comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՈՐԾ, ՈՐ ԲԽԵԼ Է ՍՐՏԻՑ, ՈԳՈՒՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾ, ՈՐ ԲԽԵԼ Է ՍՐՏԻՑ, ՈԳՈՒՑ

Շուշին` հայկական մշակույթի օջախ՚ միջազգային գիտաժողովը, ինչպես նշել ենք մեր թերթի նախորդ համարներում, հնչեցրեց բավական հետաքրքիր ու զանազան թեմաներ, բարձրացրեց տարաբնույթ խնդիրներ:
 Հաջորդ զեկույցը, որ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել մեր ընթերցողին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Եվա Զաքարյանի ՙԿյանք` նվիրված հայրենի եզերքի բանավոր արժեքների պահպանմանը՚ զեկույցն էր: Գիտնականը ներկայացրեց մի շատ հետաքրքիր գրքի հեղինակի: Բայց եթե ինքը` գիրքը, քաջածանոթ է գիր ու գրականություն սիրող արցախցուն, ապա, երևի, քչերը գիտեն, թե ով է այդ յուրատիպ գրքի հեղինակը:
Եվս մեկ անգամ հիշեցնելով Առաքել, Գրիգոր և Ալեքսանդր Բահատրյանների 1860-ին կատարած գործը` 61 հեքիաթի գրառման մասին, զեկուցագիրը ուշադրություն է սևեռում այն բանին, որ դրանից հետո, մոտ 60 տարի անց, Շուշիի և նրա շրջակա տարբեր գյուղերի հեքիաթների և բանահյուսական այլ տեսակների` խաղիկների, հանելուկների, առած-ասացվածքների, զվարճախոսությունների, լեգենդների, ավանդույթների գրառման գործը ձեռնարկում է բնիկ շուշեցի մի երիտասարդ աղջիկ` Մարգարիտ Սպանդարյանը (ամուսնական ազգանունը` Գրիգորյան), ծնված 1902թ.:
Դեռ դպրոցական տարիներին հետաքրքրասեր աղջնակը գրառում է մի քանի հեքիաթ, որոնք ոչնչանում են 1920թ. Շուշիի հրդեհի ու ավերման ժամանակ: Հետագայում, բնակվելով Բաքվում, ամեն տարի ամռանը վերադառնում է հայրենի եզերք և շրջելով Շուշիի ավերածությունից փրկված հայկական փոքրիկ հատվածում և շրջակա գյուղերում, բանահյուսական նյութեր է հավաքում: Եվ այդպես, մինչև 1958թ. նա գրառում է 700 հեքիաթ, 2000 խաղիկ, փոքրածավալ այլ ժանրերի 4000-ից ավելի ժողովրդական ստեղծագործություններ:
1928-1941 թթ. Մարգարիտ Սպանդարյան-Գրիգորյանն իրեն ակտիվորեն նվիրում է բանահավաքչական գործին: Նա հատկապես փնտրում, գտնում է գյուղերում և այլուր ցրված նախկին շուշեցիներին, քաջ գիտակցելով, որ յուրաքանչուր հապաղում հանգեցնելու է անդառնալի կորստի: Այդպես նա գտնում է հրաշալի ասացողներ Ղումաշ Ավագյանին և Փիրուզա Տեր-Հովհաննիսյանին, որոնցից գրի է առնում գեղարվեստական բարձր արժանիքներով, հյութեղ ու ճոխ լեզվով, զգացական մեծ լիցքով օժտված բազմաթիվ բանահյուսական գոհարներ:
Բանահավաքչական աշխատանքներն ամենևին էլ հեշտ չեն ընթացել. տեխնիկայի չգոյություն, տրանսպորտային դժվարություններ, ծանր, անապահով տարիներ: Հաճախ գյուղից գյուղ ոտքով էր անցնում, անգամ անձրևի տակ: Ստալինյան համատարած վախի մթնոլորտում մարդկանց անվստահությունը և կասկածամտությունը մեղմելու համար հաճախ նա գյուղի ծերերին հրավիրել է վարձակալած տունը, փորձել մտերմանալ նրանց հետ, հյուրասիրել, զրուցել, որպեսզի կաշկանդվածությունն անցնի: Ունենալով փայլուն հիշողություն, հրաշալի տիրապետելով տեղական բարբառային նրբություններին՝ երբեմն նա մտապահել է ողջ պատմածը և նրանց գնալուց հետո երեկոյան հիշողությամբ վերարտադրել ու թղթին  հանձնել ղարաբաղյան բանարվեստի հարստությունները, որոնք հայկական բանահյուսության լավագույն նմուշների շարքին են պատկանում: Եվ ինչն է ամենակարևորը, այդ ամենը նա արել է սեփական կամքով, անձնական միջոցներով, իր հանգստի հաշվին: ՙՈչ ոք ինձ չի ասել՝ հավաքիր՚,- մեջբերում է բանահավաքի կենսագրականից Ե. Զաքարյանը:-  Ես այդ կատարել եմ` ելնելով իմ անհուն սիրուց դեպի իմ ծննդավայրը, մեր այրված Շուշին, ասես թե ցանկանալով բուժել նրա վերքը, ցույց տալ նրա անհասանելի բարձրության ու վեհության գոնե մի բեկորը: Դա բխել է իմ սրտից, իմ հոգուց՚:
Բանահավաքչական գործով նա հնարավորություն է ունենում նորից զբաղվել միայն պատերազմից հետո: 1945-1958 թթ. շատ արգասաբեր էին, թեև վերջերում բանահավաքը դժգոհում էր, որ այլևս չկան առաջվա ջանգյուլում երգողները, հմուտ հեքիաթասացները: Չսահմանափակվելով զուտ բանահյուսական նյութերի գրառմամբ, Մ. Սպանդարյան-Գրիգորյանը գրի է առել նաև ազգագրական նյութեր` հավատալիքներ, ծեսեր, մանրամասն ներկայացրել բոլոր տոները, հատկապես համբարձման տոնն իր բոլոր արարողություններով: Նա նկարագրել է ղարաբաղցիների կենցաղն ու սովորույթները, առտնին կյանքին առնչվող բոլոր հանգամանքները` կենցաղային իրեր, մարդկանց առօրյան, զբաղմունքը, սնունդը, կերակրատեսակները, դրանց բաղադրատոմսերը, հանգամանորեն ներկայացրել է սրբատեղիների նկարագրությունները, գուշակությունների ձևերը, ժողովրդական բժշկության մասին գիտելիքները, հմայությունները, մանկական խաղերը և այլն: Ցավոք, նշում է զեկուցագիրը, այդ բոլոր նյութերը դեռ ձեռագիր են, կարիք ունեն մասնագիտական հետազոտման:
Հրաշալի տիրապետելով հայրենի բարբառին՝ Մ. Գրիգորյանը գիտական ուսումնասիրության է ենթարկել այն և գրել ՙՂարաբաղի բարբառը և Շուշի քաղաքի ենթաբարբառը՚, որտեղ հեղինակը փորձում է վեր հանել Շուշի քաղաքի բնակչության խոսվածքն իր բազմապիսի կողմերով, ենթաբարբառ, որն այլևս գոյություն չուներ, քանի որ մնացել է կոտորածից փրկված և այլ բնակավայրեր ցրված փոքրաթիվ մարդկանց մոտ: Այդ աշխատության, ինչպես և մեկ ուրիշ` ՙՂարաբաղի բարբառի լեզվական հարստությունները՚ (334 էջ), մեքենագրերը պահպանվում  են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արխիվում: Բանահավաքը գրել է նաև ՙՂարաբաղ՚ վերտառությունը կրող հինգ ծավալուն հատորներից բաղկացած վեպ, ուր նկարագրել է Շուշիի ծաղկուն կյանքը 1910-1920 թթ., իր պատմական դեմքերով ու դեպքերով, սովորույթներով, նիստ ու կացով, բարձր մշակույթով: Նա փորձել է պատկերացում տալ այդ քաղաքում ապրող, տոկուն, խելոք, հպարտ, պատվախնդիր, արդարամիտ, աշխատասեր ժողովրդի, քաղաքի ողբերգական իրադարձությունների մասին, որոնց ականատեսն ու մասնակիցն էր ինքը` հեղինակը: Անկախ վեպի գեղարվեստական արժեքներից, այն իրենից պատմական, ազգագրական արժեք է ներկայացնում։ Վեպի շատ հատվածներ փաստագրական, հուշագրական բնույթի են: Ըստ զեկուցագրի՝ վեպը կարիք ունի ուսումնասիրության, և եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե հատվածաբար հրատարակելու և ներկայացնելու հանրությանը: Ի դեպ, վեպի մեքենագիրը` 2500 էջ ընդհանուր ծավալով, 350 հեքիաթների հետ միասին Մ.Գրիգորյանը նվիրել է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական գրադարանի արխիվին, ևս մի օրինակ, ինչպես և բանահյուսական նյութերի պատկառելի հավաքածուն պահպանվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվում: Այդ նյութերի զգալի մասն ընթերցանության համար մատչելի դարձնելու նպատակով հեղինակը մշակման է ենթարկել և դարձրել գրական հայերեն, ինչը, սակայն, ազգագրագետ Ե. Զաքարյանի գնահատմամբ, մասնագիտական ոլորտում լիարժեքորեն չի կարող ծառայել իբրև բանահյուսական սկզբնաղբյուր: Բարեբախտաբար, ուրախությամբ նշեց նա, Մ. Գրիգորյանն իր հավաքած նյութերի մի մասը, որ էլի պատկառելի թիվ է կազմում, գրառել է մայրենի բարբառով, նշել տեղավայրը, ասացողների անունները, նրանց մասին մանրամասն տվյալները: Այդ գրառումների ամենաարժեքավոր մասից կազմվել են երկու ստվար հատորներ և հրատարակվել: 1966թ. Ա. Նազինյանի և Մ. Գրիգորյանի համատեղ ջանքերով լույս է տեսել ՙՀայ ժողովրդական հեքիաթներ՚¬ի  5-րդ հատորը, որն ընդգրկում է Արցախի 184 հեքիաթների բնագրեր: Իսկ 1971թ. լույս է տեսնում Մ. Գրիգորյանի ՙԼեռնային Ղարաբաղի բանահյուսությունը՚  ժողովածուն, որտեղ զետեղված են նրա հավաքած` թվով 1804 ժողովրդական խաղիկներ, 243 հանելուկներ, 13 շուտասելուկներ, 461 առած-ասացվածքներ, 26 օրհներգեր, 53 անեծքներ, 2 աղոթք, 62 նմուշ ոճավոր ծաղր ու հեգնանք, 28 հեքիաթներ, 9 հեքիաթ-հանելուկներ, 7 ավանդություն, 31 երգիծական զրույցներ, Պըլը Պուղու 24 զվարճախոսություններ: 
Բահատրյաններից հետո Մ. Սպանդարյան-Գրիգորյանը միակն է եղել, որ ժողովրդական բառն ու բանը գրի է առել և հասցրել ապագա սերունդներին` անդառնալի կորստից փրկելով հայկական պատմական տարածքների արևելյան հատվածի՝ տնտեսական ու մշակութային առումով այդ ամենազարգացած, ամենածաղկուն ու շենշող քաղաքի հոգևոր հարստությունների մի կարևոր մասնիկը:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ