնակցել այս ծրագրին և իր մասնակցությունն ունենալ հեռավար կրթության իրականացման համար տեխնիկական միջոցներ տրամադրելու հարցում>>,- ասաց  ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը՝ նշելով, որ Համաձայնագրով Կարմիր խաչը նախարարությանն է տրամադրում 109 պլանշետ, որոնք նախատեսված են կոնկրետ համայնքների  աշակերտների և ուսուցիչների համար։ Առաջնահերթությունը տրվել է սոցիալապես խոցելի խմբերի երեխաներին՝  շփման գծին մոտ գտնվող համայնքներում ապրող, բազմազավակ ընտանիքների, խնամքի և գիշերօթիկ հաստատություններում ապրող, հատուկ կարիքներով, միայնակ ծնողի։ Կարմիր խաչի կողմից նախարարությանը հանձնված սարքերը,  ըստ ԿԽՄԿ Արցախի առաքելության որոշման, բաշխվել են Թալիշի և Տոնաշենի դպրոցահասակ երեխաներ ունեցող, Մատաղիսի և Մաղավուզի՝ երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին, Երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ  հաստատությանը։

Քանի որ ուսուցիչների շրջանում տեխնիկական միջոցների պակասը նույնպես բացասական ազդեցություն է թողնում հեռավար կրթության գործընթացի լիարժեք իրականացման համար, Կարմիր խաչը պլանշետներ է տրամադրել նաև նրանց, մասնավորապես՝ Մարտակերտի հ. 1,  շրջանի Վաղուհասի և Զագլիկի,  Մարտունու հ. 1 , Ասկերանի և Խրամորթի, Հադրութի հ. 1 դպրոցներին՝ ընդանուր՝ 43 սարք ուսուցիչներին տրամադրելու համար։

Ն. Աղաբալյանն ընդգցեծ, որ դա շատ կարևոր ծրագիր է, քանի որ  տեխնիկական միջոցների կարիք ունեցողների թիվը մեծ է։ Նրա սեղանին են 300-ին հասնող դիմումներ։  Բայց քանի որ հնարավոր չէ բոլորին ապահովել միանգամից (գլխավոր պատճառը շուկայում այդ սարքերի բացակայությունն է),  ընտրել են թիրախներ։ Նախարարությունն այս ընթացքում մի շարք գործընկերներ է ունեցել. ՀՀ նախագահի որդիներն են օգնել Հարավի, Մեխակավանի և Հադրութի շրջանի մի շարք գյուղերի, <<Վալեքս>> բարեգործական հիմնադրամը՝  հիմնականում Մարտակերտի շրջանի մի շարք  գյուղերի, <<Ապագա սերունդներին>> հիմնադրամը՝ իր հովանավորության տակ գտնվող, <<Հայրենիք>> հիմնադրամը՝  Քաշաթաղի շրջանի  երեխաներին, կարիքավոր ընտանիքներին մի քանի սարք էլ տրամադրել է <<Ղարաբաղ Տելեկոմը>>։

Նախարարի խոսքով՝ կարող էին ավելի շատ կարիքավորների օգնել, եթե  Արցախի և Հայաստանի շուկաներում այդ սարքերը լինեին, բայց քանի որ այսօր ամբողջ աշխարհն է անցել հեռավար կրթության և գործունեության, դրանք ձեռք բերելը դարձել է խնդիր։ Իսկ նոր խմբաքանակներ պարզ չէ, թե երբ տեղ կհասնեն։

ԿԽՄԿ Արցախի առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեն ընդգծեց, որ ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունը  բարձր է գնահատում և այն բարձր մակարդակի վրա է։  <<Համաճարակը, ցավոք, շարունակվում է, և մենք կարևոր ենք համարում, որ աշակերտները շարունակեն ուսուցումը։ Պլանշետները հետագայում էլ պետք կգան ուսուցման գործընթացում>>,-ասաց նա։

Ն. Աղաբալյանը հաստատեց, որ հեռավար կրթությունը դարձել է կրթական գործընթացի անքակտելի մասը, և  տեխնիկական միջոցները հարկավոր կլինեն այսուհետ ևս։

Պարոն Դյուքրուեն հավելեց, որ ստեղծված իրավիճակում ԿԽՄԿ օգնությունը Արցախին բազմավեկտոր է։ Վերջերս կազմակերպությունը օգնել է միայնակ ծերերին դրամական օգնության ձևով (50 հազարական դրամ), Արտակարգ իրավիճակների ծառայությանը և Առողջապահության նախարարությանը՝ տարբեր սարքերով ու ախտահանիչ նյութերով. <<Մենք  Լեռնային Ղարաբաղում ենք 1992-ից և ուրախ ենք օգնել ու պատրաստ ենք հետագայում էլ շարունակել մեր համագործակցությունը, տեսնել, թե  էլ ինչով կարող ենք օգտակար լինել կրթության, գիտության և սպորտի նախարարությանը>>։ Ն. Աղաբալյանը շեշտեց, որ Արցախի չճանաչված լինելու պատճառով ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որ օգնում է հանրապետությանը  կորոնավիրուսի մարտահրվերները հաղթահարելու համար. <<Անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն այս իրավիճակում օգնություն է ցուցաբերում տարբեր երկրների, Արցախին որևէ օգնություն չի ցուցաբերում։  Եվ  դրա համար շատ ավելի գնահատելի է Կարմիր խաչի առաքելության այս նախաձեռնությունը>>։