[ARM]     [RUS]     [ENG]

Միջազգային գիտաժողովի շրջանակներում ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ 15-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

altՄեսրոպ Մաշտոց Համալսարանը (ՄՄՀ) Արցախում գործող ոչ պետական առաջին բուհերից է։ Այն հիմնադրվել է 1996թ. հոկտեմբերի 25-ին։ 
Օրերս բուհը նշեց իր ստեղծման 15-ամյակը, որի կապակցությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովին մասնակցել են տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի պետական և ոչ պետական բուհերից։ 
ՙԿրթությունը և գիտությունը համաշխարհայնացման դարաշրջանում՚. այս խորագիրն էր կրում նոյմբերի 3-ին համալսարանի նիստերի դահլիճում մեկնարկած գիտաժողովը, որին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք։ Գիտաժողովը վարում էր ՄՄՀ պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը։ 
Բացման խոսքում ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը հակիրճ անդրադարձավ բուհի անցած ճանապարհին՝ նշելով այդ ժամանակամիջոցում ունեցած ձեռքբերումները։
Իր գործունեության սկզբնական շրջանում համալսարանն ուներ 76 ուսանող։ Այսօր բուհում սովորում է 800-ից ավելի ուսանող՝ առկա և հեռակա ուսուցմամբ։ Համալսարանի ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են՝ իրավագիտության (պատմության բանժանմունքով), հումանիտար (տարրական ուսուցման մեթոդիկայի բաժանմունքով), տնտեսագիտության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կառավարման։ Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է 8 մասնագիտական ամբիոնների միջոցով։ Այստեղ աշխատում են արհեստավարժ  մասնագետներ՝ պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, թեկնածուներ, դոցենտներ։ Բուհի շրջանավարտներն աշխատում են ԼՂՀ պետական հիմնարկներում, մասնավոր կազմակերպություններում, երկրի տարբեր բնագավառներում։ 
ՄՄՀ¬ն ուսումնագիտական կապեր ունի տարածաշրջանի մի շարք համալսարանների հետ. բուհը համագործակցում է Արցախի և Երևանի պետական, Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանների, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական և Երևանի ՙԳլաձոր՚ կառավարման համալսարանների, Զբոսաշրջության հայկական ինստիտուտի հետ։ ՄՄՀ դասախոսներն ու ուսանողները մասնակցում են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի տարբեր բուհերում կազմակերպվող գիտաժողովներին։ Սերտ ու արդյունավետ կապեր են ստեղծված Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանիսայի ուսումնական և գիտական հաստատությունների հետ։ 
Համալսարանն ունի գրադարան և ընթերցասրահ։ Գրադարանային ֆոնդն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով գիտական, ուսումնական, գեղարվեստական գրականության հարուստ ցանկ։ Գրքային ֆոնդը ներառված է համակարգչում, ապահովված է ուսանողների ազատ մուտքը համացանց, մատչելի են սեփական էլեկտրոնային գրադարանի և աշխարհի գրադարնների կայքէջերը։ Այն պարբերաբար համալրվում է ինչպես ՄՄՀ դասախոսների գիտական մենագրություններով, ուսումնամեթոդական ձեռնարկներով, այնպես էլ առանձին անհատների նվիրատվություններով։
2007թ. փետրվարից համալսարանում գործում է անգլախոսների ակումբը։ Բուհի մանկավարժ-շրջանավարտների (ՙՕտար լեզու՚ մասնագիտությամբ) մասնագիտական գործունեությունը մշտապես հաստատության ուշադրության կենտրոնում է։ 2008-ից այդ ծրագրի հանձնառուն 45-ամյա մանկավարժական փորձ ունեցող, ծնունդով ամերիկացի Նիկոլաս Վագներն է, ում նախաձեռնությամբ մեթոդխորհուրդը պարբերաբար այցելում է հանրապետության գյուղերն ու համապատասխան մանկավարժական խորհուրդներով, մեթոդական ուղեցույցներով, ծրագրերով՝ օգնում անգլերենի ուսուցիչներին։
2010թ. ՄՄՀ-ն համագործակցության դաշինք է կնքել Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի հետ։ Բուհը լավագույն ուսանողներին հնարավորություն է տալիս լինել Ջորջթաունի համալսարանում և ՙՄեկ կիսամյակ Վաշինգտոնում՚ ծրագրի շրջանակներում մասնակցել նշված համալսարանի դասընթացներին։ 
Արտաքին լայն կապերի, արտերկրյա բուհերի հետ սերտ  համագործակցության մասին են վկայում այն պարգևները, որոնք շնորհվել են Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին։ 2007-ից Դ. Գաբրիելյանը Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ է։ Եվրոպական կրթական դաշտի ինտեգրման ուղղությամբ կատարված աշխատանքների համար նա արժանացել է Սոկրատեսի անվան միջազգային մեդալի, որը վարկանիշային բարձր պարգև է։ Գիտության, կրթության և բիզնեսի ոլորտում միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ռեկտորին շնորհվել է նաև Վիեննա քաղաքի ՙՄիջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսորի՚ կոչում։
Իր 15-ամյա գործունեության ընթացքում համալսարանի ռազմավարական կարևոր խնդիրը կադրային ներուժի ստեղծումն ու վերազինումն էր և բուհի՝ իբրև գիտահետազոտական կենտրոնի կայացումը։ Բուհն այսօր ունի դասախոսական  իր հիմնակազմը։ ՄՄՀ-ին կից գործում են Հայագիտական, Մերձավոր և Միջին Արևելքի հետազոտությունների և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնները։ 
Համալսարանի ռազմավարությունն ուղենշվում է կրթության ձևի և բովանդակության արդիականացմամբ՝ խնդիր ունենալով մշտապես ուղղորդվել դեպի նորը։ 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կոլեկտիվին առաջինը շնորհավորեց և գիտաժողովի աշխատանքները ողջունեց Արցախի խորհրդարանի նախագահը։ Ա.Ղուլյանը  բարձր գնահատեց  հաստատության գիտակրթական գործունեությունը՝ նշելով, որ բուհի ղեկավարությունը յուրաքանչյուր տարի փորձում է ինչ-որ բան ավելացնել եղածին։ ԱԺ խոսնակի  խոսքերով՝ ամենակարևոր ձեռքբերումը, որ ունի համալսարանը, պետական հավատարմագրում ստանալն էր։ ՙԴա նշանակում է, որ այն չափորոշիչները, որով առաջնորդվում է կրթական հաստատությունը, համահունչ են մեր երկրում իրականացվող կրթական բարեփոխումներին։ Համոզված եմ՝ առաջիկա տարիներին համալսարանի կողմից նոր քայլեր կձեռնարկվեն, որոնք մշտապես նորացվող ծրագրերի, նոր նախագծերի ու նախաձեռնությունների միջոցով ավելի բարձր հիմքերի վրա կդնեն  կրթության և գիտության նկատմամբ հարգանքն ու ցանկությունը, որ միշտ եղել է արցախցի երիտասարդների մոտ՚,- ասաց Ա. Ղուլյանը։
ՙՏասնհինգ տարին մեծ ժամանակահատված չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ համալսարանն իր գործունեությունն սկսել է զրոյից, կարելի է ասել՝ որոշակի ձեռքբերումներ ունի։ Քիչ չեն նաև անելիքները՝ շենքային պայմանների բարելավման և բարձրագույն կրթության ոլորտի գործառույթներում որոշ խնդիրների հստակեցման առումով։ Բայց այս տարիների ընթացքում բուհի կողմից հաստատված միջազգային կապերը թույլ են տալիս համոզված ասել, որ համալսարանը կհաղթահարի, կկարողանա անհրաժեշտ և նպատակասլաց աշխատանքներ տանել՝ բարձրագույն կրթության դաշտում առկա խնդիրներին ճիշտ լուծում տալու և արդի ժամանակաշրջանի մարտահրավերներին դիմակայելու համար՚,- ողջույնի խոսքում ասաց ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։
Որպես ասվածի առհավատչյա՝ ԿԳ նախարարը համալսարանին նվիրեց հայերեն առաջին տպագիր գիրքը՝ ՙՈւրբաթագիրքը՚։
Շնորհավորանքի խոսք ասացին նաև ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայանը, ինչպես նաև՝ Հայաստանից և  Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերը, որոնց թվում՝ Բենիկ Հարությունյանը (ՀՀ առողջապահության նախարարություն), Յուրի Կլիչնիկովը (Պյատիգորսկի լեզվաբանական համալսարան), Վալերի Կոնովալովը, Սենիկ Ավանեսյանը (Ռոստովի դաշնային համալսարան),  Վիտալի Ալեքսանդրյանը (Երևանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան) և ուրիշներ։ 
Ելույթ ունեցողները համոզմունք հայտնեցին, որ համալսարանն այսուհետ ևս կշարունակի ճիշտ քաղաքականություն իրականացնել բուհական կրթության դաշտում՝ արժանապատվությամբ կատարելով կրթական գործունեություն ծավալելու առաքելությունը,  ՄՄՀ շրջանավարտները միշտ բարձր կպահեն հարազատ բուհի պատիվը և անմնացորդ նվիրումով կծառայեն հայրենիքին։
Պլենար նիստից հետո գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց առանձին մասնախմբերում, որտեղ ինչպես տեղական, այնպես էլ դրսից ժամանած գիտնականները հանդես եկան համապատասխան զեկուցումներով։ 
Գիտաժողովից հետո Արցախ ժամանած հյուրերը եղան մեր երկրի տեսարժան վայրերում, հնարավորություն ունեցան ծանոթանալ նրա պատմամշակութային արժեքներին։ 
Տոնական օրվան նվիրված միջոցառումների վերջին ակորդը նոյեմբերի 4-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած համերգն էր։
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ