comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Logo
Print this page

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հիրավի, Մայիսյան եռատոնից հետո Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի  50-ամյակին նվիրված երեկոն այդ ամսվա իրադարձային միջոցառումներից էր: Գրեթե մեկ տարի, ինչպես խոստովանում է քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, հաստատությունը պատրաստվում էր իր պատմության մեջ այդքան կարևոր իրադարձությանը: 
Եվ արդյունքում մայիսի 14-ին Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգ, որը մեծ բավականություն պատճառեց հանդիսատեսին։ Այն լի էր անակնկալներով։ Եվ քանի որ դահլիճում  հիմնականում բազմամյա պատմություն ունեցող հաստատության շրջանավարտներն էին, առավել ոգևորող էին հանդիպումները հանդիսատես-սիրված երաժիշտներ, արվեստի գործիչներ, ինչպես նաև բեմում նախկին ու այժմյան սան-ուսուցիչների միջև:
Կեսդարյա հոբելյանի առթիվ շնորհավորագրեր են ուղարկել Հայաստանի առաջին տիկին, ուսումնարանի շրջանավարտ Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Իր շնորհավորական խոսքով հանդես եկավ միջոցառմանը ներկա՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, ով կոնսերվատորիայի կողմից քոլեջին նվիրեց տեսախցիկ, ինչպես և մեծ թվով գրքեր, նոտաներ և ձայնասկավառակներ: Հեռավոր ԱՄՆ-ից շնորհավորագրեր են ուղարկել քոլեջի կայացման մեջ իրենց ուրույն ներդրումն ունեցած՝ երգչախմբային բաժնի նախկին վարիչ Կ. Մինասյանն ու նրա ամուսին՝  վոկալի դասատու Վ. Օվչյանը, ինչպես և դաշնամուրի դասատուներ՝ ամուսիններ Ռ. Պողոսբեկովն ու Լ. Ավանեսյանը. վերջիններս նաև հարազատ օջախին նվիրել են դաշնամուր: ՌԴ-ից շնորհավորագրեր են ուղարկել դաշնամուրի դասատու Կ. Թավադյանը, նախկին տնօրեն Վ. Բաղդասարյանը, Իսրայելից` վոկալի դասատու Մ. Իսակովը: Իրենց ողջույնի խոսքով հանդես եկան հաստատությունը երկար ժամանակ ղեկավարած, դաշնամուրի դասատու, բազմամյա և փորձառու մասնագետ Բելա Փարսադանյանը, քոլեջի նախկին շրջանավարտ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Նաիրուհի Ալավերդյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Գ. Ավանեսովը, Ն. Ավետիսյանը, Ս. Քեչեկն իրենց ներկայությամբ, ինչպես և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գեորգի Մինասովը, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը, ջազ-երաժիշտ, երգահան Արտյոմ Լալայանը, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Ա. Մովսիսյանն իրենց կատարողական արվեստով շնորհավորեցին հարազատ օջախին` աննման պահեր պարգևելով հանդիսատեսին: Լավ տպավորություն և մեծ սպասելիքներ թողեցին նաև քոլեջի ներկայիս շնորհաշատ ուսանողներն ու դասատուներն իրենց պատրաստած համարներով:
Բազմամյա և բեղմնավոր աշխատանքի համար կառավարության կողմից բարձր գնահատական են ստացել քոլեջի մի խումբ դասատուներ. դաշնամուրի դասատու, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելա Փարսադանյանին շնորհվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալ, իսկ քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչ Համեստ Ավանեսյանը, փողային բաժնի դասատու Վագիֆ Գրիգորյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ Պավել Ղարաբեկյանն արժանացել են ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Տեղեկացնենք նաև Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հոբելյանի կապակցությամբ նվիրատվության մասին` արտասահմանյան արտադրության դաշնամուր, կլարնետ, տրոմբոն, կոռնետ, շեփոր և հայաստանյան արտադրության երկու քանոն:
Հոբելյանական համերգի գրեթե երեք ժամն անցավ աննկատ, քանզի բեմից հնչած ամեն մի կատարում տպավորում էր բարձր կատարողական արվեստով, որը հիմք է դրվում դեռ ուսանողական տարիներին երկրի միակ մասնագիտական հաստատությունում:
Կեսդարյա հոբելյանը նշելու օրը կարևոր և տեղին ենք համարում խոսել ոչ միայն մեծ նվաճումների հասած վառ անհատականությունների, այլև այն բանի մասին, որ այդ տարիների ընթացքում հաստատության ներսում թրծված շրջանավարտները շարունակում էին մշակութային այդ միակ օջախի գործունեությունը՝ շրջաններում տարածելով մատաղ սերնդի երաժշտական դաստիարակության ավանդույթները: Եվ եթե այսօր հանրապետության բոլոր շրջաններում, խոշոր գյուղերում լիարժեք գործում են երաժշտական և արվեստի դպրոցներ, ապա դա իրականություն է դառնում ուսումնարան-քոլեջն ավարտած երաժշտարվեստի նվիրյալների  բեղմնավոր գործունեության շնորհիվ:
Հիսունամյա սահմանագիծը հատած կրթական հաստատության համար, ճշմարտացիորեն նկատում է քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, արդյունքներն  ամփոփելու ժամանակն է: Դա մասնագիտական հասունության տարիք է, նվաճումների, նոր մտահղացումների հատման կետ: Թե ինչպես է տեսնում ղեկավարը հաստատության զարգացման ուղիները, կարդացեք մեր թերթի առաջիկա համարներից մեկում:
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.