comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԵՐՁՈՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԵՐՁՈՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Քաշաթաղի շրջկենտրոն  Բերձորի շրջանավարտների համար  ընթացիկ  տարին առանձնահատուկ էր. հանդիսավորությամբ նշվեց հայրենի  Բերձոր քաղաքի ազատագրման 20-ամյակը։ Նրանցից շատերը ծնվել են այստեղ` իրենց իսկ հայրերի ազատագրած հողում և ուրիշ հայրենիք չեն  էլ պատկերացնում։ 
Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Բերձորի Վահան Զատիկյանի անվան հ. 2 միջնակարգ դպրոց.
 -Շատ  դժվար է   մեկընդմիշտ  հրաժեշտ տալ  հարազատ դպրոցին: Այստեղ ձեռք եմ բերել լավ ընկերներ, ապրել ենք մի ընտանիքի նման: Ուրախացել ենք միմյանց հաջողություններով, տխրել անհաջողությունների համար: Ինչ արած, ավարտում ենք, հեռանում հարազատ դպրոցից, սակայն լավ ընկերությունը պահպանվելու է ամբողջ կյանքում:                                                                                                        Դպրոցական տարիները սովորեցրել են  սեր հայրենիքի, ծնողի, ուսուցչի, շրջապատի, ընկերների նկատմամբ: Սովորեցրել են լինել բարի, հանդուրժող, համբերատար, ազնիվ: Եվ այսօր, օգտվելով առիթից, ուզում եմ իմ սրտի  խոսքն ուղղել իմ ուսուցիչներին, շնորհակալություն հայտնել իրենց նվիրումի, լավ ու բարի խոսքերի համար: Երազում եմ լինել մեր պատմական Հայաստանում, սեփական աչքով տեսնել իմ պապերի հողը, պատմաճարտարապետական կոթողները՝ վանքերն ու խաչքարերը, բերդերն ու կամուրջները… Դա է պատճառը, որ այսօր լոկ մի բանի մասին եմ երազում՝ ընդունվել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժին, որն ինձ համար հեռանկարային դռներ կբացի ավելի մոտիկից  տեսնելու ՙԵրազի երկիր Հայաստանս՚:   
Չեմ  ուզում նախօրոք խոսել ապագայի մասին: Միայն կասեմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, ինչ հնարավորությունների տեր էլ դառնամ, կաշխատեմ  գիտելիքներս ներդնել իմ երկրի կառուցման գործին: Վստահ եմ՝ երկիրս մի օր վերականգնելու է իր երբեմնի հզորությունը, և ես ամեն ինչ կանեմ, որ այդ երազանքը մի օր դառնա իրականություն:
Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ, Բերձորի Վ. Թեքեյանի անվան  հ.1 միջնակարգ դպրոց.
 Մեկ տարեկանից ապրում եմ Բերձորում: Շատ եմ սիրում իմ քաղաքը՝ չնայած նրա բազմաթիվ թերություններին ու խնդիրներին: Այս քաղաքի  հետ են կապված իմ լավ ու վատ հիշողությունները, և եթե նույնիսկ տարբեր պատճառներով հետագայում այստեղ չբնակվեմ, միևնույն է՝ Բերձորն իմ հայրենի քաղաքն է, և ամեն առիթ կօգտագործեմ՝ այցելելու և նրան օգտակար լինելու:  
 Մեր հերթն էլ եկավ: Չեմ կարողանում հավատալ, որ այլևս   աշակերտ չեմ: Երբ ասում էին` ավարտես՝ դպրոցդ, կկարոտես՝ էլի չէի հավատում, բայց հիմա, հենց այս վայրկյանից իմ դպրոցին անչափ կարոտում եմ, կարոտում եմ  ուսուցիչներիս, ընկերներիս և նույնիսկ  դասարանս ու նստարանս: Ինձ համար իմ դպրոցն աշխարհի  ամենալավ կրթօջախն է։ 
Տասներկու տարին   բավարար  ժամանակ է, որպեսզի  ձևավորվի մարդ-անհատը,  նրա մտածելակերպը: Սա իմ կյանքի կարևոր հատվածն է: Այս ընթացքում ես ձեռք եմ բերել ընկերներ, ու կցանկանայի միշտ միասին լինել: Առանց նրանց օրս չեմ պատկերացնում: Իսկ եթե ավելի հակիրճ`՝սովորել եմ ինչ-որ չափով ճանաչել մարդկանց, տարբերել լավը վատից: Ամենամեծ երազանքս՝ ընդունվել իմ երազած  ֆակուլտետը և եթե ընդունվեմ՝ կձգտեմ դառնալ լավ մասնագետ և ինչ- որ նորություն մտցնել իմ ընտրած ոլորտում, առանձնանալ մյուսներից, որպեսզի իմ անունը հիշվի սերունդների կողմից`որպես մեր կյանքում  ինչ-որ նոր բան մտցրած մարդու, ինչպես՝ Մոնեն, Սարյանը, Դալին։
Հուսամ, որ  ապագայում կլինեմ երկրիս համար  արժանի քաղաքացի,  շրջապատիս համար լավ մարդ, իսկ լավ մարդ և առհասարակ մարդ լինելը շատ դժվար է: Անպայման կմնամ հայրենիքում  և կնվիրվեմ այն շենացնելու գործին:
Ներկայացրեց 
Ս.  ԽԱՉԱՏՐՅԱՆԸ