comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՄ ԵՐԿՐԻՑ ԼԱՎ ՏԵՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ԵՐԿՐԻՑ ԼԱՎ ՏԵՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ՚

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հաջողությամբ անցած սիմֆոնիկ երաժշտության համերգի մասին մեր թերթի նախորդ համարներում տեղեկացրել ենք: Համերգն այնքան հաջող անցավ, որ Արցախի իշանությունների, պետական հանապատասխան կառույցների և նվագախմբի ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց նման համերգները դարձնել ավանդական:

Համերգի հաջողությանը իր մենակատարումներով զգալի ներդրում բերեց բարիտոն Գևորգ Հակոբյանը, որն իր փայլուն ելույթներով  ամեն անգամ ցնծության էր հասցնում հանդիսատեսին: Արցախցիներին հատկապես հուզեց հայ երիտասարդ  երգահան Մարինա Ալեքսի ՙՊատրանքի թևերով՚ երգը։ Թե երգն ինքը, թե կատարումը համարժեք լրացնում էին իրար` կատարելապես ստեղծելով երգի հոգևոր հարուստ աշխարհը:
Հզորություն ու հոգու նուրբ թրթիռներ, ըմբոստացող ոգի ու անսահմանորեն սիրող սիրտ. այս հարուստ ներկապնակն ի զորու էր երգչին ի հայտ բերել՝ երգիչ, ով կատարում է աշխարհահռչակ երգահանների սիրված օպերաներից մեներգեր: Մեր ճեպազրույցը  Գևորգ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

-Ինչպե՞ս էիք զգում Ձեզ՝ առաջին անգամ լինելով Արցախում, այն էլ՝ Վերածննդի հրապարակում։
- Հենց սկզբից, երբ տեսա, որ ծրագրում ընդգրկված է  Արցախը, միանգամից ուրախացա, քանի որ վաղուց ուզում էի գալ Ղարաբաղ: Չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել, բայց ես վաղուց, եթե ուզենայի, դրսում` ուրիշ երկրներում կմնայի: Բայց ես շատ եմ սիրում իմ երկիրը, թեկուզ երկրի այս հատվածում երբեք չեմ եղել: Առաջին անգամ եմ այստեղ, ու սա ավելի մեծացրեց իմ սերը դեպի իմ երկիրը: Իմ երկրից լավ տեղ աշխարհում չկա։ Ավելի մեծացավ հպարտությունս, որ մենք այսպիսի ազատագրված երկիր ունենք: Ինքնավստահությունս ավելի բարձրացավ այս համերգից հետո: Այսուհետ ավելի հաճախ կլինեմ Արցախում` թե՜ համերգներով, թե՜ ուղղակի այցերով:
- Դուք այս խմբի մենակատա՞րն եք, թե՞ ինքնուրույն եք Ձեր գործունեությունը ծավալում և պարզապես հրավեր եք ստանում մասնակցելու այս կամ այն համերգին:
- Ոչ, ես Հայաստանի Ազգային օպերային թատրոնի մենակատարներից  եմ, բայց քանի որ այս համերգի մասնակիցները բոլորն էլ իմ ընկերներն են, և ես բազմիցս այս նվագախմբի հետ հանդես եմ եկել թե՜ Հայաստանում, թե՜ արտերկրում, մեծ հաճույքով միացա այս նախագծին: Պետք է ասեմ, որ մենք ունենք հիանալի երիտասարդական նվագախումբ, որով կարող ենք (դուք էլ դրանում համոզվեցիք) հպարտանալ: Ուզում եմ նշել ևս մի փաստ. աշխարհում երիտասարդական նվագախմբեր  շատ կան, բայց այնտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են նստած, իսկ մեզ մոտ բոլորն էլ  հայեր են:
- Իսկ ինչպե՞ս են Ձեզ ընդունում արտերկրում:
- Արվեստում գոյություն ունի մի հստակ բան. կամ լավ, կամ վատ: Եթե լավ է՝  ընդունվում է ցանկացած դահլիճի կողմից: Արվեստը պետք կարողանա կպչել հանդիսատեսի հոգու մի անկյունին, արթնացնել նրա մեջ այն, ինչն ինքն իր առօրյա կյանքում չի զգում: Իսկ դա կարելի անել միայն բարձր պրոֆեսիոնալիզմով և հոգով:
- Պատմեք Ձեր մասին: Որտե՞ղ եք ուսում ստացել:
- Սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր, ժողովրդական արտիստ Սերգեյ Դանիելյանի դասարանում: 2003-ին դեռ ուսանող էի, երբ դարձա Ազգային օպերային թատրոնի մեներգիչ: Կատարել եմ Մոսիի, Արշակ II-ի, Դավիթ-Բեկի, Օնեգինի, Տոնիոյի ու բազմաթիվ այլ դերեր հայ և համաշխահրային այլ հանրահայտ երգահանների օպերաներից: Միջազգային մրցույթների դափնեկիր եմ, ոսկե մեդալակիր: Այնտեղ ծանոթացել եմ իտալացի մեծ իմպրեսարիոյի հետ, և միասին մինչ օրս աշխատում ենք, այսպես ասենք, եվրոպական դասական շուկայում:
- Իսկ Հայաստանու՞մ:
- Երբ պայմանագիրը հասավ ինձ, գրված էր` ողջ աշխարհում: Բայց ես նամակ ուղղեցի իրեն, որտեղ ասացի, որ սա իմ տունն է, և ես այստեղ անվճար եմ երգում և չեմ կարող ամեն մի ելույթի համար նրանց տեղյակ պահել: Այսպես բացառեցի Հայաստանը, իսկ ամբողջ աշխարում միայն իմ մենեջերի հետ եմ աշխատում: Հանդես եմ գալիս Եվրոպայի և աշխարհի այլ երկրների լավագույն բեմերում, լավ դիրիժորների, ռեժիսորների հետ, այո, հրավերով` որպես ազատ երգիչ:
- Իսկ որտե՞ղ եք կատարելագործվել:
- Հետագայում, երբ սկսեցի երգել եվրոպական թատրոններում, վարպետության դասեր անցել եմ իտալացի երգիչների մոտ: Իսկ վերջերս վերադարձել եմ Վիեննայից. վարպետության դասերով մեկնել էի Վլադիմիր Չերնովի մոտ` համաշխարհային դեմք` բարիտոն, և դա ինձ, անշուշտ, շատ օգնեց: Արվեստում, ընդհանրապես, պետք է անդադար շարժ լինի, անվերջ սովորել. եթե մարդ կանգնում է, ուրեմն, ինչպես ամեն ինչ կյանքում, վերջնակետին է հասել: Իսկ ես երբեք չեմ մտածում, որ հասել եմ ինչ-որ մի բանի: Ես միշտ ուսանող եմ:
- Այսօրվա դրությամբ Դուք ակտիվ համերգային գործունեություն եք ծավալում: Ուրեմն, դասավանդումը` հետո՞:
- Անկեղծ ասած, ես արդեն դասավանդում եմ մեր կոնսերվատորիայում, թեկուզ դժվար է համատեղել իմ համերգային գործունեության հետ: Իմ դասախոսի մահվանից հետո՝ 2009 թվականին, որոշեցի, որ ես պետք է շարունակեմ նրա գործը: Գիտեք, որ ՙդպրոց՚ հասկացություն գոյություն ունի, ամեն դասախոս իր ձևով է գիտելիքը փոխանցում սերունդներին: Այո, շատ էներգիա է ինձանից խլում, բայց դա իմ սուրբ պարտականությունն է իմ դասախոսի առջև:
- Ձեր համերգներում (կամ՝ եթե այս նվագախմբի հետ եք հանդես գալիս Հայաստանից դուրս) արդյո՞ք ընդգրկում եք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
- Մենք մեր մշակույթը կրողներն ենք: Եթե մենք հանդես ենք գալիս որպես հայ, ինչպե՞ս կարող ենք չներկայացնել մեր մշակույթը, մեր երաժշտարվեստը աշխարհին: Ցանկացած հայի սուրբ պարտականությունն է. եթե հնարավորություն կա հանդես գալ, ուրեմն դու պետք է հանդես գաս նաև քո արվեստով, որ, փառք Աստծո, մենք ունենք, այն էլ՝ ինչպիսի՛ն... Շատ զարգացած երկրներ կան, օրինակ, Իսպանիան, որ չունեն ազգային օպերա: Իսկ մենք ունենք հիասքանչ օպերաներ` ՙԱնուշ՚, ՙԱրշակ II՚, ՙԱլմաստ՚ և այլն: Իսկ սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Ա. Խաչատրյանի, Է. Միրզոյանի ստեղծագործությունները, Կոմիտասի մշակումները, մի խոսքով, այն ստեղծագործությունները, որոնք կարելի է հարմարեցնել, համապատասխանեցնել տվյալ ծրագրին:
- Իսկ այն ընկալվու՞մ է օտարերկրյա հանդիսատեսի կողմից:
- Երաժշտությունը հայրենիք չունի: Եթե լավ է գրված ու լավ է կատարվում,    ընկալվում է ցանկացած հանդիսատեսի կողմից: Կարևորը մատուցման ձևն է:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ