comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴՊՐՈՒԹՅԱՆ ՋԱՀԸ ՄԻՇՏ ԲԱՐՁՐ ՊԱՀՈՂ ԵՐԿԻՐԸ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ ԿՈՒՆԵՆԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴՊՐՈՒԹՅԱՆ ՋԱՀԸ ՄԻՇՏ ԲԱՐՁՐ ՊԱՀՈՂ ԵՐԿԻՐԸ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ ԿՈՒՆԵՆԱ

gishi_1.jpgՀայաստան՚ համահայկական հիմնադրամը նշում է իր հիմնադրման 20-ամյակը: Հիշարժան այդ իրադարձությունը հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքերով՝ որոշել են կատարել ոչ թե ավանդական ձևով` տոնական միջոցառումներ կազմակերպելով, այլ այս կամ այն ծրագրի ավարտն ազդարարող հանդիսավոր բացումներով: 
Արդեն քանի օր է` Արցախում է  գտնվում հիմնադրամի պատվիրակությունը` 25 երկրներ ներկայացնող մեր հայրենակիցներով, որոնք շրջում են Արցախում` ականատես լինելու իրենց իսկ միջոցներով կառուցվող օբյեկտների ընթացքին և որոշների բացումը կատարելու: Պատվիրակությունը եղել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում, որտեղ կատարվել է դպրոցական նորակառույց շենքի բացում, ներկա է գտնվել մայրաքաղաքում խմելու ջրի ներքին ցանցի և երկու գոտիների բացման արարողությանը:gishi2.jpg Իսկ մայիսի 24-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում տեղի ունեցավ դպրոցական նոր շենքի բացումը: Տոնական գույներով զարդարված Գիշին ընդունում էր այն մարդկանց, որոնց նվիրատվությունների շնորհիվ իրականացել էր վաղեմի երազանքը` ունենալ բարեկարգ, ժամանակակից պայմաններով կրթօջախ: Գիշեցիների ուրախությանը կիսելու էին եկել երկրի Նախագահ Բակո Սահակյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պետական և հոգևոր այրեր:    
Հոյակերտ նորակառույցի բակում կատարվում է բացման հանդիսավոր արարողություն: Աշակերտները երգում են Արցախի օրհներգը: Հանդիսությունը վարող` դպրոցի կազմակերպիչ Հունան Անտոնյանը յուրաքանչյուրին խոսք տալուց առաջ հավուր պատշածի ներածական է ներկայացնում, որում արտահայտված է գյուղի անցյալը, գիշեցիների ներդրումը Ղարաբաղյան շարժմանը, այսօրը: Դպրոցի տնօրեն Արկադի Ավանեսյանը նախ՝ մանկավարժական և աշակերտական կոլեկտիվների և ողջ գյուղի անունից խորին երախտագիտություն հայտնեց Գիշու նորակառույց կրթօջախի հովանավորներին` Վարդանյանների ընտանիքին, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներին, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին` ի դեմս նրա գործադիր տնօրեն Արա Վարդանյանի, կառույցը համաֆինանսավորող ԼՂՀ կառավարությանը, հատուկ շնորհակալություն` ԼՂՀ Նախագահին, ով իր մշտական ուշադրության կենտրոնում էր պահում դպրոցի կառուցման ամբողջ գործընթացը, շինարարությունն իրականացնողր ՙՃանշին՚ ընկերությանը, բոլոր նրանց, ովքեր նպաստել են, որ հինավուրց այս գյուղի դպրոցական հոյակերտ շենքի կառուցմանը։ 
Տնօրենը հպարտությամբ նշեց, որ Գիշիում դպրության ջահը վառվում է վաղնջական ժամանակներից: Այստեղ դպրոց բացվել է դեռևս 1882թ: 1932թ կառուցվել է դպրոցական նոր շենք, որտեղ գյուղի երեխաները սովորում էին մինչև անցած նոյեմբեր ամիսը: Իր գոյության ընթացքում այստեղ շատերն են սովորել և դասավանդել. Արցախ աշխարհում և նրա սահմաններից դուրս հայտնի են դարձել անվանի մանկավարժներ, գիտնականներ, տնտեսական գործիչներ:  Արցախյան գոյամարտում շատերի պես այս դպրոցի շրջանավարտներն էլ իրենց ավանդը ներդրին հաղթանակի ձեռքբերման գործում, որի կատարածը յուրահատուկ օրինակ է ապագա սերունդների համար: Ցավոք, կորուստներն էլ քիչ չէին, գյուղից` 37-ը: 
gishi3.jpgՏնօրենի հավաստիացմամբ` դպրոցի մանկավարժական կոլեկտիվը լավ է պատկերացնում իր առաքելությունը` կրթել ու դաստիարակել մեր վաղվա հայրենյաց պաշտպանին, գիտնականին ու գործարարին, բարերարին, մանկավարժին ու բժշկին, հողի մշակին, արհեստավորին:
Դպրոցական նորակառույցի առթիվ շնորհավորանքի խոսք ասաց ԿԳ նախարար Վ. Խաչատրյանը: Նա  արժևորեց Մայիսյան եռատոնը, որով մեր ժողովուրդը ևս մեկ անգամ կարևորեց իր երեկը, այսօրը` կանխատեսելով իր ապագան: Նա հետաքրքիր համեմատություն անցկացրեց անցյալ և ներկա իրողությունների միջև: Երբ փորձում ենք առերեսվել պատմության հետ, տեսնում ենք, որ վերջին ավելի քան յոթ դարում հայ ժողովուրդը, չունենալով պետականություն, բանակ, մարտահրավերների դեմ մեն ու մենակ էր մնացել  մեսրոպյան գրերի ու իր դպրոցի հետ: Եվ կարողացավ քայլել պատմության դժվարին քառուղիներով, գոյատևել այդ վեհ արժեքների միջոցով` հայոց գրերի և հայ դպրության շնորհիվ: gishi4.jpgԱյսօր էլ այն պահելու, պահպանելու կարիքը կա: Եվ հենց դրա համար ստեղծվեց բանակ, պետականություն: Եվ այսօր կարող ենք ասել, որ մեր լեզուն, մեր դպրոցը, մշակույթը պաշտպանված են, շարունակում ենք մեր երթը դեպի հավերժություն: 
Առիթից օգտվելով, Վ. Խաչատրյանը շնորհավորեց դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներին` մեկ ուսումնական տարի ևս եզրափակելու, իսկ շրջանավարտներին` դպրոցն ավարտելու, Վերջին զանգի և մեծ կյանք մտնելու առթիվ:
ՙՀայաստան՚ հիմնադրամի ևս մեկ ծրագիր կյանքի կոչելու կապակցությամբ շնորհավորանքի և բարերարներին, մասնավորապես՝ Վարդանյանների ընտանիքին և Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղված խոսք ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա մի հետաքրքիր դիտարկում արեց. եթե մի քանի տարի առաջ Հիմնադրամն էր թԵլադրում ԼՂՀ կառավարության աշխատանքի տեմպը, հիմա փոխվել է իրավիճակը` Հիմնադրամի աշխատանքի տեմպն Արցախում ամբողջությամբ պայմանավորված է ԼՂՀ կառավարության աշխատանքով: ՙՄենք փորձում ենք մեր չնչին ներդրումներով հասնել կառավարությանը, օգտակար լինել այն ոլորտներում, որտեղ կան բացեր՚,-ասաց նա` նշելով, որ այս տարիների ընթացքում փոփոխությունները նկատելի են և  դա տեսնում են սփյուռքի մեր բարեկամները, որոնք, ամեն տարի գալով այստեղ, տեսնում են այն փոփոխությունները, որոնց շնորհիվ արցախցու կյանքն աստիճանաբար հասնում է նոր մակարդակի։  
gishi5.jpgԻրենց սրտի խոսքն ասացին նաև կրթօջախի իսկական տերերը` երեխաները, որոնք, գեղարվեստորեն  փառաբանեցին երկրի շենացմանը նպաստողներին, իրենց նվիրվածությունն արտահայտեցին հայրենաշեն գործերին:
Հասնում է ամենահանդիսավոր պահը` կարմիր ժապավենը կտրում են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Վարդանյանը և դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյանը: Հոգևոր հայրերը   կատարում են օծման արարողակարգ, որից հետո հյուրերը շրջում են դպրոցում, ծանոթանում դասասենյակներին ու կաբինետներին:Կրթօջախը նախատեսված է 320 աշակերտի համար: Ժամանակին այդքան աշակերտ էր սովորում Գիշիում: Ցավոք, նրանց թիվը պակասել է. այժմ սովորում է շուրջ 180 երեխա: Սակայն ուրախությամբ փաստենք, որ աճ սպասվում է: Տնօրենության տվյալներով, 4-5 տարեկանների թիվը հուշում է, որ մոտ ապագայում աշակերտների քանակը կավելանա: Այսօր գյուղում նախադպրոցական տարիքի շուրջ 100 երեխա կա, ասել է թե` նաև հրատապ է մանկապարտեզի հարցը: Այդ խնդիրն այսօր մասամբ լուծվում է դպրոցում նախապատրաստական խումբ պահելով, բայց խնդիր է դրված հին դպրոցական շենքը վերակառուցել, դարձնել մանկապարտեզ: 
Նորակառույց դպրոցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Գույքը նույնպես ամբողջովին նոր է, որը Բրազիլիայի հայ համայնքի նվերն է: Առկա են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ (ՙՓյունիկ՚ հիմնադրամի նվերն է), ՆԶՊ կաբինետ` զենքի պահպանման սենյակով, հոյակապ մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, ճաշարան: Համակարգչային դասարան և համացանցի ծառայություն ապահովելու դեպքում, որը տեղում խոստացավ հովանավորը, այն ոչնչով չի զիջի մայրաքաղաքում իր պայմաններով լավագույնը համարվող հ. 11 դպրոցին, ասաց ԿԳ նախարարը: 
 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ