[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱԽԵՑԱԾ ԿԱՏՈՒՆ ՄԵՐ ՏԱՆ ՇԵՄԻՆ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Երբ ճանապարհս փակեցին, ես հասկացա, որ դա ամենևին էլ պատահականություն չէ։ Ավելին՝ ամեն ինչ կարգին էլ կազմակերպված էր։ Մշակված, ցանկացած գործողութուն։ Լակոտներից յուրաքանչյուրն ուներ իր առաջադրանքը։ Բոլոր անցքերը նախօրոք պինդ փակել էին։ Ոչ՝ վերև, ոչ՝ ներքև։ Ոչ՝ աջ, ոչ էլ՝ ձախ։ Ամենուր նրանք էին։ Ինձնից՝ տարիքով և խոշոր, զինված մահակներով, քարերով, դանակներով ու դանակի նման սուր գործիքներով։

Ես մենակ էի, հազիվ տաս տարեկան, էդ փողոցում, էդ լակոտների մեջ՝ համարյա չերևացող։ Օրինակ՝ թաղի վերևից նայողը ոչինչ չէր ջոկի, կմտածեր, որ դրանք էլի կատվի մի ձագ են գտել ու հոշոտում են։ Եվ դա ո՛չ առաջին անգամն էր, ոչ էլ՝ վերջին։

Ես լրիվ անզեն էի և անպատրաստ;

Դարպասները այնքա՜ն բարձր էին, այնքա՜ն գեղեցիկ․․․

Մեր ինքնապաշտպանական խմբերը դեռևս չէին ձևավորվել, և մենք հաճախ մենակ էինք գնում դպրոց, դպրոցից վերադառնում տուն, վազում խանութ, կամ՝ մորաքրոջս տուն։ Մենք համոզված էինք, որ դրանք մեր տարածքներն են, և այդ տարածքներում բոլորն էլ հավասար են, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները։ Ֆուտբոլի դաշտը, աղբյուրը, խանութը, բաղնիքը, ինչ կար-չկար այնտեղ՝ ընդհանուր էր, բոլորինը։

․․․Այդ փողոցը շատ գեղեցիկ էր, քաղաքի մյուս փողոցներից տարբերվող։ Առանց կամարի, նախշի, քիվի ո՛չ դարպաս կար, ոչ՝ պատուհան։ Ամենաջահել տունն էլ առնվազն մի  երեք հարյուր տարեկան կլիներ։ Մեր պատմության դասատուն ասում էր, որ Շուշին մի ժամանակ կովկասի ամենագեղեցիկ ու զարգացած քաղաքներից մեկն է եղել, ավելի կոնկրետ՝ Թիֆլիսից հետո երկրորդը, ի՞նչ Բաքու, ի՞նչ բան․․․

Ես հասկացա, որ ծեծ եմ ուտելու, որ դրանք իմ ջարդը տալու են։ Չամաչեի՝ լացս կդնեի, օգնություն կկանչեի, ձայնս կգցեի գլուխս և տներից կհանեի մարդկանց։ Բայց իմ հայրը Ալբերտն էր, պապս՝ Աշոտը, մյուս պապս՝ նեմեցի կռվում մնացած Ռուբենը, եղբայրս՝ Հովիկը, որ հետո պիտի նկարիչ դառնար․․․ դե, այդքանից հետո արի ու լաց լացիր, աղջկա նման ձայնդ գցիր փողոցը,ասա՝ ինձ սպանում են, եկե՜ք, փրկեցե՜ք, ինձ ազատեք այս փսլնքոտների ձեռքից․․․ Հա, ենթադրենք ամեն ինչ մոռացա ու այդպես էլ արեցի, հետո՞,  հետո ինչպե՞ս պիտի նայեմ հորս աչքերին, եղբորս աչքերին․․․ բա մեր հարևան ոսկեծամիկը՞․․․ մնացածը չեմ ասում․․․

Էդքան բանը մտածեցի, ինքս ինձ հետ խորհուրդ արի ու մտքում երդվեցի՝ թող սպանեն, եթե կարող են, ոչ մի ձայն, ոչ մի տնքոց, արցունքի ոչ մի կաթիլ․․․ Ինչ լինելու է, թող լինի․․․ և ուղիղ քշեցի դրանց վրա․․․ հանգիստ, ասես ոչինչ էլ չի եղել, և ես փողոցում  մեն-մենակ եմ։  Ուզեմ՝ կարող եմ երգել, պարել, ծիծաղել, անել՝ ինչ խելքիս փչեր․․․ իսկապես, ինչ-որ անբացատրելի, անհասկանալի, մի փառահեղ բան կար այդպես մենակ լինելու մեջ, վտանգավոր, բայց, հաստատ՝ փառահեղ․․․

Առաջին մահակը իջավ ուղիղ ուսիս։ Թվաց՝ երդումս խախտելու եմ։ Մտքումս արագ-արագ կրկնեցի՝ Նորեկ որդի Ալբերտի, Նորեկ որդի Ալբերտի․․․ Նորեկ որդի․․․ իմ պապը  Աշոտն է, մյուս պապս նեմեցի կռվում մնացած Ռուբենը Ահարոնյան, հորս պապը  Մարտիրոս Գասպարյանն է, մյուս պապս՝ Ղավախանը․․․ ես ծնվել եմ․․․

Եվ ես ոչինչ չէի զգում։ Ես պառկել էի սալահատակ փողոցում, ձեռքերով ծածկել էի գլուխս, որպեսզի կարողանամ մտածել ու կրկնել՝ Մարտիրոսը թթենի էր տնկում Ամարասի հովտում, Աշոտ Գասպարյանը քսանհինգ տարի կոլխոզ էր շինում, Ռուբեն Ահարոնյանը ֆրոնտում նեմեցի հերն էր անիծում, որ ծառերը չչորանան, որ կոլխոզը չքանդվի, որ մայրս մեծանա, հետո հորս հետ ամուսնանա  և ինձ արագիլների ձեռքից խլի,  բերի մեր տուն, և հետո էլ ես մեծանամ, մեծ տղա դառնամ․․․

Պատկերացնու՞մ եք, ի՜նչ կլիներ, եթե հանկարծ, ուզում եմ ասել, եթե հանկարծ ինչ-որ հրաշքով հայտնվեր հայրս։ Ես պատկերացրի ինչ կլիներ ու․․․ ծիծաղեցի․․․Եվ էդ լակոտներին երևի թված,  արդեն խելագարվել եմ ու մի պահ քարացան-անշնչացան․․․ Հետո էլ, երբ միանգամից լռեցի, համոզվեցին, որ մեռել եմ։ Ի՜նչ իմանային, որ ես մեռնելու իրավունքից վաղուց էի զրկվել, որ ես այդքան հեշտ մեռնող պտուղ չէի, որ եթե անգամ ամբողջ փողոցի տները քանդեին և քարերը լցնեին վրաս՝ էլի չէի մեռնի․․․

․․․Հանկարծ, չգիտես որտեղից, այդ մեծ-մեծ դարպասների առաջ հայտնվեցին  թուրք կանայք՝ հազար ու մի շորի մեջ, տարբեր տարիքի ու չափսի։ Գունավոր։ Ծանր, հաստ շալի տակ անգամ երևում էին նրանց կարմիր ներկած մազերը։ Ես, բնականաբար, ուրախացա։ Ես չէի կասկածում, որ նրանք կփրկեն ինձ այդ վայրենիներից։ Չէի կասկածում, որովհետև մայրս միշտ ասում էր, որ որ կանայք բարի են, խղճմտանքով, երեխա սիրող․․․ բայց․․․

․․․Տարիներ են անցել, կուտակվել իրար գլխի․․․ փոխվել են ժամանակները։ Մեր աշխարհում պատերազմ է եղել։ Շուշին քանդվել-ավերվել է, ազատագրվել, բայց էդ թուրք կանանց ձայնը դեռ շարունակում է քարուքանդ անել կանանց մասին ունեցած իմ պատկերացումները, իմ, այսպես ասած, մարդասիրական զգացումները, իմ համոզմունքը աշխարհի, հորս ասելով՝ կանացի սկզբի մասին։ Այդ կանայք համարյա միաբերան գոռում էին․

-Սպանեք դրան․․․ հային դա էլ է քիչ․․․

Բայց քանի որ իմ մեռնելու ժամանակը չէր, հանկարծ այդ փողոցում հայտնվում է ինքը՝ պել Լենան։ Կատաղի, ուժեղ, աչքերն արյունով լիքը, խելագար, տիեզերական․․․ և գեղեցիկ․․․ շատ-շա՜տ գեղեցիկ․․․ Այդ կնոջը ես երբեք այդքան գեղեցիկ չէի տեսել։ Նա նույնիսկ եկեղեցում այդքան գեղեցիկ չէր․

-Յեր կաց, մատաղ ինիմ, յեր կաց քինինք տոն․․․

Միայն մեր բակում նկատեցի, որ մի փոքրիկ-փոքրիկ կատու,  թուրքի տների արանքից, ինձ հետևելով եկել, կանգնել է մեր տան շեմին ու վախեցած նայում է աչքերիս․․․