comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵՑ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵՑ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ

22.jpgՕգոստոսի 27-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, առաջին անգամ Արցախում բացօթյա համերգ տվեց մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության համար:
Իրադարձությունը խորհրդանշական էր, հատկապես որ նվագախմբի նոր համերգաշարը սկսվեց հենց Արցախի մայրաքաղաքում տված ելույթով` նվիրված ԼՂՀ հռչակման 21-րդ տարեդարձին: Հատկանշական էր նաև այն, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին ելույթը սկսվեց Արցախի պետական երգչախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նինա Գրիգորյան): Համատեղ կատարմամբ հնչեցին Հենդելի և Տիգրանյանի ՙԱլելույա՚ և ՙՀամբարձում յայլա՚ ստեղծագործությունները: Նվագախումբը փայլուն կատարեց աշխարհի լավագույն` Բերլիոզի, Ռախմանինովի, Պուչինիի, Վերդիի, Ռավելի, Խաչատրյանի և համաշխարհային մեծության այլ երգահանների գլուխգործոցները, որտեղ մենակատարում էին սոպրանոներ Մերի Մովսիսյանը, Մարիաննա Մարտիրոսյանը և բարիտոն Գևորգ Հակոբյանը: Հնչեցին նաև հատվածներ նվագախմբի Hollywood non stop ծրագրից` Էնիո Մարիկոնեի և Ջոն Ուիլյամսի երաժշտությունը ՙՄի անգամ Ամերիկայում՚, ՙՇինդլերի ցուցակը՚, ՙԿնքահայրը՚ ֆիլմերից։ Իսկ թե ինչ տպավորություւն թողեց Մարինա Ալեքսի ՙՊատրանքի  թևերով՚ երգը հանդիսատեսի վրա, հնարավոր չէ նկարագրել։ Հանդիսատեսների հայացքները լուսավորվեցին, նրանք այնքան էին հուզվել Գ. Հակոբյանի կատարումից, որ երկա՛ր  բուռն ծափահարություններով բաց չէին թողնում արտիստին։       Դասական երաժշտության գոհարների հրաշագործ ձայները ճախրում, յուրահատուկ մթնոլորտ էին ստեղծում հրապարակի մերձակա ամբողջ տարածքում: Մեծագույն հաճույք էին վայելում ոչ միայն հանպատրաստից դահլիճում նստած հանդիսատեսները, այլև հրապարակում ու մերձակա տարածքում զբոսնողները: Հրաշալի նախագիծ, որի աջակիցն ու կազմակերպիչն էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, և որը, հուսով ենք, շարունակական բնույթ կունենա, քանի որ, ըստ բազմաթիվ հանդիսատեսների, համերգը հոյակապ էր` շատ տեղին ու արժանի՝ դառնալու ավանդական: 
Նվագախմբի հաջողությունների և պլանների մասին է մեր հարցազրույցը Սերգեյ ՍՄԲԱՏՅԱՆԻ հետ:
- Դուք այդքան երիտասարդ, հասցրել եք մեծ ճանաչում ձեռք բերել, Ձեր ստեղծած նվագախմբով շրջել աշխարհի լավագույն բեմեր: Ի՞նչ զգացմունքներ էին Ձեզ հուզում, երբ առաջին անգամ Արցախում, այն էլ` Վերածննդի հրապարակում, այս շքեղ տարածքում ելույթ էիք ունենում:
- Այո, տարածքը շատ շքեղ է, բայց ավելի կարևոր բան ես տեսա: Երբ դուրս ես գալիս բեմ ու տեսնում, որ հանդիսատեսն ուզում է գնահատել, դրական լիցքեր հաղորդել, դա շատ կարևոր է արտիստի համար: Կար, ռուսերեն ասեմ, ՏՑՊՈփՈ, հասկանում էին, ճիշտ արձագանքում, ողջունում շատ ջերմորեն: Շատ շնորհակալ ենք: Շատ հուզված ու ոգեշնչված ենք:
- Մենք իմացանք, որ կազմակերպողը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, բայց, այնուամենայնիվ, ո՞ւմ մտքով անցավ գաղափարը` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տալ բացօթյա համերգ:
- Ճիշտն ասեմ, դա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությունն էր: Մենք քննարկեցինք ու եզրակացրինք` իսկ ինչու՝ ոչ: Մենք գիտենք, որ Ստեփանակերտն ունի շատ լեցուն մշակութային կյանք: Գիտենք, որ բացօթյա համերգներ էլի եղել են...
- Այո, Հայաստանի պետական կամերային նվագախումբը` Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ, Երևանի կոնսերվատորիայի օպերայի ստուդիայի նվագախումբը` Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ...
- Բայց սիմֆոնիկ նվագախումբով, այսքան լայնամասշտաբ առաջին անգամ է, որ տեղի է ունենում: Պատկեցնո՞ւմ եք, ինչքան դժվար էր այս ամենը պատրաստել, կազմակերպել. հանպատրաստից  դահլիճ, բեմ, լույս, ճիշտ հնչողություն... Դրա համար կարող եմ ասել, որ նախագիծը կարելի է համարել հաջողված: Ամեն ինչ լավ էր` լույսը, ձայնը, նվագախումբը, մենակատարները, երգչախումբը: Պետք է ասեմ, Արցախն ունի փայլուն երգչախումբ, որի պրոֆեսիոնալիզմը շատ բարձր է։ Պատկերացրեք, մեկ փորձը բավական էր, որ ամեն ինչ տեղն ընկնի։ Կարծում եմ, մեր մշակութային կապը կամրապնդվի, ավելի կաշխուժանա: Մենք մեկ մշակույթ կրող ժողովուրդ ենք, ուղղակի կապերը պետք է ավելի ակտիվացնենք տարբեր մարզերի միչև:
- Պատմեք Ձեր մասին, որտե՞ղ եք սովորել, կատարելագործվել:
- Ես սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում, հետագայում ուսումս շարունակել եմ Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում: Երևանի, Մոսկվայի կոնսերվատորիաներն ավարտել եմ որպես ջութակահար, իսկ որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր՝ սովորել եմ Վիեննայում, Լոնդոնում: Այս տարվա հունիսին ավարտել եմ Լոնդոնի թագավորական ակադեմիան` աշխարհահռչակ Կոլին Դեվիսի մոտ: Շատ հպարտ եմ, որ ուսանել եմ այդ հաստատությունում, որն աշխարհում դասվում է լավագույնների շարքը: Հիմքը դրել եմ Երևանում, նկատի ունեմ երիտասարդական նվագախումբը, որ ծնունդ առավ 2006-ին: Գտնում եմ, որ երիտասարդական նվագախումբը միայն հպարտություն է բերում Հայաստանին, դա մեր երկրի ՙհիշարժան վայրերից՚ մեկն է, այսինքն, կա մի կոլեկտիվ, որը ոչ թե ինքն իրեն գոյատևում է, այլ պետությունն է ուշադրության ներքո պահում, հովանավորում, հոգում ամեն մի հարց:
- Ասում են՝ մեր ժողովուրդը չի սիրում դասական երաժշտություն: Դո՞ւք  ինչ կարծիքի եք:
- Ինձ էլ են շատ ասում, որ մեր ժողովուրդը չի սիրում դասական երաժշտություն: Բայց ես ամենուր տեսնում եմ, որ դա այդպես չէ: Փաստերը, իրողությունը հակառակն են վկայում: Սովորաբար աշխարհահռչակ նվագախմբերում նվագում են տարբեր ազգերի երաժիշտներ, միայն Հայաստանում է, որ բոլոր նվագախմբերը, բոլոր երգչախմբերը կազմված են հայ երաժիշներից, և բոլորն էլ անխտիր շատ բարձր մակարդակ ունեն: Դրա  վառ ապացույցն է այն, որ աշխարհում Հայաստանի կոլեկտիվներին, անհատ երգիչ, երաժիշտ կատարողներին հրավիրում են հանդես գալ լավագույն բեմերում: Իսկ թե ինչպիսի ուշադրությամբ են լսում մեզ Հայաստանի մարզերում, վառ օրինակ՝ Ստեփանակերտում: Պարզապես ավելի հաճախակի պետք է կազմակերպվեն նման համերգներ: Մարդիկ սիրում են, ուրեմն՝ պետք մատուցել, և որ կարևոր է, ճիշտ մատուցել: Ասեմ ձեզ, երիտասարդական նվագախմբի համերգները միշտ անցնում են լեցուն դահլիճներով, ինչը վկայում է, որ խումբը կայացած է: Տեսեք, այս անգամ համերգը մարդկանց դուր եկավ, մյուս անգամ որ գանք, նրանք կհամոզեն իրենց  ընկերներին, բարեկամներին՝ մեր համերգը գան, լսեն, և այսպես, այս հրաշալի երաժշտությունը շատ գեղեցիկ ձևով ինտեգրվում է հասարակությանը:
- Իսկ պլաննե՞րը։ 
-Պլանները շատ են ու բազմազան, համերգներ՝ աշխարհով մեկ, իսկ ժամանակացույցը՝ հագեցած։  
  
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ