ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿ ՈՒ ՈԳԵՇՆՉՈՒՄ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

Laura_1.jpgՕրերս Շուշիի կենտրոնական գրադարանի հյուրն էր գրող, լրագրող, ՙԱպրելու բանաձև՚   հատորաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը։ Նրա հեղինակությամբ Արցախյան գոյամարտի մասնակիցների հերոսական պատմությունները, որպես ռադիոշարք, պահվում են ՀՀ հանրային ռադիոյի ՙոսկե ֆոնդում՚ և արժանացել են Հայաստանի ժուռնալիստների միության սահմանած ՙԱզդարար՚ մրցանակին։ 
Գրականագիտական մի շարք հոդվածներ, քնարական բանաստեղծություններ, ՙԵրեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին՚ գրքի երկրորդ մասի թարգմանություն, ՙԻմ առաջին գիրքը՚ մանկական պատմվածքների ժողովածու, ՙՃղակոտոր իմ տոհմածառ՚ վավերագիր վիպերգ. սրանք Գ. Մարտիկյանի այն գործերն են, որոնք տպագրվել են մինչ ՙԱպրելու բանաձև՚ գրքի առաջին հատորի լույսընծայումը։ Հետո արդեն տպագրվեցին այս շարքի 2-րդ, 3-րդ և 4-րդ հատորները։ Ներկայումս տպագրության են պատրաստ ՙԱպրելու բանաձև՚-ի 5-րդ, 6-րդ և 7-րդ հատորները։ 
Շուշիի շրջվարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը երկու մասից էր բաղկացած. առաջին մասը նվիրված էր Մայիսյան հաղթանակներին, իսկ երկրորդը՝ Գոհար Մարտիկյանի ստեղծագործություններին և Արցախյան պատերազմում զոհված նրա որդուն, ում հիշատակի հավերժացումով էլ որդեկորույս մայրը սկիզբ է դրել ՙԱպրելու բանաձև՚ շարքի համապարփակ նախաձեռնությանը։   
Հարկ է նշել, որ որդեկորույս մոր համար այս միջոցառումն անակնկալ էր։ Նա անչափ հուզված էր հատկապես Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի նախադպրոցական խմբի և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների ելույթներից, որոնցում վեր հառնեցին խիզախ քաջորդու՝ հատուկ նշանակության գնդի առաջին զոհի՝ Աշոտ Չախոյանի կյանքն ու սխրանքը (միջոցառման կազմակերպիչ՝ Նարինե Գրիգորյան)։ 
ՙԵս չեմ եկել սգալու, ես եկել եմ ձեզ հետ միասին տոնելու մեր փառահեղ հաղթանակը։ Երբ սկսեցի գրել Արցախյան հերոսամարտի պատմությունը, հասկացա, որ մենք դարեր անց կերտել ենք հայոց պատմության ոսկեդարը՝ շնորհիվ մեր նահատակված տղաների։ Երջանիկ եմ, որ այսօր ձեզ հետ եմ՚,- ասաց Գ. Մարտիկյանը։ 
Վերջում նա իր ՙԱպրելու բանաձև՚ գրքերի հատորները նվիրեց Շուշիի կենտրոնական գրադարանին՝ ասելով. ՙՍրանք լոկ գեղեցիկ տեսքով գրքեր չեն։ Այստեղ ազգի այն հերոսական պատմությունն է, որը մեզ պարգևեց ազատ ու անկախ Արցախ աշխարհ, և որը պետք է միանա Հայաստանին՚։ 
Միջոցառման ավարտին  հարցազրույց ունեցանք Գոհար ՄԱՐՏԻԿՅԱՆԻ հետ։ 
 
- Տիկին Գոհար, Դուք բավականին ծանր աշխատանք եք ստանձնել՝ ներկայացնելով  Արցախյան գոյամարտում մեր  քաջարի զավակների հերոսապատումը կենդանի ու սրտահույզ դրվագներով։ Ե՞րբ եք սկսել աշխատանքը, ե՞րբ տպագրվեց առաջին հատորը։ 
- Աշխատանքն սկսել եմ 2003 թվականից։ Արդեն 850-ից ավելի զոհված ազատամարտիկների կենսագրություններ (ես կասեի՝ գողտրիկ մանրապատումներ.¬Լ. Գ.) տեղ են գտել իմ գրքերում։ Տպագրության են պատրաստ 5-րդ, 6-րդ, 7-րդ հատորները։ Այժմ աշխատում եմ 8-րդ հատորի վրա։ Չգիտեմ՝ գուցե Տերն է տալիս այդ կարողությունը, որպեսզի կարողանամ աշխատել ու սերունդներին փոխանցել հավերժի ճամփորդը դարձած տղաների հերոսական ուղին։ Երբեմն ինքս էլ եմ զարմանում՝ ինչպես եմ կարողանում նրանց հետ ծնվել, նրանց հետ մտնել մարտադաշտ ու… նրանց հետ զոհվել։ Եվ այդպես՝ 850 անգամ։ 
ՙԱպրելու բանաձև՚-ը հետաքրքիր սկիզբ ունեցավ։ Որդուս զոհվելուց հետո նրան հասցեագրված բազում նամակներ ու նյութեր գրեցի, որոնցում զրուցում էի նրա հետ…այնպես, ասես նա չէր զոհվել, այլ գտնվում էր մի վայրում և դեռ անելիք ունի։ Այդ զգացողությունն ինձ երբեք չի լքում։ Սկզբնական շրջանում, խոստովանեմ, ահավոր ծանր էր, բայց հետո մի զորավոր ուժ ինձ հնարավորություն տվեց ստեղծագործությունների միջոցով շփվել իմ Աշոտ որդու, նրա էության հետ, ով դեռևս փոքրուց ապրել էր ինքնայրումով, ինքնանվիրումով։ Անում էր ամեն ինչ, որ ժպիտ պարգևեր, անում էր բոլոր ծանր գործերը, որպեսզի ընտանիքում ոչ ոք չհոգնի, հատկապես մայրը։ Չէր տրտնջում, ոչ մի դժվարության առջև չէր ընկրկում… Հետո միայն ես վերլուծեցի ու հասկացա, որ դա ինքնայրումով ապրելու մի կյանք էր, ապրելու բանաձև… Այսինքն՝ այս վերնագիրը որդիս թելադրեց։ Զգում եմ, որ վերնագիրը շատերին է ներշնչում ապրել այնպես, որ այն դառնա օրինակ։ 
Առաջինը գրեցի որդուս մասին։ Ես կշարունակեմ գրել նահատակների  մասին, քանզի  զոհվելուց հետո էլ  նրանց կյանքը չի վերջակետվում։ Դրանք սոսկ կենսագրություններ չեն, այլ հայի ապրելու բանաձև՝ հայ մնալու, հայոց հողը պահելու և շենացնելու համար։ 
- Հիրավի, ընթերցում ես գիրքը, և աչքիդ առջև վեր են հառնում փորձառու և տակավին անփորձ, բայց միշտ ազնիվ հայրենասիրությամբ տոգորված հերոսների վսեմ կերպարները։ Ինչպե՞ս եք ընտրություն կատարում՝ ում մասին գրել, ում տեղ տալ գրքերում։ 
- Հայրենիքի համար իրենց զոհաբերած բոլոր հայորդիներն էլ արժանի են մեծարանքի ու խոնարհումի, շքանշանի ու մեդալի։ Դա  է պատճառը, որ ես նրանց մասին գրելիս չեմ շեշտում, թե ով ինչ պարգևի է արժանացել։ Ինչպես գրքին տված իր գնահատականում ասել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը, կերպար առ կերպար նրանք իրենց մնայուն տեղն են գտել այս գրավոր պանթեոնում՝ որպես անմահ զորախումբ՝ հետագա հարձակումները կասեցնելու վճռականությամբ։ 
Առաջին հատորը պետպատվերով է տպագրվել, 2-րդը՝ Քաշաթաղի բազմանդամ ընտանիքների ՙԳուրգեն Մելիքյան՚ հիմնադրամի, 3-րդը՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի, 4-րդը՝ գյումրեցի գործարար Գուրգեն Սողոմոնյանի և նրա ընկերների հովանավորությամբ։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց։
-  Դժվարությա՞մբ եք հավաքագրում փաստերը… 
- Դժվարությամբ, տառապանքով և ի վերջո՝ սիրով։ Ամենակարևորը՝ սիրով։ Ամեն անգամ որևէ հերոսի կենսագրություն ավարտելուց ես աղոթք եմ հղում առ Աստված՝ տա ինձ հնարավորություն, որպեսզի շարունակեմ։ Պատկերացնո՞ւմ եք, ոչ մի կենսագրություն, գրված ոչ մի բառ մեկը մյուսին չի կրկնում (սա իմ կարծիքը չէ, սա ընթերցողների, գրականագետների կարծիքն է)։ Որովհետև որևէ մեկի ապրած կյանքը մյուսի ապրած կյանքի նման չէ։ 
- Հիրավի, ՙԱպրելու բանաձևին՚ իր բարձր գնահատականն է տվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը, նշելով, որ այն ավելին է, քան սովորական հանրագիտարանը։ Իսկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը վերջերս ՀՀ հանրային ռադիոյով երիտասարդների կողմից ամենից շատ ընթերցվող երկու լրագրողի անուն հնչեցրեց՝ Մարգո Ղուկասյան և Գոհար Մարտիկյան։ Ասաց, որ ՙԱպրելու բանաձևը՚ դարձել է գիտական թեզի պաշտպանության թեմա։ Այսինքն՝ այն արդեն ընտրում են որպես գիտական աշխատանք…
- Այդպես է։ Արդեն քանի՛-քանիսի ընդդիմախոսն եմ եղել։ Թող անհամեստություն չթվա՝  իմ գրքերում հաղորդագրություններ կան սերունդներին՝ նախորդ սերնդից եկած՝ նոր սերնդին և նրանից հետո եկողներին թողնված հարուստ նյութ. ինչպես պետք է ճիշտ ապրել՝ ազգը, հայրենիքը պահելու համար։ Գրելու ժամանակ երբեմն, անկախ ինձնից, նոր բառեր են ծնվում, և եթե մեկն ու մեկը ժամանակ ունենա ու կարդա սկզբից մինչև վերջ՝ կտեսնի, թե ինչքան նոր բառեր են ստեղծվել՝ չօգտագործված, բայց շատ տեղին ու հայերեն, գրագետ… 
Հուսով եմ՝ կգտնվեն հովանավորներ հաջորդ հատորները տպագրելու համար, քանզի դա ոչ թե ինձ համար է, այլ սերունդների։   
- Տիկին Գոհար, Դուք հրավիրված էիք Մայիսյան եռատոնին նվիրված զորահանդեսին։ Ի՞նչ զգացում ունեցաք այն դիտելուց հետո։ 
- Հպարտության։ Այդ զգացումն էր ինձ պարուրել ամբողջությամբ։ Չնայած բավականին հոգնած էի, բայց թե ինչքան էի ինձ հզոր զգում՝ երևի միայն ես գիտեմ։ Կարծում եմ՝ այդ պահին հզոր էր ողջ հայ ժողովուրդը։ Այդպիսի բանակով մենք դեռ շատ հաղթանակներ պիտի կռենք…
Թող Տերը պահապան լինի ապրողներին, իսկ զոհված հերոսների փոխարեն նրանց անձնազոհության օրինակով  ապրողները թող ունենան Ամենակալ Աստծո օրհնությունը։  
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ