[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՒՐԱՑԱՆՅԱՆ ՕՐԵՐԸ ԿՈՒՍԱՊԱՏՈՒՄ

Մուրացանյան օրերի մասնակիցների հայաստանյան  պատվիրակությունն Արցախի մի խումբ գրողների, արվեստագետների, բանաստեղծների հետ  մայիսի 30-ին հանդիպում ունեցավ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Լևոն Չալյանի հետ, որը ներկայացրեց շրջանում կատարվող սոցիալ-տնտեսական բարենորոգումները։
Ապա բոլորը մեկնեցին Կուսապատ գյուղ, որտեղից էլ շրջանում մեկնարկեցին Մուրացանյան օրերը։   Այստեղ, Վարուժան Քարյանի անունը կրող դպրոցի մոտ, դպրոցականներն աղուհացով դիմավորեցին հյուրերին։ 
Ծաղիկներ դրվեցին դպրոցի բակում կանգնեցված Մուրացանի հուշարձանին, ինչպես նաև դպրոցի սրահում արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշատախտակին։
Ե՜վ հայ դասականի  հուշարձանի մոտ, և՜ փառքի սրահում դպրոցականները ցուցադրեցին գրական-երաժշտական կոմպոզիցիա։
Դպրոցի տնօրեն Անյուտա Խաչատրյանը ողջույնի խոսքում կարևորեց հայ դասականների՝ մասնավորապես Մուրացանի ստեղծագործությունների դերը երեխաների հայրենասիրական դաստիարակության գործում՝ նշելով,  որ Մուրացանն այսօր էլ շարունակում է բարոյականության իր հավերժական դասը։ Մուրացանի հուշարձանը և դպրոցի բակի հուշաղբյուրը կառուցվել են կուսապատցի Միշա Մարությանի միջոցներով։ Բարերարը, որ գյուղի  բարգավաճման ջատագով է, վերջերս էլ հնարավորություն է ստեղծել, որ փոքրիկ գյուղը համացանցով կապվի աշխարհի հետ, և հեռավոր Օրենբուրգից իր շնորհավորանքի խոսքն է հղել Մուրացանյան օրերի առթիվ։
ՙԱզգային հպարտության անխառն զգացումով այցելեցինք այս գյուղը,- ասաց ՀՀ ԳՄ նախագահ Լևոն Անանյանը։¬ Ավանդական դարձած այս միջոցառումից մենք վերադառնում ենք մեծ ներշնչանքով ու ոգևորված։ Այս երեխաները, որ արտասանեցին, լույսի կերոններ են, այս գյուղի ապագան են, որ պահպանելու են այս հողը՚։
ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը միջոցառումը որակեց որպես ազգային ոգու, համերաշխության և միասնության տոն։
ՙՊատմական երկերով սերունդներ են դաստիարակվում, և այդ շարքում իր բացառիկ տեղն ունի ՙԳևորգ Մարզպետունին՚,-իր խոսքում ասաց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։
 
Կուսապատ գյուղը հայտնի է ոչ այնքան նրանով, որ գրողի կինն այստեղից է, այլ նրանով, որ  Մուրացանի քույրը հայտնի Աթաբեկյանների հարսն էր, որի մոտ կյանքի վերջին տարիներն է անցկացրել Մուրացանի մայրը՝ Հոռոմսիմը։ Վերջինս թաղված է գյուղի գերեզմանատանը։
Դպրոցի բակից Մուրացանյան օրերի մասնակիցները գնացին գերեզմանոց, ծաղիկներ դրեցին հայ մեծանուն գրողի մոր գերեզմանաքարին, որի վրա մակագրված է՝ ՙՄուրացանի մայր՝ Հոռոմսիմ՝ 1919թ.՚։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ