[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

DSC04786.jpgՆոյեմբերի 3-ին Ստեփանակերտի հ. 7 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացավ 2012 թվականի Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի թաեքվոնդոյի առաջնությունը։ Ի դեպ, նշենք, որ թաեքվոնդո մարտարվեստն Արցախում ձևավորվել է 1999 թվականին, որի հիմնադիրն է  Թաեքվոնդոյի ֆեդերացիայի գործող նախագահ Վրեժ Խաչատրյանը։ Արևելյան այս մարտարվեստի առաջնությանը մասնակցեցին մարզադպրոցի 75 մարզիկներ, որոնց կազմում էին նաև Ասկերանի շրջանի Շոշ գյուղի թաեքվոնդո խմբի սաները։
Մինչ մրցաշարի  մեկնարկը, մանդատային  հանձնաժողովը բոլոր քաշային կարգերում կատարեց վիճակահանություն, որից հետո հերթականությամբ հանդես եկան մարզիկները։ Միջոցառումը կանոնակարգել էր Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցը, իսկ անմիջական պատասխանատվությունը մարզադպրոցի կողմից հաստատված մրցավարական հանձնախմբի վրա էր դրված։ Մարզադպրոցի տնօրեն Կարեն Մելքումյանի պարզաբանմամբ՝  ուսումնական տարվա մարզական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ կազմակերպվեց նաև թաեքվոնդոյի առաջնություն, որի խնդիրն էր մարտարվեստը դարձնել զանգվածային, ի հայտ բերել լավագույն մարզիկներին ու համալրել մանկապատանեկան մարզադպրոցի հավաքական թիմը։ 
Առաջնությունն անցկացվեց Թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիայի կանոնների համաձայն։ Մասնակցեցին մինչև 25 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները, ինչպես նաև կրտսեր պատանիներ, պատանիներ, ավագ պատանիներ և երիտասարդներ։ 
Համառ պայքարից հետո առաջին մրցանակային տեղերը զբաղեցրին  Գրիշա Կարապետյանը՝ 23 կգ քաշային կարգում, Դավիթ Բախտամյանը՝ 24, Սևակ Դանիելյանը՝ 28, Իգոր Կարապետյանը՝ 31, Գեորգի Պետրոսյանը՝ 34, Մարատ Սարգսյանը՝ 37, Էդգար Գևորգյանը՝ 38, Հարութ Ղահրամանյանը՝ 45, Արտյոմ Բաղդասարյանը՝ 51, և Դավիթ Խաչատրյանը 58 կգ քաշային կարգերում։ Մարզադպրոցի թաեքվոնդոյի գլխավոր մարզիչ և առաջնության գլխավոր մրցավար Արամ Մկրտչյանը բարձր գնահատեց իր սաների մարզական ոգին։ ՙԱյս առաջնությունն ի հայտ կբերի լավագույններին, ովքեր հետագայում Արցախը կներկայացնեն ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի, աշխարհի առաջնություններում։ Իսկ լավ արդյունքներ ունենալու համար անհրաժեշտ են նաև ֆինանսական ներդրումներ, որովհետև մարզիկները դեռևս չունեն տատամիներ (մարզագորգ), համապատասխան մարզահագուստ, ինչը  նույնպես այս կամ այն չափով իր ազդեցությունն է թողնում՚,¬ նշեց թաեքվոնդոյի գլխավոր մարզիչը։ Բայցևայնպես՝ պատանի մարզիկները ջանասիրությամբ հաճախում են պարապմունքների, որոնք կազմակերպվում են Ստեփանակերտի հ. 7 և հ. 3 դպրոցների մարզադահլիճներում։ Ու այս տարի թաեքվոնդոյի մարզիկ, 17-ամյա Հայկ Խաչատրյանը հաջողություններ բերեց հավաքական  թիմին։ Նա Կիպրոսում 17-21 տարեկանների առաջնությունում գրավեց 4-րդ տեղը, իսկ Վիետնամում կայացած թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Առաջիկայում Հայկը պատրաստվում է մասնակցել տարբեր առաջնությունների, որպեսզի ձեռք բերի օլիմպիական վարկանիշ։ 
Իսկ այս մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մարզադպրոցի պատվոգրերով, նվերներով և մարզահագուստով։  
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ