comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

DSC_7072.jpgՍեպտեմբերի 18-19-ը հերթական անգամ Ստեփանակերտի Ստ.  Շահումյանի անվան մարզադաշտում կազմակերպվեց զոհված ազատամարտիկ, աթլետիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար։ Միջոցառումը համընկավ ԼՂՀ և ՀՀ պետական անկախության հռչակման 21-րդ տարեդարձներին նվիրված տոնակատարություններին։ Նշանակալից այս իրադարձությանը ներկա էին սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, միջազգային և աշխարհի խոշոր մրցումների հաղթող, մինչև այսօր շուրջ 25 տարի Եվրոպայի չգերազանցած ռեկորդի (8 մետր 86 սմ) հեղինակ, աթլետիկայի ՀՀ  ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը, աթլետիկական բազմամարտի և արգելավազքի ՀՀ բազմակի չեմպիոն, տասնամարտի գծով ՀՀ-ում և ԽՍՀՄ-ում միակ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վալերի Մամաջանյանը, Երևանի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան հ. 2 մարզադպրոցի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը, ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ  ԿԱ սպորտկոմիտեի նախագահի պաշտոնակատար Ռազմիկ Հովսեփյանը, մարզասերներ, հյուրեր, ինչպես նաև զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի մայր Աիդա Հարությունյանը։

Ավանդական դարձած հուշամրցաշարի նպատակն է վառ պահել Հայաստանի բազմակի չեմպիոն, ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակը, կատարելագործել մարզիկների վարպետությունը և ի հայտ բերել ուժեղագույններին։ Մրցումները կազմակերպեց և ղեկավարեց ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիան։ Հուշամրցաշարը բացվեց եռագույն դրոշի հանդիսավոր բարձրացումով։ Մրցումներն անհատական էին, թույլատրվել է մասնակցել տարիքային բոլոր խմբերի այն մարզիկներին, ովքեր ունեն 3-րդ և բարձր կարգ։ Յուրաքանչյուր մարզիկ իրավունք ուներ մասնակցելու երկու ձևում։ Համաձայն ծրագրի՝ կանայք մասնակցեցին 100 մ, 200 մ, 400 մ, 800 մ վազքին և մուրճի նետմանն ու հեռացատկին, իսկ տղամարդիկ՝ 100մ¬ից մինչև 1000 մ վազքին և հեռացատկին։ Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցեց ԼՂՀ և ՀՀ տարբեր շրջանների շուրջ 13 թիմ։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ներկայացավ 4 մարզիկներով, որոնք բոլորն էլ Հայաստանի հավաքականի անդամներն են։ Թիմի մարզիչն է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, աթլետիկայի ամբիոնի դոցենտ Միշա Հայրապետյանը։ ՀՀ աթլետիկայի օլիմպիական թիվ 1 մարզադպրոցը ներկայացել էր երկու մարզուհիներով, ովքեր նույնպես ՀՀ հավաքականի անդամներ են, միջազգային մրցումների մասնակիցներ։ Նրանք եկել էին մարզադպրոցի տնօրեն և մարզիչ Վահագն Ջավախյանի հետ։ Հայաստանի մարզական միությունը ներկայացրեց մեկ մարզուհի՝ ՀՀ հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն Դիանա Խուբեսերյանը։ ՀՀ-ից ներկայացել են նաև Արտաշատի և Կապանի թիմերը, որոնց մարզիկները նույնպես միջազգային տարբեր մրցաշարերի մրցանակակիրներ են։ ԼՂՀ¬ի  թիմը ներկայացնում էին սպորտի վարպետներ, աթլետիկայի գծով Եվրոպայի առաջնությունների հաղթողներ Աշոտ Հայրապետյանը, Արթուր Պետրոսյանը, Ստելլա Թամրազյանը, Էդվին Հայրապետյանը և Ռուբեն Վանյանը։ Նրանց մարզիչն է ԼՂՀ և ՀՀ վաստակավոր մարզիչ, Արցախի պետական համալսարանի դոցենտ Արտո Առստամյանը։ Հուշամրցաշարի գլխավոր մրցավարն էր ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող Կամո Բեգլարյանը։
DSC_7211.jpgՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանն արդեն երրորդ անգամ է Արցախում։ Նրա խոսքերով՝ արցախցի մարզիկները հիանալի արդյունքներ են ունենում միջազգային ասպարեզներում։ Ու դա նաև մարզիչների շնորհիվ է։ Ռ. Էմիյանը կարևորեց ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ա. Թովմասյանի դերը մարզաձևի զարգացման գործում, որովհետև արցախցի մարզիկները մասնակցում են միջազգային խոշոր մրցումներին և ունենում հիանալի հաջողություններ։ Այդ կապակցությամբ Ռ. Էմիյանը միջազգային աթլետիկայի ֆեդերացիայի կողմից Ա. Թովմասյանին հանձնեց ոսկե մեդալ՝ միջազգային աթլետիկայի զարգացման գործում իր ներդրման համար։ Իսկ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի կողմից հանձնեց գավաթ և դիպլոմ։ Գավաթով պարգևատրվեցին նաև ԼՂՀ  ԿԱ սպորտկոմիտեի նախագահի պաշտոնակատար Ռ. Հովսեփյանը, հուշամրցաշարի գլխավոր մրցավար Կ. ԲԵգլարյանը և ԼՂՀ աթլետիկայի մարզիչ Արտո Առստամյանը։ Մեդալով և դիպլոմով պարգևատրվեց 2011թ. միջազգային խոշոր մրցումների Եվրոպայի թիմային գավաթակիր Վարդան Փահլևանյանը։ Ա. Թովմասյանն իր հերթին դիպլոմով պարգևատրեց լեգենդար Ռ. Էմիյանին։ ՙԻրականում մենք՝  արցախցիներս, կարող ենք հպարտանալ, որ վերջին տարիներին աթլետիկայի ասպարեզում տվել ենք երկու սպորտի վարպետներ՝ Աշոտ Հայրապետյան և Արթուր Պետրոսյան։ Աշխարհի առաջնությունում Աշոտ Հայրապետյանը սահմանել է ՀՀ ռեկորդ. 40 տարի այդ ռեկորդը պահպանվում էր. նա 800 մ վազքատարածքում սահմանեց 1 րոպե 50 վայրկյան ռեկորդը՚,- ասաց Ա. Թովմասյանը։ Նա ցավով նշեց, որ աթլետիկայի համար արցախցիները չունեն նորմալ վազքուղիներ, ցատկի համար բարեհարմար պայմաններ, բայց ԼՂՀ իշխանությունները հավաստիացրել են, որ առաջիկայում կստեղծվեն այդ  պայմանները։ 
Մրցաշարում տղամարդկանց 800մ և 1000մ, կանանց 800մ վազքատարածություններում խաղարկվեց գլխավոր մրցանակ (50 հազ. դրամ), որն էլ շահեցին արցախցի մարզիկներ Աշոտ Հայրապետյանը և Ստելլա Թամրազյանը։ Մյուս մրցումներում առաջին տեղերը զբաղեցրին Արամ Դավթյանը՝ 400մ վազք (Արտաշատ), 200 մ և 100 մ վազքատարածություններում նոր ռեկորդ սահմանեց Հրանտ Եղիազարյանը (Երևան)՝ 23,8 և 13,3 վրկ., աղջիկներից՝ 800մ և 400 մ՝ Ստելլա Թամրազյանը (Ասկերան), 200 մ և 100 մ՝ Դիանա Խուբեսերյանը (Երևան)։ Հեռացատկի մրցումներում առաջիններն էին երևանցիներ Սաթենիկ Հովհաննիսյանը և Վարդան Փահլևանյանը, իսկ մուրճի նետում մարզաձևում՝ երևանցի Թագուհի Խաչատրյանը։ Բոլոր մրցանակակիրներն էլ պարգևատրվեցին դրամական պարգևներով և դիպլոմներով։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ