ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՀԱՆԳԻՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

qnnutyun.jpgՀունիսի 5-ին անցկացվեց երկրորդ միասնական քննությունը։ Այն  հայոց  լեզու և հայ գրականություն առարկայից էր, որը մասնակիցների առումով ամենախոշորն էր՝ 937 հոգի։  Եվ դա պատահական չէ. լեզուներ, պատմություն, լրագրություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, ինչպես  նաև տնտեսագիտական բլոկի մասնագիտություններով բուհ ընդունվողների համար հայոց լեզու,  գրականություն առարկաները մրցութային են։ Ասել է թե՝ այս քննության արդյունքներով շատ բան է կանխորոշվելու։ 
Միասնական  քննություններն ընթանում էին հանրապետության բոլոր 8  քննական կենտրոններում։ Գործի են դրվել նաև տեխնիկական բոլոր միջոցները՝ պատճենահանող սարքեր, տեսախցիկներ, մոնիտորներ, խլացուցիչներ և նրանց սպասարկող անձնակազմ։ Դեռ օրեր առաջ մեզ տված հարցազրույցում ԼՂՀ ԳԹԿ տնօրենն ասել էր, որ մեծ լարվածություն են զգում հատկապես  տեխնիկական մասով` հանկարծ խափանումներ չլինեն։ Ինչպես պարզեցինք օրվա վերջում, բարեբախտաբար տեխնիկական մասով և ընդհանրապես՝ բոլոր առումներով  անախորժություններ չեն գրանցվել։ Քննական կենտրոններում, համաձայն կարգի, ԳԹԿ ներկայացուցիչներից բացի,  վերահսկողություն իրականացրին նաև Կրթության և գիտության նախարարության պատասխանատու աշխատողները։ Ինքը՝ նախարար Վ. Խաչատրյանը,  առավոտվանից գտնվում էր ԱրՊՀ¬ում, փոխնախարար Ս. Ասրյանը՝ հ. 2 դպրոցում։ Ի դեպ, այստեղ դիմորդներն ամենաշատն էին՝ 180 հոգի, քննություններն էլ ընթանում էին 2 սենյակում։ Բացակայում էին 3 դիմորդ, իսկ ընդհանուր առմամբ՝ բացակաների թիվը 5¬ն էր։ Հարգելի պատճառի դեպքում նրանք համապատասխան փաստաթղթեր պետք է ներկայացնեն բողոքարկման հանձնաժողով և իրավունք ստանան մասնակցելու քննությունների լրացուցիչ  փուլին, որը կկայանա հուլիսի 2-8-ը։
Դիմորդների ծնողները և հարազատները  քննասենյակում  կատարվող գործողություններին հետևում էին դրսում  տեղադրված էկրաններից։ Կազմակերպիչների` դիմորդներին վիճակահանության  թերթիկով համապատասխան նստարաններ ուղղորդելուց և ձևաթղթերը  բաժանելուց հետո առաջին նստարանին նստած դիմորդները, ի տես բոլորի,  մկրատով կտրում են թեստերի պարունակությամբ  պոլիէթիլենային  գաղտնագրված ծրարները։ Չորս տարբերակով թեստերը բաժանվում են դիմորդներին։ Քննական կենտրոնի ղեկավարը ևս մեկ անգամ դիմում է  դիմորդներին`  համոզվելու, որ յուրաքանչյուրի թեստի  համարը համապատասխանում է իր  նստարանի համարին։  Դրա անճշտությունը ճակատագրական կարող է լինել  դիմորդի համար։ 
Փոխնախարար Ս. Ասրյանն, անցնելով երկու քննասենյակներով՝ վերջին հրահանգներն է տալիս  դիմորդներին՝ չշրջվել, չխոսել, չհուշել,  ուղիղ շարքով նստել իրար հետևից, կենտրոնանալ աշխատանքի վրա՝ հիշեցնելով, որ  դիմորդը երկրորդ անգամ  նկատողություն ստանալու դեպքում կհեռացվի քննասենյակից։
Ուղիղ 9-ն անց կեսին սկսվում է քննությունը։  Քանի դեռ դիմորդները ներսում աշխատում էին, դրսում ծնողները  էկրանների  առջև խռնված`  ցանկանում էին դիմորդների բազմության մեջ  գտնել իրենց երեխաներին։ Ոմանց հաջողվում էր, եթե դիմորդը  տեսախցիկին մոտ էր նստած, մյուսները  ցանկություն էին  հայտնում, որ էկրանները մեծ լինեին, և իրենք հեռվում նստած, ինչպես կինոդահլիճում,  հետևեին այդ ամենին։ Ծնողներից մեկը կանխատեսում արեց. ժամանակ կգա, որ քննական կենտրոն  ներկայանալու հարկ չի լինի, յուրաքանչյուրն իր համակարգչի առաջ նստած՝ ուղիղ ռեժիմով կհետևի  քննության ընթացքին։ 
Իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները դրսում սպասողները  ստացան ԿԳ փոխնախարար Ս. Ասրյանից։ Նորություն էր այն, որ այս տարվա հայոց լեզու և գրականություն  թեստերը 5000 հարց պարունակող շտեմարանից են, և հաջորդ  տարվանից մյուս առարկաների քննություններն էլ շտեմարանով կանցկացվեն։ Մի քանի հազար հարց պարունակող շտեմարաններին տիրապետելու համար անշուշտ  մեխանիկական սերտում չի պահանջվի։ 
ԿԳ նախարար Վ. Խաչատրյանը գոհ է դիմորդների պահելաձևից՝ ասելով, որ  ավելի կարգապահ են դարձել և չեն նյարդայնացնում  կազմակերպիչներին։ Դիմորդն առնվազն 30 առաջադրանք պետք է ճիշտ լուծի՝ 7,5 միավոր՝ նվազագույն դրական շեմ  ապահովելու համար։
 Քննության ավարտից 2 ժամ անց դիմորդները  կայքում տեղադրված ճիշտ  պատասխաններից իմացան իրենց արդյունքները, բայց պաշտոնական  ձևով կիմանան 5 օր անց։ 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ