comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՆԱՄԵՆԻ ԲԵՐԴԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱՄԵՆԻ ԲԵՐԴԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

7899.jpgՔաշաթաղի  ներկայիս շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդեն հայտնի բազում հուշարձաններին օրեցօր ավելանում են նորերը: Ընդհանրապես հուշարձանների մեծ մասը գտնվում է հյուսիսային թեւում` նախկին Աղահեջք (հետագայում` Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում: Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան գետի ավազանում` Քաշունիք գավառում:

Ըստ 7-րդ դարի ՙԱշխարհացույցի՚ տվյալների` Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր: Միջնադարում գավառը բաժանվում էր արեւելյան ու արեւմտյան մասերի եւ հանդես գալիս նոր անուններով: Արեւելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արեւմտյանը` Աճեն կամ Աճան: 13-րդ դարից Քաշունիքը կոչվել է նաեւ Բարկուշատ: Նույն անունով տարածքում նաեւ բերդ է եղել: 18-րդ դարի կեսերից հիշյալ տարածքները հայաթափ եղան` ընկնելով մահմեդական ցեղերի տիրապետության տակ, իսկ խորհրդային տարիներին փոխվեցին տեղանունները, տարածքում առաջացավ Ղուբաթլուի շրջանը` համանուն կենտրոնով:
 Վերջերս ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրության բաժնի վարիչ Սլավա Սարգսյանի եւ ԱրՊՀ դասախոս, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ այցելեցինք Որոտանի աջափնյա Երկաթավորք (Դամիրչիլար) գյուղ, որտեղ պահպանվել են մահմեդական 2 դամբարան (ըստ Ղեւոնդ Ալիշանի` դրանք 14-15-րդ դարերի են) եւ 17-18-րդ դարերի միաթռիչք քարակերտ, կամարակապ կամուրջ, որն ունի 9 մետրից ավելի երկարություն, իսկ լայնությունն 3,10 մետր է: Ունի արաբատառ արձանագրություն: Գյուղից արեւմուտք բարձր բլուրներ են, որոնցից մեկի վրա հնամենի բերդ կա: Ըստ տեղեկությունների` այս տարածքում է գտնվում Պահու բերդը. մտածում ենք` այդ ամրոցն է: Որոշում ենք բարձրանալ: Որոտանի վտակ Քաշունի (Չայ Զամի) գետի ձախ ափով շարժվում ենք առաջ եւ վերջապես հասնում բերդը պահող բարձունքի ստորոտ: Բարձրանում ենք վեր ու կանգնում բերդի պարիսպների տակ: Պարզվում է, որ սա ուրիշ բերդ է. Պահու բերդն աշտարակներ ունի, իսկ այստեղ դրանք բացակայում են. եղածներն էլ ցածր են` ի տարբերություն Պահու բերդի: Պարիսպները, որ գտնվում են արեւելյան կողմում, ունեն 2,5 մետր հաստություն, բարձրությունը տարբեր է, կառուցված են մշակված քարով, պահպանվել է մոտ 250 մետր երկարությամբ, իհարկե` տեղ-տեղ փլված: Հյուսիսարեւմտյան կողմում ժամանակին խանդակներ են փորել, արեւմտյան մասում բարձրաբերձ ժայռեր են, իսկ հարավային մասում բլուրը թեքությամբ իջնում է ցած ու հասնում Քաշունի գետին: Ընդհանուր առմամբ բուն բերդն ունի 250 մետրից ավելի երկարություն, իսկ միջին լայնությունը կազմում է մոտ 30 մետր: Մուտքը հարավարեւելքից է, ունի 2,5 մետր լայնություն: Մի կողմում պահպանվել են աշտարակի քանդված պատերը, իսկ մյուս կողմում` մոտ 80 քառ.մ մակերեսով մի շինության պատեր՝ երեւի պահապանների զորանոցն է եղել: Նման 10 շինություններ տարածքում պահպանվել են` տարբեր չափերով, կիսաքանդ: Բերդը պահող բլուրը պատված է սալաքարերով, ինչպես Վանքասարը, որի վրա է գտնվում Տիգրանակերտի ամրոցը: Այս բլուրն էլ է նման Վանքասարին: Նմանություն կա նաեւ, որ այստեղ էլ, ինչպես Տիգրանակերտում, տեղի սալաքարերն են կտրել ու օգտագործել որպես շինաքար: Պահպանվել են միջնադարի վարպետների գործիքների հետքերը. տեղ-տեղ կտրված քարերը մնացել են, որոշ քարեր էլ, որոնք ունեն 1 մետրից ավելի երկարություն ու լայնություն, չեն տեղափոխվել: Չափագրումներ կատարելուց հետո բերդի հարավային մասով իջնում ենք ցած ու հասնում Քաշունի գետին: Անցնելով գետը` բարձրանում ենք վեր ու հայտնվում մի հարթության վրա: Պարզվում է, որ դամբարանադաշտ է: Կարելի է ենթադրել, որ շատ վաղուց են այստեղ բնակվել մեր նախնիները,  եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար բերդեր են կառուցել՝ որ տարածքում մեծ բնակավայրեր են եղել: Առայժմ հաստատ հնարավոր չէ ասել, թե ինչ անուն է ունեցել մեր ուսումնասիրած ամրոցը, սակայն ժամանակագիրների աղբյուրները ուսումնասիրելով` կարելի է ճշտել: 
 Բերդի դիմացի մեկ այլ բլրի վրա մի կառույց է երևում. մտածում ենք՝ մատուռ է կամ եկեղեցի: Այդ օրը չենք հասցնում բարձրանալ՝ ճշտելու, թե ինչ շինություն է, բացի այդ, պետք է գտնենք նաև մեկ այլ բերդ, որի մասին իր` ՙՀայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում՚ գրքում (Երևան, 1999թ.) նշել է Սամվել Կարապետյանը՝ անվանելով Պահու բերդ: Օրեր անց նորից ենք գալիս Երկաթավորք: Մինչև այստեղ հասնելը՝ Խնձորեսկ գյուղի մոտից թեքվում ենք ձախ և ցեխապատ ու ոլոր-մոլոր ճանապարհով հասնում Վանոցա (Ջիվիմլի) կոչվող գյուղատեղին, որտեղ պահպանվել են մի ընդարձակ գերեզմանատեղի և  14-15-րդ դարերի երկու մուսուլմանական (ըստ որոշ աղբյուրների՝ թուրքմենական զորավարների) դամբարանատներ: Մեկը յոթանկյուն կառույց է՝ սրածայր վեղարով, իսկ մյուսը՝ քառանկյուն: Ունի  բոլորաձև թմբուկ և առավելապես եկեղեցու է նման թե դրսից, թե ներսից: Չնայած արձանագիր չեն, սակայն  երևում է, որ հայ վարպետներ են կառուցել դրանք. քանդակներում խաչեր ու վարդյակներ կան, իսկ հորինվածքով նման են 14-16-րդ դարերի հայկական հուշարձաններին:  
Երկաթավորքից արդեն մեզ ծանոթ ճանապարհով հասնում ենք մի ավերակ գյուղ, որտեղ ամռանը Կապանից եկած 2-3 ընտանիք անասուններ են պահում: Մի տարեց մարդ տեղեկացնում է, որ ինքը գիտի մեզ հետաքրքրող բերդի տեղը, և սիրով ուղեկցում է: Մեր ՙՆիվա՚ մակնիշի մեքենան բռնում է դեպի ներքև իջնող նեղ ու քարքարոտ ուղին: Հասնում ենք Քաշունի գետին և անցնում ծանծաղուտով:  Հնում այստեղ քարակերտ կամուրջ է եղել, որով  հայոց զինվորներն անցել ու բարձրացել են դեպի մեզ համար առայժմ անհայտ ամրոցը: Պահպանվել են կամրջի  հենասյուները: Գետի մյուս ափին  մեծ-մեծ քարեր կան,  երևում է, որ այստեղ ավելի վաղ շրջանում կիկլոպյան ամրոց ու բնակատեղի է եղել: Առհասարակ տեղանքն այնպես է, որ միակ հարմար ճանապարհն այստեղով է դարեր առաջ անցել։ Մոտերքում մահմեդական գերեզմանոց է՝ հիմնականում 20-րդ դարի գերեզմանաքարեր են: Այստեղից հեռու չէ մեր նպատակակետը: Մեր ուղեկցորդը ցույց է տալիս այն բլուրը, որի վրա  երկրորդ ամրոցն է, արդեն աշտարակներով, ավելի փոքր տարածքի վրա: Ըստ Սամվել Կարապետյանի՝ այս ամրոցը Պահու բերդն է, որը հավանաբար եղել է ինչ-որ իշխանի դղյակ: Բերդի մուտքը հարավ-արևելքից է:   Երկու աշտարակներ այսօր էլ հպարտորեն հսկում են դեպի ամրոց տանող մուտքը, իսկ խորքում շինություններ են՝ հավանաբար զորանոցներ, որտեղ հայ զինվորներն են բնակվել և պաշտպանել դղյակի ու տարածքի անդորրը: Այստեղից երևում է նաև մեր նկարագրած առաջին ամրոցի արևմտյան կողմը, որն ամբողջությամբ ժայռեղեն է։ Մի քանի արծիվներ են ճախրում երկնքում, ապա իջնում ժայռերին. հավանաբար այստեղ նրանց բներն են: Պահու բերդն էլ թեքություն ունի: Ավելի վերևում շատ են շինությունները,  քանդված   շինությունների հետքերը, տեղ-տեղ պահպանվել են պատերը: Հիմնականում բնական ժայռերն են պարիսպների դեր կատարել. սակայն թույլ մասերում պատեր են շարված: Արևմտյան կողմում ավելի շատ են մարդու կերտած պատերը: Բլրի վերևում՝ հյուսիսային կողմում, մի կլորավուն տարածք է պահպանվել: Հավանաբար այս մասում է եղել բերդի տիրոջ պալատը: Պահպանված պատերն ու դիրքը դա են հուշում: Ուղղաձիգ ժայռով ժամանակին գաղտնուղի է եղել։ Երևում են նաև գաղտնուղու հետքերը: Իսկ հարակից տարածքում ավելի են ամրացված  պարիսպները: Այժմ ծառեր են աճել հողով լցված տների տեղում: Մինչ ընկերներս՝ Լեռնիկն ու Սլավան, չափումներ էին կատարում, փորձում եմ ներքև իջնել արևմտյան պատով: Գտնում եմ հեշտ ճանապարհը: Երևում է՝ այստեղով ևս  ժամանակին  ելումուտ  են արել: Ներքևում մոտ 10 մետր բարձրությամբ պատ է շարված՝ կիպ լանջի հետ: Քիչ հեռու եղել է մուտք, որը հսկվել է. կա աշտարակի նման շինություն: Նույն կողմում է հոսում գետակը, որի ափին հնամենի մի գյուղ կա՝ Հարթեքը (հիշատակվում է 13-րդ դարից) ուղղաձիգ ժայռի տակ: Հավանաբար ժամանակին այս գյուղն էլ է պատկանել բերդին, և երևի ժամանակին այստեղից է բերդը ջուր վերցրել, և դրա համար է գաղտնի մուտքը: Պտտվում եմ բերդի չորս կողմով՝ ժայռեր ու պարիսպներ, ծառեր ու մացառներ: Ժամանակի ընթացքում ժայռաբեկորներ են պոկվել լանջերից ու գլորվել ներքև: Մի պահ պատկերացնում եմ, որ նույն ժայռաբեկորների հետևում են պատսպարվել բերդը պաշարածները՝ պաշտպանվելով վերևից արձակված նետերից:   Ոչ միայն այս, այլև տարածքի բոլոր պատմական հուշարձաններն այսօր լուրջ ուսումնասիրման և պահպանման կարիք ունեն: Միայն կատարվող պեղումները և սրտացավ ուսումնասիրությունը կտան յուրաքանչյուր հնավայրի մասին ճշգրիտ տեղեկություններ:
 Վերջացնելով մեր առաքելությունը՝ ցած ենք իջնում դեպի  Կուբաթլու քաղաք, այստեղից էլ շարունակում ենք առաջանալ Որոտանի աջափնյա   ճանապարհով դեպի Կապան-Գորիս մայրուղի: Այս մասում է գտնվում մեր պատմական ճարտարապետական կոթողներից մեկը՝ Լալազարի կամուրջը:

 

 

Զոհրաբ  ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր