comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիսի 20-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկեցին շրջանավարտների ամփոփիչ-ատեստավորման քննությունները։ Հարկ է նշել, որ այս տարի լուրջ առաջընթաց է արձանագրվել քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացում։ Նախ՝  քննություններն անց են կացվում համակարգչի օգնությամբ։ Բացի ադ, օբյեկտիվություն և անաչառություն ապահովելու համար ձայնագրվում է քննական ողջ գործընթացը։ 
Մեկ այլ նորություն, որն առայժմ միայն ֆիզմաթ ֆակուլտետում է կիրառվում. այն է՝ քննությունները թեստային եղանակով կազմակերպում։ Գալիք ուսումնական տարուց Արցախի մայր բուհում բոլոր քննությունները կկազմակերպվեն այս եղանակով։  
ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանի խոսքերով՝ այս տարի բուհը կթողարկի 1172 շրջանավարտ՝ ինչպես առկա, այնպես էլ հեռակա բաժիններից, որից 972-ը բակալավրի կրթությամբ են, իսկ 200-ը՝ մագիստրոսի։ Ամփոփիչ-ատեստավորման քննություններն ընթանում են 27 մասնագիտությունների գծով՝ ներառյալ բոլոր ութ ֆակուլտետները։  Պահի դրությամբ բուհի ղեկավարությունը գոհ էր ավարտական քննությունների արդյունքներից՝ բացառությամբ երկու մասնագիտություններ՝ ֆիզիկա և ռադիոֆիզիկա, որտեղ շրջանավարտների մեծ մասը թույլ գիտելիքներ է ցուցաբերել՝ ստանալով անբավարար գնահատականներ։ Մասնագիտության հանդեպ թերացումը, ըստ պրոռեկտորի, պայմանավորված է խմբերի փոքրաթիվ ու միասեռ լինելով (արական). տղաները զորակոչվում են բանակ, իսկ զորացրվելուց հետո պատշաճ ուշադրություն չեն դարձնում ուսմանը, ավելի շատ զբաղվում են ընտանեկան կամ սոցիալական խնդիրներով։ Քննությունների ավարտից հետո այդ հարցը կքննարկվի համալսարանի գիտական խորհրդի նիստում, և ռեկտորատը միջոցներ կձեռնարկի այդ ուղղությամբ, ասաց Ա. Աբրահամյանը։ 
Քիմիայի և կենսաբանության ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանի տեղեկացմամբ՝ այս տարի ֆակուլտետը թողարկում է 190 շրջանավարտ՝ 5 մասնագիտությունների գծով. քիմիա, դեղաբանական քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և ատամնաբուժություն։ Քանի որ նշված ֆակուլտետում կան և՜ քառամյա, և՜ հնգամյա ուսուցմամբ շրջանավարտներ, մտցվել է նոր՝ քսան բալանոց գնահատման համակարգ, ինչը թույլ է տալիս նույնպես օբյեկտիվություն և անաչառություն ապահովել։ Այսինքն՝ գերազանց սովորողներին իրարից արդեն իսկ կարելի է տարբերել իրենց ստացած միավորներով (18, 19, 20)։ Քննությունները մեկնարկելու պահից առայսօր գրավոր կամ բանավոր որևէ բողոք չի եղել,  ինչը հավաստում է, որ դրանց կազմակերպման նոր ձևը՝ համակարգչային տարբերակը, ճիշտ է ընտրված, ասաց Վ. Միրզոյանը։  
Քննությունների ընթացքի մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար ստորև ներկայացվում են քննական հանձնաժողովների նախագահներից երկուսի կարծիքը։
Նոնա ԱԴԱՄՅԱՆ, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու (կենսաբանություն առարկայի քննական հանձնաժողովի նախագահ).
- Որպես հանձնաժողովի նախագահ՝ առաջին անգամ եմ ԱրՊՀ-ում մասնակցում ամփոփիչ-ատեստավորման քննություններին՝ ինչպես ավարտական աշխատանքների, այնպես էլ թեզերի պաշտպանությանը։ Բակալավրիատի ուսանողների համեմատությամբ մագիստրանտների մոտ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը, գիտելիքների մակարդակն ավելի բարձր են, ինչը միանգամայն տրամաբանական է. մագիստրատուրայում ուսուցման ժամկետը բավականաչափ երկար է, և բացի այդ, այստեղ ընդգրկվում են լավ գիտելիքներ ունեցողները։ Ինչ խոսք, բակալավրիատում սովորող ուսանողները, ելնելով քառամյա կրթությունից և դասապրոցեսի արդյունքից, կարողանում են միջին մակարդակով ապահովել իրենց գիտելիքները։ Եթե անկեղծ լինեմ՝ ես գտնում եմ, որ նրանցից ոչ բոլորը կարող են զբաղվել մանկավարժական գործունեությամբ՝ հաշվի առնելով ներկայիս կրթական ոլորտի պահանջները։ Միևնույն ժամանակ, ուսուցիչը պետք է լուրահատուկ վարքագիծ ունենա՝ դպրոցի ծրագրերի դժվարություններին դիմակայելու համար։ Կան ուսանողներ, որոնց ավարտական աշխատանքները վերաբերում են դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությանը՝ ավագ դպրոց, հիմնական դպրոց… Սա նշանակում է, որ նրանց հոգեհարազատ է դպրոցը, և ցուցաբերած գիտելիքներն էլ հավաստում են, որ նրանք կարող են դասարան մտնել ու դասավանդել։ 
Անշուշտ, բակալավրիատում նույնպես կան հիանալի ուսանողներ, որոնց մենք երաշխավորում ենք շարունակել ուսումը ոչ միայն մագիստրատուրայում, այլ նաև դրանից հետո՝ ընտրելով գիտության բնագավառը։ Իսկ մագիստրանտների զգալի մասը մեր երաշխավորությամբ կարող է ուսումը շարունակել ասպիրանտուրայում, ընտրել որևէ ուղղություն, քանզի հնագույն ժամանակներից սկսած՝ Ղարաբաղն այն երկիրն է, որը միշտ փայլել է ուղեղների ներուժով։ Ես հավատում եմ, որ ներկայիս սերունդը կշարունակի համալրել գիտնականների շարքը։  
Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի առաջատար մասնագետ (հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաների քննական հանձնաժողովի նախագահ).
- Մեծ գոհունակությամբ եմ ուզում նշել, որ Արցախի պետական համալսարանում շրջանավարտները վերոնշյալ առարկաներից ցուցաբերում են բարձր առաջադիմություն և իրենց գիտելիքներով ու իմացությամբ չեն զիջում Հայաստանի Հանրապետությունում գործող պետական բուհերի շրջանավարտներին։ Դրանում, անշուշտ, մեծ դեր ունեն ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոսները։ Կարելի է ասել՝ բարձր ցուցանիշը նրանց ջանադիր աշխատանքի արդյունք է։ Պահի դրությամբ մագիստրոսական թեզի պաշտպանություն է ընթանում. 12 հոգի են և բոլորն էլ ստանում են բարձր գնահատական՝ 20 և 19 միավոր, ինչը նրանց կատարած աշխատանքի արժանի գնահատականն է։ Այս առումով ես կուզենայի շեշտել մի կարևոր հանգամանք. մագիստրոսական թեզերը հիմնականում վերաբերում են Արցախի պատմությանը, հատկապես ազգային-ազատագրական պայքարին։ Ընդհանրապես բոլոր աշխատանքները գրված են գիտական մակարդակով, գիտական շարադրանքով, բայց մեկ աշխատանք շատ յուրահատուկ էր, և քննական հանձնաժողովը մեծ գոհունակությամբ որոշեց այն ներկայացնել ԱրՊՀ գիտխորհրդի քննարկմանը՝ տպագրելու նկատառումով։ Ուսանողը կատարել է բանահավաքչական հսկայածավալ աշխատանք, որը մնայուն գործ է սերունդների համար։ 
Ամփոփիչ¬ատեստավորման քննությունները կտևեն մինչև հունիսի 1-ը։ Իսկ դրանց կհետևի արդյունքների ամփոփումը՝ համապատասխան եզրակացություններով ու հետագա անելիքներով։    
 
 
 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ