comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ՙՇՈՒՇԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ՚ Նվիրված հայկական գրատպության 500-ամյա հոբելյանին
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ՙՇՈՒՇԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ՚ Նվիրված հայկական գրատպության 500-ամյա հոբելյանին

17_09_04.jpgՍեպտեմբերի 17-ին Շուշի քաղաքի ՙԱվան Շուշի պլազա՚ հյուրանոցի դահլիճում  մեկնարկեց հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ՙՇուշին՝ հայկական  մշակույթի օջախ՚ խորագրով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել էին ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Շուշիի ՙԿաճառ՚ գիտական կենտրոնը, Արցախի պետական համալսարանը։

Մշակութային կյանքի վերելքը գալիս է դարերի խորքից, և Հայ  գրերի գյուտի 500-ամյա  հոբելյանին նվիրված գիտաժողովի անցկացումը Շուշիում խորհրդանշական էր, որովհետև  այն հանդիսացել է հայ մշակույթի, գրատպության և հրատարակության գործի կենտրոններից մեկը։ Միջոցառման նպատակն է՝ վերաիմաստավորելով անցյալը, փորձել ուրվագծել հետագա զարգացումը, հեռանկարները, որ քաղաքը վերստանա իր երբեմնի  դիմագիծը։ Գիտաժողովին ներկայացել էին ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանը, Այոնա քոլեջի դոկտոր, պրոֆեսոր (ԱՄՆ) Ջորջ Բուռնությանը, Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի  Արևելյան փիլիսոփայության  ֆակուլտետի դասախոս Եկատերինա  Ռոդիոնովան, ԵՊՀ  մշակութաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մութաֆյանը, այլ գիտնականներ։
18.jpgՀյուրանոցի ճեմասրահում բացված ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց. Հայաստանի ազգային արխիվը և ՀՀ ազգային գրադարանը  ցուցադրության էին տրամադրել 1827-1920 թթ. հայ կրթամշակութային կենտրոնում  տպագրված գրքերի բացառիկ նմուշներ և լուսանկարներ հին Շուշիի կյանքից։ Մեծ էր  ցուցափեղկերի առջև կանգնած մարդկանց հետաքրքրությունը և հպարտությունը. Շուշիի Միրզաջան  Մահտեսի-Հակոբյանի տպարանում  հրատարակված գրքերից՝  Ֆիրդուսի՝ ՙՌուստամ և Զոհրաբ՚ (1893թ.), Գոգոլ՝ ՙՏարաս Բուլբա՚ (1891),  Չեխով՝ ՙՄարդը պատյանի մեջ՚ (1904), Բ. Տեր-Սահակյանի  տպարանում տպագրվածներից՝  ՙԲնագիտական համառոտ զրույցներ՚ (1911թ.), Չարլզ Դարվին՝ ՙՄանկան կյանքը՚ (1914թ.), Շուշիում  տպագրված առաջին գրքերից՝ ՙՀայկական քերականություն-համառոտություն՚ (1829թ.), ՙՀորդորմունք՚ (1833թ), ՙՔերականություն Հայկազյան լեզվի՚ (1859թ.) և այլ գրքեր։
Գիտաժողովի լիագումար նիստը ղեկավարում էր ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի  նախագահ, պատմական գիտությունների  թեկնածու, դոցենտ  Մհեր Հարությունյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա  նշեց, որ հայկական գրատպության նշանակալի հոբելյանը  պարտավորեցնում է գիտական մակարդակով արժանավորելու և վերաիմաստավորելու  Շուշիի՝ որպես հայկական քաղաքակրթային և մշակութաստեղծ միջավայրի դերը  հայկական իրականության մեջ՝ հակակողմանիորեն անդրադառնալու մշակույթի տարբեր  ոլորտների նվաճումներին ու զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ գրատպության  ավանդույթներին, որոնք  ձևավորվել էին Արցախում, հոգևոր-մշակութային կենտրոնում։  Շուշի քաղաքը, որը 19-րդ դարում դարձել էր Անդրկովկասի առևտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը, հայ ժողովրդի  ստեղծագործական քանքարի շնորհիվ առանցքային դեր է խաղացել Անրդկովկասի  հայության հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։ Բանախոսը  նշեց, որ ռազմաքաղաքական բարդ իրադրությունում Շուշին դարձել էր պատերազմական  գործողությունների թատերաբեմ։ Ուստի մշակութային լայն գործողություններ ծավալելու համար ասպարեզ  չկար։
Իրավիճակը փոխվեց, երբ 1822 թ. վերացվեց խանությունը, ինչին հետևեց բերդաքաղաքի  տնտեսական-մշակութային կյանքի բուռն վերելքը՝ այն վերածելով ողջ կովկասյան դարաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկի։ Գրեթե մեկ դար տևած  աննախադեպ մշակութային վերելքն ընդհատվեց 1920-ի մարտի 23-ի հայկական  կոտորածի հետևանքով։ Խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանը  հետևողականորեն ջնջում էր հայկական քաղաքակրթության հետքերը, իսկ հետո՝ 1990-92-ին, այն դարձավ հայկական բնակավայրերի հրետակոծող հենակետ։ Այսօր էլ  Ադրբեջանում խրախուսվում է քաղաքի հայկական մշակութային արժեքների կողոպուտը, նենգափոխվում պատմությունը, սեփականվում հայկական մշակութային  ժառանգությունը։
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար  Նարինե  Աղաբալյանը  ողջույնի  խոսքում կարևորեց  Շուշիի տեղն ու դերը հայկական մշակույթի  զարգացման  պատմության մեջ,  արժևորեց  գիտաժողովի նշանակությունը  Շուշիի մշակութային  ժառանգությունն ի մի բերելու գործում։ Նախարարն ասաց, որ տարին հոբելյանական  էր քաղաքի  համար, նշվեց նրա  զարգացման 20-ամյակը, որ գիտաժողովի մասնակիցները  հնարավորություն կունենան ծանոթանալու քաղաքում  կատարվող  վերափոխումներին, նոր  ծրագրերին։ Այնուհետև նա  տեղեկացրեց, որ  ի թիվս գործող  մշակութային  օջախների, Շուշիում լայն թափով մշակութային նշանակության օջախների շինարարություն է իրականացվում։
Մի քանի օր հետո Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը կտեղափոխվի Շուշի։ Ավարտին են մոտենում Արցախի պետական ազգային կերպարվեստի թանգարանի շինարարական  աշխատանքները, որի 400-ից ավելի նմուշների հավաքածուն նվիրատվություն է  աշխարհի տարբեր ծայրերից։
Ավարտին են մոտենում բնության թանգարանի կառուցման աշխատանքները, շարունակվում է մշակույթի կենտրոնի շինարարությունը, շահագործման կհանձնվեն մասնավոր շենքեր, պատկերասրահներ, թանգարաններ։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծեց հայ ժողովրդի պաշտամունքը գրքի նկատմամբ՝ սկսած ձեռագիր մատյաններից։
Միանգամայն ուշագրավ է, որ հայ տպագրության գործը հայրենիքից դուրս տարբեր  մշակութային  կենտրոններում զարգանալուց հետո հանգրվանել է այստեղ՝ Շուշիում։ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ  հայ տպագրության  500-ամյա հոբելյանի շրջանակներում ընթացող  գիտական  միջոցառումն արդյունավետ  կանցնի, մոռացության փոշուց վեր կհանի նոր պատմական իրողություններ։ Ա. Ղուլյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ  աշխատանք։
Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, երախտագիտություն հայտնելով կազմակերպիչներին ու աջակիցներին, նշեց, որ ազգն  ամուր է իր հիշողությամբ, որ գիտաժողովը  կոչված է վերհանելու այն, ինչը մեր ազգին  պատիվ է բերում, ինչը մեզ լուսավորել է, բանական ազգ է  դարձրել, և թող զարմանալի չլինի, որ Շուշին վերջին երկու դարերում ՙկռվախնձոր՚ էր դարձել, քանզի  այն լույս էր ճառագում։ Այսօր Շուշին վերագտնում է իր դեմքը, և գիտաժողովը դրա վկայությունն է։ Արքեպիսկոպոսը  բարեմաղթանքներին միացրեց  իր օրհնությունը՝  տեխնոլոգիաների մարտնչող դարում անցնելու սկսած ճանապարհը։ 
Քաղաքագետ Հայկ Քոթանջյանն ուրվագծեց Շուշիի քաղաքական, մշակութային, ռազմավարական զարգացման հետագա  ուղղությունները, կարևորեց 1992-ի մայիսի 9-ի  քաղաքի ազատագրման հաղթանակի դերը հայոց պատմության հոլովույթում։ Նա ընդգծեց Ադրբեջանի՝ տարածաշրջանի կայունությունը վտանգողի ռազմատենչ  քաղաքականության բացասական հետևանքները։
Գիտաշխատող Գոհար Ավագյանն իր ելույթում հայտնեց, որ ՀՀ ազգային արխիվում  պահպանվում են բազմաթիվ տեղեկություններ Ղարաբաղի պատմությունից, որից  ամենահինը վերաբերում է մելիքություններին, որ արխիվում պահպանվում է Քաշաթաղի  տարածքում հողային իրավունքների հաստատման հրովարտակը։
ՀՀ ազգային գրադարանի և ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարարության միջև սկսված համագործակցությունը շարունակվում է, որի արտահայտությունն էին գրադարանի աշխատակից Հայկանուշ Ղազարյանի՝ Մշակույթի  նախարարությանը տրամադրած 15 անուն գրքերը։
Ցուցադրվեց ՙՇուշիի տպարանների պատմությունը՚ հեռուստաֆիլմը (հեղինակ՝ Սոֆի Իվանիդիս)։ Շուշիում գործել է 6 տպարան, լույս են տեսել 20-ից ավելի անուն  թերթեր և հանդեսներ։ Երբեմնի տպարանների շենքերն այսօր կիսավեր են, բայց  պահպանվում են։
Լիագումար նիստում զեկուցումներ կարդացին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը՝ ՙՀայ գրատպությունը Արցախում՚, Եկատերինա Ռոդիոնովան՝ ՙՇուշիի մշակութային կյանքը Ռուսական ազգագրության թանգարանի  հավաքածուներում՚։
Գիտաժողովի աշխատանքներն ընթացան երեք մասնախմբերում հետևյալ թեմաներով՝ ՙՇուշիի հնագիտական մշակույթը և ազգագրական միջավայրը՚, ՙՀայ գրատպությունը և պարբերական մամուլը Շուշիում՚, ՙՀոգևոր-եկեղեցական կյանքի և հայ արվեստի  զարգացումը Շուշիում՚։
Գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 18-ին։
 

 

Նվարդ  ՍՈՂՈՄՈՆՅԱՆ