Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՎԱՐԱԳԱ Ս. ԽԱՉԻ ՏՈՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

mother_cathedral_1f089dfedda7f62cdef_middle.jpgՀայ Առաքելական եկեղեցին  սեպտեմբերի 30-ին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված մի շարք տոներ, սակայն այս տոնը զուտ ազգային երանգ ունի և տոնվում է միայն Հայ եկեղեցու կողմից: Վարագա Ս. Խաչի տոնը միշտ նշվում է Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Ագաթանգեղոսի վկայությամբ՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն, մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Ս. Հռիփսիմեն իր կրծքից կախված Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: 
Եկեղեցական ավանդության համաձայն` սուրբ մասունքը թաքնված մնում է մինչև 7-րդ դարը: 653թ., երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Ս. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: 
Ներսես Գ. կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետը, իմանալով այս մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ Հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ, ի վկայություն կատարված հրաշքի, անվանում է Ս. Նշան: Ներսես Գ Հայրապետը գրում է նաև ՙՆշանաւ ամենայաղթ՚ անզուգական շարականը, որը երգվում է տոնի օրը:
Սրբազան այդ մասունքը մինչև 1021թ. մնում է Վարագա վանքում, ապա Սենեքերիմ Արծրունին այն տեղափոխում է Սեբաստիա: Վերջինիս մահից հետո այն նորից փոխադրվում է հին տեղը և այդպես մնում մինչև 1651թ., երբ գերի է տարվում Խոշաբ: Սակայն 1655թ. ազատվելով՝ զետեղվում է Վանի Ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Ս. Նշան, ուր և պահվում էր մասունքը մինչև 1915թ.:   
Վարագա Ս. Խաչի տոնը նաև առանձնահատուկ արժեք է ձեռք բերել Արցախի թեմի համար, քանի որ 1989թ., երբ երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի կողմից վերաբացվեց Արցախի պատմական թեմը, նորանշանակ թեմակալ առաջնորդ Պարգև Սրբազանը հենց Վարագա Ս. Խաչի տոնի օրը Գանձասարում մատուցեց անդրանիկ Ս. Պատարագը: Շուրջ վաթսունամյա հարկադիր լռությունից հետո Արցախում կրկին հնչեց Պատարագի սրբազան արարողության երգեցողությունը, իսկ Գանձասարի զանգերի ղողանջն ավետեց Արցախ աշխարհի հոգևոր կյանքի վերածնունդը:
 
Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ 
Հայ Առաքելական եկեղեցու 
Արցախի թեմի տեղեկատվական 
համակարգի տնօրեն