[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐԱՇԽԱՐՀԸ

small.jpgՕրերս ՙԱզատ Արցախ՚ թերթին հյուրընկալվել էր դիմահարդարության (գրիմի) գծով արվեստագետ-վարպետ, կինոդերասան, ՙԿրկես։ Անդրկուլիսներ՚, ՙԵրկվորյակներ՚, ՙԱրվեստանոցներ՚ վավերագրական նախագծերի հեղինակ, նկարիչ Ելենա ՖՐՈԼՈՎԱ-ՏՐՈՒՖԱՆՈՎԱՆ։ ՙԱլա  բալա նիցա՚ ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար գալով Երևան՝ Ելենան սիրահարվեց մեր հնամենի երկրին ու որոշեց ընդմիշտ մնալ այստեղ։ Արդեն մի տարի է՝ նա ապրում է Երևանում, աշխատում ՙԵրկվորյակներ՚ նախագծի վրա։ Մերձավորների խորհրդով Ելենան եկավ Արցախ՝ Հայաստանի այդ տարածաշրջանը նույնպես նախագծում ընդգրկելու նպատակով։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը մեր հյուրի հետ։

-Ելենա, Դուք առաջին անգամ եք Ղարաբաղում։ Ի՞նչ տպավորություններ ունեք։
- Այո, Ղարաբաղում առաջին անգամ եմ։ Այս երկրամասն ինձ հետաքրքրել է մանկուց, այն ժամանակից, երբ առաջին անգամ լսեցի ՙՂարաբաղ՚ բառը... Այն ժամանակ այստեղ պատերազմ էր, և հեռուստացույցով միշտ խոսում էին Ղարաբաղի մասին։ Հայրս ուշի ուշով հետևում էր այստեղ տեղի ունեցող իրադարձություններին և պատմում ինձ։ Երեք տարի առաջ, երբ առաջին անգամ եկա Երևան, իմ բարեկամը, ով ինձ ցույց էր տալիս Հայաստանի տեսարժան վայրերը, տրտնջում էր, թե չի կարողանում ինձ տանել ամենագեղեցիկ վայրը, այսինքն՝ Ղարաբաղ։ Արդեն մեկ տարի է՝ ապրում եմ Երևանում... Երկու օր առաջ հստակ որոշում ընդունեցի այստեղ գալս այլևս չհետաձգել։ Եվ ահա այստեղ եմ։
- Երկա՞ր ժամանակով եք մեզ մոտ։
- Առայժմ՝ մի քանի օր, հետո հանգամանքները կհուշեն ինչ անել, գուցե և երկար մնամ։ Այստեղ ինձ շատ է դուր եկել, և իմ մեջ անմիջապես ցանկություն առաջացավ՝ ապրել այստեղ։ Թե ինչպես կստացվի՝ ցույց կտա ժամանակը։ Բացի այդ, Երևանում բավական անավարտ գործեր են մնացել։ Ինչով եմ զբաղվո՞ւմ։ Բազմաթիվ մասնագիտություններ ունեմ. ես և՜ դերասանուհի եմ, և՜ գրիմի գծով արվեստագետ-վարպետ։ Վերջին այս մասնագիտության առնչությամբ ինձ հրավիրեցին աշխատելու ՙԱլա բալա նիցա՚ ֆիլմում, հետո ծնվեց մեկ ուրիշ նախագիծ, գործերը շատացան, և ես մնացի։ Բայց ես նաև լուսանկարիչ եմ և ունեմ հեղինակային նախագծեր։ Դրանցից մեկը կոչվում է ՙԵրկվորյակներ՚։ Դա միջազգային նախագիծ է, որով սկսել եմ զբաղվել դեռևս Ռուսաստանում։ Շրջել եմ ամբողջ երկրով մեկ, ժողովել տարբեր տարիքի ու մասնագիտության իմ հերոսներին՝ բազմազգ ռուսական հասարակության պատկերը ստեղծելու համար։
- Ռուսակա՞ն, թե՞ ռուսաստանյան...
- Ավելի շուտ՝ ռուսական։ Մտածում եմ հետխորհրդային ամբողջ տարածքի մասշտաբով, այն իմաստով, որ մեզ բոլորիս միավորում է ռուսաց լեզուն։ Այսօր նախագծի վրա աշխատում եմ Հայաստանում, իսկ եթե ստացվի՝ կաշխատեմ և Ղարաբաղում։
- Իսկ հաջողվե՞լ է Հայաստանում կատարված աշխատանքը ներկայացնել հանդիսատեսի դատին։
- Այո։ Հաջողվել է փոքրիկ ամփոփիչ միջոցառում կազմակերպել Կասկադի աստիճանների վրա՝ ՙԳաֆեսչյան՚ արվեստի կենտրոնի աջակցությամբ։ Ես ի մի եմ հավաքել Երևան քաղաքի երկվորյակներին. նրանք 53 զույգ են։ Կասկադի աստիճանների վրա  մենք նրանցից կազմել ենք կոմպոզիցիա և երկվորյակների պատմական լուսանկար արել։ Դա  մեծ իրադարձություն էր քաղաքի համար։
- Իսկ ինչո՞վ է երկվորյակների թեման հրապուրել Ձեզ։ Դա ազդանշան էր երկնայինի՞ց, թե՞ կոնկրետ պատճառ կար։
- Ոչ մեկը, ոչ մյուսը։ Մի տեսակ ինքնաբերաբար ստացվեց։ Մի անգամ մետրոյով գնում էի իմ երկվորյակ ընկերուհիների ծննդյան օրը շնորհավորելու։ Սակայն նրանք չէ, որ ինձ մղել են այդ մտքին։ Մետրո մտան 50-ին մոտ երկու կանայք՝ աննկարագրելի գեղեցիկ արտաքինով։ Նրանք, ինչպես ջրի երկու կաթիլ, նման էին իրար։ Ես սթրես ապրեցի, որպիսին կարող է ապրել արվեստագետը։ Գիտե՞ք՝ երբ մարդ հրապուրիչ է երիտասարդ տարիքում, մի տեսակ սովորական է թվում։ Բայց  երբ կինն իր գեղեցկությամբ ապշեցնում է 50 տարեկանում... Իմ մեջ անմիջապես միտք հղացավ, ես մոտեցա նրանց և առաջարկեցի նկարվել, իբր, արդեն գոյություն ունեցող նախագծի համար (դե, ասենք, մի ինչ-որ ձևով համոզելու համար)։ Նախագիծն, իհարկե, դեռ չկար։ Չնայած նրանք ինձ այդպես էլ չզանգեցին, սակայն գաղափարն այնքան էր հրապուրել, որ հաջորդ օրը նախագիծն արդեն մենք գրանցեցինք։ Դա  2007թ. հունվարի 22-ին էր։
- Այսինքն՝ Ղարաբաղում Դուք աշխատելու եք նույն նախագծի՞ վրա։ Բայց Դուք կարող եք լուսանկարել նաև Ղարաբաղի հազվագյուտ բնությունը, պատմամշակութային հուշարձանները։ Այսինքն՝ աշխատել ոչ մեկ ուղղությամբ։
- Այո, մեզ հաջողվել է լինել Հունոտ բնավայրում։ Հրաշալի վայր է։ Եվ, բնականաբար, ամբողջ ընթացքում լուսանկարչական ապարատը ցած չէի դնում։ Այո, ես կարող եմ անվերջ հիանալ և՜ բնությամբ, և՜ մարդկանցով, բայց, այնուամենայնիվ, ես պատասխանատվություն եմ կրում այդ նախագծի, իմ գաղափարների համար։ Ինձ համար արդեն մի քանի զույգ երկվորյակներ են գտել։ Երևանում գործող ՙՌուսհամագործակցություն՚ կազմակերպությունը գիտի իմ նախագծի մասին, այն մասին, որ այսօր աշխատում եմ Ղարաբաղում։ Եվ եթե հաջողվի՝ Ղարաբաղում Ռուսաց լեզվի օրը մենք Ստեփանակերտում կներկայացնենք ցուցահանդես, և դրա հերոսները կլինեն երկվորյակներ Ռուսաստանից, Հայաստանից, Ղարաբաղից։
- Մի քիչ պատմեք, խնդրեմ, Ձեր մասին։
- Ավարտել եմ Սամարայի մշակույթի և արվեստի ակադեմիայի դերասանական բաժինը, այսինքն՝ մասնագիտությամբ թատրոնի և կինոյի դերասան եմ։ Սկզբում աշխատում էի մասնագիտությամբ, նկարահանվում կինոյում։ Այնուհետև իմ մեջ ցանկություն առաջացավ ընդունվել Կինոյի և լուսանկարչության գիտական ինստիտուտին կից  լուսանկարի ակադեմիան։ Նախնական կուրսն ավարտելուց հետո դասախոսն ինձ ասաց, որ դրանից հետո կարևորը ֆոտոխցիկը ձեռքից ցած չդնելն է։ Ես նրա խորհուրդը կատարում եմ անվերապահորեն։ Լուսանկարել եմ շատ ՝ տարբեր բաներ, այնքան ժամանակ, մինչև ճակատագիրն ինձ չհանդիպեցրեց փիղ վարժեցնող Անդրեյ Դեմենտև-Կոռնիլովի՝ Կոռնիլովների հնագույն դինաստիայի հետնորդի հետ։  Վերջիններս 120 տարուց ավելի զբաղվում են այդ արվեստով։ Մենք նրա հետ գրեթե հասակակիցներ ենք։ Մի անգամ նա ինձ հրավիրեց կրկես՝ իր ներկայացումը դիտելու։ Հայտնվելով կրկեսի կուլիսների հետևում՝ ես տեսա միանգամայն ուրիշ աշխարհ, որը ցանկացա հավերժացնել։ Այդպես ծագեց իմ առաջին հեղինակային նախագիծը՝ ՙԿրկես։ Անդրկուլիսներ՚։ Նախագիծն իրականացնելու համար սկսեցի շրջել Ռուսաստանում։ Լուսանկարել եմ Ռուսաստանի ավելի քան 30 կրկեսների անդրկուլիսյան կյանքը։
Այդ նախագծի նկարներից մեկն արժանացել է Մոնտե Կառլոյում տեղի ունեցած կրկեսային լուսանկարների միջազգային փառատոնի Գրան պրիին։ Իսկ երկվորյակների գաղափարը ծագել է ավելի ուշ։
- Այսինքն՝ լուսանկարը դարձել է Ձեր կյանքի գլխավոր գո՞րծը։
- Նախ և առաջ՝ ստեղծագործական գործիք։ Լուսանկարով ես չեմ վաստակում։  Սկզբունքորեն որոշել եմ այդ գործով զբաղվել ինքս ինձ համար՝ առանց կոմերցիայի ՙխառնուրդի՚։ Ես վաստակում եմ շնորհիվ իմ առաջին երկու մասնագիտությունների՝ կինոդերասանի և գրիմի գծով արվեստագետ-վարպետի։ Հենց դրա շնորհիվ էլ հայտնվեցի Հայաստանում։
- Հայկական ֆիլմերում նկարահանվո՞ւմ եք։
- Այո։ Նկարահանման հարթակում նույնիսկ զարմանում են. ես մերթ դերի մեջ եմ, մերթ՝ վրձինը ձեռքիս դերասաններին գրիմ եմ անում։ Նկարահանվել եմ Արման Գրիգորյանի ՙՀրաձիգ՚, ՙՌուսաստան՝ սիրո հետևից՚ ֆիլմերում։ Որպես գրիմի գծով արվեստագետ-վարպետ՝ աշխատել եմ Մարիա Սահակյանի՝ հայտնի գրող Սեդա  Վերմիշևայի թոռնուհու ֆիլմերում։
- Եվ, այդուհանդերձ, Ձեր ժամանակի մեծ մասը Դուք նվիրում եք լուսանկարչական արվեստին...
- Այո, լուսանկարչության մեջ ես իրացնում եմ այն, ինչ չեմ կարողանում անել կինոյում, թատրոնում։ Շատ եմ շփվում մարդկանց հետ, երբ նկարում եմ նրանց, ձգտում եմ արտահայտել նրանց բնավորությունը։ Լուսանկարներում արտացոլել մարդկանց ներաշխարհը։ Ահա թե ինչի եմ ես ձգտում։ Ես ապրում եմ դրանով, և դա ինձ համար շատ կարևոր է։

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ