comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՈՒՐՋՊԱՐԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՙՔՈՉԱՐԻՆ՚ ԿԱՄ՝ ՃՐԱԳ, ՈՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՀՐԴԵՀ ԲՌՆԿՎԵԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՐՋՊԱՐԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՙՔՈՉԱՐԻՆ՚ ԿԱՄ՝ ՃՐԱԳ, ՈՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՀՐԴԵՀ ԲՌՆԿՎԵԼ

 altՍտեփանակերտի Շահումյանի անունը կրող գողտրիկ պուրակում տոնախմբություն է. ձայնագրությամբ հնչող երաժշտությունն իր շուրջն է հավաքել երեկոյան զբոսանքի դուրս եկած երիտասարդներին, պատանիներին, երեխաներին և նրանց ծնողներին։ 

Ոմանք մոտենում են՝ կարծելով, թե դրսից համույթ է եկել համերգների, և նրանց զարմանքը մեծ է լինում, երբ տեսնում են իրենց ծանոթ, բարեկամ, հարևան մարդկանց (հիմնականում՝ երիտասարդներ ու երեխաներ) շուրջպար բռնած՝ ազգային երաժշտություն, ազգային պար՝ ՙԿարնո քոչարի՚, ՙԹամզարա՚, ՙԳյովընդ՚, ՙՓափուրի՚, ՙԾաղկաձորի՚, ՙՔերծի՚... Ոչ միայն հետաքրքրությունից դրդված մոտենում ու դիտում ենք այս հրաշալի տեսարանը. երիտասարդ մի աղջիկ կենտրոնում նախ ուսուցանում է պարի շարժումները, այնուհետև մեկնում, բացատրում պարերի ստեղծման պատմությունը, շարժումների խորհրդանշական իմաստն ու բովանդակությունը։ 

Այն սերունդը, որ այժմ 60-70 տարեկան է, լավ հիշում է, թե ինչպես կես դար և ավելի առաջ, խորհրդային տարիներին, այս նույն քաղաքում, որն այն ժամանակ մարզային կենտրոն էր կոչվում, այս նույն պուրակի հարևանությամբ, մի այլ այգում ամառային ամիսներին հնչում էր երաժշտությունը, և երեխաները պարում էին ամեն ազգի պարեր, բացի ազգայինից (ինտերնացիոնալ ժողովուրդ, ինտերնացիոնալ մշակույթ)։ Կես դարը ժամանակի հոլովույթի մեջ այնքան էլ մեծ հատված չէ, բայց դարակազմիկ փոփոխություններ տեղի ունեցան. ստեղծվեց հայոց երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ազատագրվեց մեր մեծ հայրենիքի մի փոքրիկ հողակտորը՝ պատմական Արցախ-աշխարհի մի մասը, ուր այսօր ստեղծվում ու զարգանում է ազգային մշակույթը, վերականգնվում են ազգային ավանդույթները, Շահումյանի անունը կրող պուրակում, շատրվանների մոտ շրջան է կազմել, շուրջպար է բռնել  ազատ ու անկախ մեծացած մի սերունդ, որ չի տեսել ու չի էլ պատկերացնում ազերական գաղութային լուծ և իր ազգային պարն է պարում՝ ՙՍասնա Քոչարին՚, ՙԿարնո Քոչարին՚, և տեսնելով այս ուս ուսի, ձեռք ձեռքի տված, հպարտ, առնական  շարժումները՝ հավատում ես այն երազանքին ու տեսլականին, որ մի օր էլ հայրենազրկվածների որերորդ սերունդը ՙՔոչարի՚ է պարելու այն լեռներում ու հովիտներում, ուր ստեղծվել է այս հրաշք մշակույթը։ Մշակույթ, որ աշխարհ է զարմացնում, որին անհաղորդ ենք եղել մենք 70 խորհրդային տարիներ։ Վերադարձ մեր արմատներին, մեր ակունքներին։  

Հնչում է ՙՔոչարին՚։ Գնալով շրջանը մեծանում է՝ իր մեջ ընդգրկելով նորանոր պարողների։ Պարի ղեկավարը նրբորեն կարողանում է կոտրել անհամարձակների ու երկչոտների դիմադրությունը, ու շրջանը մեծացնելով, արդեն երկու շարքով են կանգնում՝ ըստ տարիքի։ Այսինքն, միջոցառումն արդեն զանգվածային բնույթ է կրում, տևում է գրեթե երկու ժամ, և հոգնություն չկա։

Պարի ավարտին մոտենում ու ծանոթանում եմ պարուսույց  աղջկան՝ Ծովինար Ավետիսյանին։ 

Ավարտել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան 10-րդ միջնակարգ դպրոցը։ Վեց տարեկանից դպրոցի հետ միաժամանակ հաճախել է Գյուրջյանի անվան արվեստի դպրոց՝ պարի դասարան։ Հայրը՝ Կարմեն Ավետիսյանը, սարուշենցի է, ճանաչված մանկավարժ  Սերգեյ Ավետիսյանի տղան, մասնագիտությամբ՝ ճարտարապետ, Արցախյան պատերազմի նվիրյալ հրամանատարներից մեկը։ Աղջկա մայրը՝ Եկատերինա Դուբինինան, ծննդով Ալթայի երկրամասից է, մասնագիտությամբ՝ բանասեր, պակաս ճանաչված չէ՝ որպես հայրենասեր, ընտանիքում հայեցի դաստիարակության ջատագով։ 

Ավետիսյանների ընտանիքում մեծանում են չորս երեխաներ, որոնց շփումը և կապը Սարուշենի հետ մեծանում է Արցախում սկիզբ առած պատերազմի շրջանում, ժամանակ առ ժամանակ, գրեթե տարուց ավելի գյուղական դպրոց են հաճախել։ Ծովինարը ոգևորությամբ է հիշում այդ տարիները, երբ գյուղում միջոցառումներ էին կազմակերպում ֆիդայական ջոկատների համար. սովորում էին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, գրում փոքրիկ սցենարներ և բեմադրում։ Մանկության այդ տարիների ապրածը աղջկա հոգում խոր հետք է թողել՝ հրաշք բնությունը, այն ժամանակվա ոգին, միասնությունը, հայրենասիրական շունչը։ Աղջկա հոգուն շատ բան է տվել նաև պապիկի հետ շփումը՝ տանը, դպրոցում, այգում, բանջարանոցում, գրասեղանի առաջ նստած, գրել-կարդալը, տեքստի գլխատառերը շքեղ զարդարելը, գյուղական վառարանի ծխի հոտը, տաք ճաշի բույրը՝ իհարկե աղքատիկ, քիչ, բայց արտակարգ համով։ Գյուղական այս միջավայրում, հայկական օրինակելի այս օջախում ձևավորվել է աղջիկը, և մանկության օրերի նուրբ ու ազնիվ զգացողությունը հորձանք է տալիս ու  ընթացքավորում ճանապարհը։ 

Քաղաքի միջնակարգ դպրոցում սովորելու տարիներից հիշելու քիչ բան է մնացել աղջկա հոգում, եթե չհաշվենք արվեստի դպրոց հաճախելը, 7-րդ դասարանն ավարտելը, քաղաքի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն հաճախելը։ Արվեստի դպրոցն ավարտելուց հետո դա միակ մշակութային օջախն էր, որտեղ աղջիկը կարող էր պարել։ Ակտիվորեն մասնակցել է համերգներին, միջոցառումներին, առանձնացնում է ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոնին մասնակցելը, Չայկովսկու ՙՎալսը՚ պարելը, առաջին, այսպես կոչված, ՙհոնորար վաստակելը՚։ 

ԼՂՀ պարի պետականը 1999-ին նոր կազմ է հավաքագրում։ Ծովինարը մտնում է համույթի պարողների շարքը, միաժամանակ ընդունվում է Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի հագուստի մոդելավորման բաժինը, ավարտում այն, ապա չորս տարի աշխատում քաղաքի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում՝ որպես պարուսույց։ 2008-ին ընդունվում է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժինը։ Համալսարանն աղջկան խոր գիտելիքներ է տալիս հայ և համաշխարհային գրականությունից, հունական դիցաբանությունից,  համաշխարհային դրամատուրգիայից, գեղանկարչությունից, ուսումնասիրում են ազգային ծեսեր, շփվում մայրաքաղաքի հոգևոր-գեղարվեստական կյանքի հետ։ 

Ծովինար Ավետիսյանի հոգևոր աշխարհի ձևավորման գործում անգնահատելի դեր է կատարել ծանոթությունը ՙԿարին՚ ազգագրական խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ։ Հանդիպումներն սկսվել են Գյուրջյան կիրառականարվեստի ինստիտուտում սովորելու տարիներից, շարունակվել կես տարուց ավելի՝ հեռախոսազրույցներով, այնուհետև՝ հանդիպումներ Երևանում, ժամերով զրույցներ ազգային մշակույթի, ազգային պարի շուրջ։ Աղջկա աչքերի առջև նոր աշխարհ է բացվում, ազգային պարը որպես ազգային մշակույթի մաս։ Ծովինարի մոտ հիմքը՝ այբուբենն արդեն կար, այն, ինչ հնարավոր էր Ղարաբաղում ձեռք բերել։ Մանկավարժականում սովորելու տարիներին նա սկզբում որպես դիտորդ է մասնակցում խմբի փորձերին, սիրահարվում ազգային պարին։ Առաջին սովորածը ՙԻշխանաց՚ պարն էր, ամենաբարդը, և այսպես, կամա թե ակամա,  մտավ ՙԿարին՚ ազգագրական խմբի մեջ։ Այնուհետև ակտիվ կյանք, համերգներ, շրջագայություններ, տարբեր համերգասրահներ և մեծ ու փոքր բեմեր, ծանոթություն Հայաստանի գրեթե բոլոր մարզերի հետ,  ազգային ծեսերի հետ։ Կենդանի շփումը կյանքի հետ հեշտացնում էր նաև մանկավարժականում սովորելը։ ՙՆարեկացի՚ արվեստի միությունում դիպլոմային աշխատանքի վրա (գրական-երաժշտական երեկո) աշխատելը ևս կենսափորձի առումով աղջկան շատ բան է տվել. սցենարի գաղափարական իմաստը ծնվում է մոմից, որի լույսի տակ անցկացրել էր պատերազմական տարիները։ Մոմի լույսը՝ Համո Սահյանից ու Վահագն Դավթյանից ընտրված բանաստեղծական տողերով շաղախված, իր կյանքն է, իր մանկությունը, բնության գովերգ, սեր, գույն, պար, կոմիտասյան երգեր, և այս ամենը վերջում ամբողջանում է որպես խորագիր՝ ՙճրագ, որից կարող է հրդեհ բռնկվել՚։

Մանկավարժականը դեռ չավարտած՝ որոշ ժամանակահատված Ստեփանակերտում փոխարինում է Գինոսյանին մայիսի 9-ի տոնակատարության աշխատանքների ժամանակ։ Ինչպես ասում են, նավից՝ պարահանդես. այժմ Ծովինար Ավետիսյանը աշխատում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։ 

- Ինչպե՞ս ծնվեց պար կազմակերպելու գաղափարը, քանզի ժամանցի, ազատ ժամանակի կազմակերպման, ինչպես նաև երիտասարդությանը գեղագիտական դաստիարակություն տալու ավելի լավ ձև դժվար է մտածել։ 

- ՙԿարին՚ խումբն ամիսը մեկ անգամ բաց դասեր  էր կազմակերպում, սկզբում փակ տարածքում, հետո, երբ մասնակիցները շատացան՝ բացօթյա։ Ինձ մոտ միտք ծագեց՝ իսկ ինչո՜ւ նույնը չկազմակերպել նաև այստեղ։ Գաղափարը մարմնավորում ստացավ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի ՙԼույս՚ հիմնադրամի մի խումբ երիտասարդների, ՙԱրցախակերտում՚ երիտասարդական նախաձեռնության, Ստեփանակերտի քաղաքապետարանի պատրաստակամ օժանդակությամբ։ 

- Հետաքրքիր է, ի՞նչ զարգացում կունենա սկսված ծրագիրը, սեզոնային բնո՞ւյթ կկրի, կընդհատվի՞, թե՞ շարունակական կլինի։

- Իհարկե, շարունակական կլինի, քանի որ հետաքրքրվողները շատ են, իսկ անհրաժեշտություն, բնականաբար, կա։ Այս հոգևոր սնունդը պետք է տալ,  երիտասարդությունը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում մեր այս նախաձեռնության հանդեպ։ Տարիքով մարդկանց մոտ կարծրատիպեր առայժմ կան, բայց ես տեսնում եմ մարդկանց հետաքրքրությունը, շփման պահանջը ազգային մշակույթի հետ։ 

- Ի՞նչ է պարը քեզ համար։ 

- Պարն ինձ համար ապրելակերպ է, իմ կյանքի մասը, ինձ համար իմաստ ու լավ զգալու զգացողություն, որով լցվում եմ ու անցնում իմ ճանապարհը։ Պարը, որին ես տրվում եմ ամբողջությամբ, ինձ գոհության զգացում է տալիս։ Պարը կարծես միահյուսված է իմ անուն-ազգանվան հետ. ամեն ինչ կարծես սկսվում ու շարունակվում է այդտեղից, որպես ակնթարթ, պահ, գեղեցիկ ապրելու ձև ու իմաստ։ 

- Քեզ համար ի՞նչ է երջանկությունը։

- Ամեն պահը զգալ և գնահատել, լիարժեք ապրել։ 

;

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ