comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

theatre.jpgՍեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված թատրոնի 80-ամյա հոբելյանին։ Լեփ-լեցուն դահլիճը ծափողջույններով դիմավորեց թատրոնի այժմյան կոլեկտիվին, որոնց մի մասը բեմական հագուստով էր, քանի որ հանդիսավոր մասից անմիջապես հետո պետք է տեղի ունենար Մուրացանի ՙՌուզան՚ դրամայի բեմադրության առաջնախաղը (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան)։

Ողջույնի առաջին խոսքը տրվում է ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանին։ ՙԵթե կա թատրոն, կա մշակույթ, կա ազգ՚,¬ ասաց արտիստը, ապա խոսեց թատրոնի սկզբնավորման և անցած ճանապարհի մասին։ Հնչեցին երախտավորների անունները՝ Կարո Ալվարյան, Արզո Արզումանյան, Գուրգեն Հարությունյան, Միքայել Կորգանյան, Թամարա Մելքումյան, Նինա Հովսեփյան, Մարգո Բալասանյան, Բենիկ Օվչյան, Մամիկոն Միքայելյան, Սուրեն Համզոյան, Արտաշես Հովսեփյան, Հովհաննես Կարապետյան... Ստեփանակերտի մայր թատրոնի բեմում խաղացել են բեմի մեծ վարպետ Վահրամ Փափազյանը, ուրիշներ։ Ստեղծվել է ազգային թատրոն՝ ազգային խաղացանկով համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերի ներառմամբ։
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում խոսեց այն ավանդույթների մասին, որ կային արցախյան հողում, և որի հիմքի վրա 1932թ. ստեղծվել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Այն իր երկարամյա  գործունեության ընթացքում արվեստի, գեղեցիկի սերմանման յուրօրինակ դպրոց էր, որը հատկապես ազգապահպանության գործում մեծ դեր է կատարել։ Թատրոնն 80¬ամյա իր ճանապարհին  ունեցել է վերելքի և վայրէջքի պահեր, իսկ վերջին շրջանում ծանր ժամանակներ է ապրել ստեղծագործական, կադրային, շենքային խնդիրների առումով։
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը նշեց, որ թատրոնը սիրվել է հանդիսատեսի կողմից՝ բազում հրաշալի պահեր պարգևելով  թատերարվեստի երկրպագուներին, որ վերջին բեմադրությունը հաստատում է թատրոնի կենսունակ լինելը, այն փաստի հաստատումը, որ մշակույթի այս օջախն ապագա ունի։ Թատրոնի ներկա վիճակը և ճակատագիրը դարձել են քննարկումների առարկա, այն մտահոգել է նաև Հայաստանի թատերական գործիչներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել օժանդակելու թատերական գործի զարգացմանն  Արցախում։
Ն. Աղաբալյանը ճանաչված ռեժիսոր Վահե Շահվերդյանին և թատրոնի տնօրեն Կոմիտաս Դանիելյանին հուշանվեր հանձնեց։
Թատրոնի 80-ամյա հոբելյանին մասնակցում էր Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ, կազմում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյան, դրամատուրգ Լիանա Անթառամյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Լևոն Մութաֆյան, Երևանի Սոս Սարգսյանի գլխավորած ՙՀամազգային՚ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան։
Հակոբ Ղազանչյանը ողջույնի խոսքում հոբելյանը համարեց մեծ իրադարձություն, իր ուրախությունը հայտնեց թատրոնի շենքի վերակառուցման կապակցությամբ և ակնկալեց Վահե Շահվերդյանի բեմադրությունը շենքային նոր պայմաններում։
ՙՍտեփանակերտի թատրոնի պատմությունը չի կարելի անջատել Արցախի հողում ստեղծված թատրոնի պատմությունից։ Շուշիի թատրոնը, որ գրեթե 150 տարվա պատմություն  ունի, ձևավորել է ավանդույթներ, որի հիմամբ ստեղծվեց Ստեփանակերտի թատրոնը,¬ իր ելույթում ասաց Լևոն Մութաֆյանը։- Այս հողի գոյատևման առհավատչյան  հոգևորն էր, ազգային ինքնության պահպանման գրավականներից մեկն էլ թատրոնն էր։ Թատրոնն իր հյուրախաղերով մշտապես գտնվել է համահայկական դաշտում՚։ 
ԼՂՀ ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը ասաց, որ Ստեփանակերտի թատրոնը  փառահեղ ճանապարհ է անցել, որ հայ թատրոնի պատմությունը գալիս է վաղնջական ժամանակներից, որ թատրոնը ժողովրդական տաճար է, որտեղ մաքրագործում է կատարվում, ապա գրողների միության պատվոգիր հանձնեց արձակագիր Կոմիտաս  Դանիելյանին։
ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հոբելյանի կապակցությամբ պատվոգիր հանձնեց Ք. Հարությունյանին, Կ. Դանիելյանին, Ա. Պետրոսյանին, Ա. Գաբրիելյանին, Մ. Ալոյանին, Ա. Առաքելյանին։
Ստեփանակերտի մայր թատրոնի տնօրեն, արձակագիր, դրամատուրգ Կոմիտաս Դանիելյանը երախտագիտություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար, ապա հավաստիացրեց, որ թատրոնը հետագայում ևս իր ուսերին դրված ոչ դյուրին առաքելությունը պատվով կկատարի։ Այնուհետև Կ. Դանիելյանը հոբելյանական հուշամեդալներ հանձնեց Վահե Շահվերդյանին, մի խումբ դերասանների և թատրոնի զարգացմանը նախանձախնդիր մի շարք պաշտոնատար անձանց։
Հավաքվածները դիտեցին Մուրացանի ՙՌուզան՚ դրամայի բեմադրությունը, որը թատրոնի խաղացանկում կունենա իր կայուն տեղը։

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ