[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆՌԱՆ ՀԱՏԻԿ՚. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ

Աշնան արձակուրդներին հայաստանյան, Արցախի, ինչպես և Ջավախքի, իսկ վերջերս՝ նաև Սփյուռքի  հայկական  օջախների թատերասեր դպրոցականները պատրաստվում են հատուկ ոգևորությամբ:
 Այլ կերպ ինչպե՜ս կարող է լինել. հենց այդ օրերին է, որ ավանդաբար անց է կացվում ՙՆռան հատիկ՚ հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը` նրանց համար մեկ շաբաթով դառնալով ձգողականության յուրօրինակ մի կենտրոն։ Արձակուրդային այդ շաբաթվա  ընթացքում Երևանի ՙՄետրո՚ թատրոնում  հավաքվում են մանկական, պատանեկան, երիտասարդական թատերախմբեր` հանդիսատեսի դատին հանձնելու տարվա ընթացքում պատրաստած աշխատանքը: Ինչն է հետաքրքիր։ Այն, որ   նրանց հետ միասին գալիս են հարազատներն ու բարեկամները`  կիսելու պատանի դերասանների ուրախությունն ու հուզմունքը: Իսկ հետո...  Հետո նրանք վերադառնում են հարազատ մշակութային օջախներ` հարստացած նոր տպավորություններով, նոր մտքերով, որպեսզի գալիք տարում կրկին  կյանքի կոչեն նոր մտահղացումներ: 
Հիշեցնենք, փառատոնը նախաձեռնել ու հիմնադրել է ՙՆախաբեմ՚ կրթամշակութային ասոցիացիան` դպրոցականների մեջ դեպի թատրոնը սեր արթնացնելու, մատաղ սերնդին գեղեցիկով դաստիարակելու նպատակով: Հետագայում այն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, ՙՄետրո՚ թատրոնի աջակցությամբ: Ինչպես իրավացիորեն նկատում է ՙՆախաբեմ՚ ասոցիացիայի պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանը, ՙՆռան հատիկը՚ ՀՀ-ում արդեն կայացած փառատոներից է և արդարացիորեն իրավունք ունի հասարակությանը ներկայանալու որպես պատանիների տոն: ՙԵվ այնքանով, որ մասնակիցներին միանում են նրանց տարեց հարազատներն ու մտերիմները, կարելի է վստահորեն ասել, որ ՙՆռան հատիկն՚ ունի ազգային տոն դառնալու բոլոր իրավունքները: Ավելին, այն միտում ունի համազգային տոն դառնալու, քանի որ մշտապես մասնակից են դառնում սփյուռքահայ որևէ օջախի թատերասեր երեխաներ՚,- իր ուղերձում ասում է սիրված դերասանը:
Այս տարի ՙՆռան հատիկի՚ 12-րդ փառատոնը նվիրված էր Հայ գրատպության 500-ամյակին: Այս առումով ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն իր ուղերձում առիթը  խիստ խորհրդանշական է համարում: ՙՁեզ հնարավորություն է ընձեռված ոչ միայն հանդես գալ բեմահարթակներում, ձեր ընդունակություններն ու ձիրքերը բացահայտել, այլև իրապես դառնալ հսկայական գրական-մշակութային ժառանգության արժանի կրողն ու տերը,- իր խոսքն ուղղելով մասնակիցներին՝ ասում է նախարարը:- Փառատոնի անցկացումը հատկապես իմաստավորվում է այդ կարևոր հոբելյանի ծիրում` որպես դարավոր գրական ժառանգության նորովի իմաստավորման միջոցներից մեկի՚: Նախարարը վստահ է. ընտրելով թատերարվեստի ճանապարհը՝ ՙՆռան հատիկը՚ թատերասեր երեխաների, պատանիների համար կարող է դառնալ այն դպրոցը, որի շնորհիվ  նրանք ձեռք են բերում հմտություններ, նախանշվում է մասնագիտական ապագան: ՙՓառատոնը եզակի առիթ է` շփվելու թատրոնի վարպետների հետ, ուսանելու նրանց հարուստ փորձն ու գիտելիքները՚,- ասում է Հ. Պողոսյանը։ Տեսնել է պետք, թե  փառատոնի ՙԼոկ թատրոնը կփրկի՚ հիմնը` Վահան Անդրեասյանի հեղինակությամբ, ինչպիսի ոգևորությամբ է ողջ դահլիճը երգում ու... միանգամից ջերմացնում մթնոլորտը: 
Հիրավի, ՙՆռան հատիկը՚ հավակնում է վերածվել համահայկական փառատոնի: Տարեցտարի ավելանում են  թատերախմբերի թիվը, ներկայացումների քանակը, ընդլայնվում  աշխարհագրությունը: Այս փառատոնին Հայաստանից, Սփյուռքից, Արցախից, Վրաստանից մասնակցել է 36 թատերախումբ, որոնք ներկայացրել են 42 բեմադրություն: Համաձայնեք` այս թվերով կարելի է միայն հպարտանալ ու ոգևորվել, հատկապես որ համաշխարհայնացման և   ինտեգրման դարաշրջանում հստակ կարծիք է ձևավորվում, թե, իբր, թատրոնն իր վերջին  ժամանակներն է  ապրում: ՙՆռան հատիկը՚ տարեցտարի ավելացվող իր խմբերով ու հանդիսատեսով, լեցուն դահլիճներով  հակառակն է  ապացուցում:
Հատուկ նշենք. ՙՆռան հատիկում՚ գրեթե ամեն տարի Արցախից  մասնակցում են թատերախմբեր Շուշիից, Բերձորից, իսկ անցյալ տարվանից միացան նաև Ստեփանակերտից (Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, գեղ. ղեկավար, բեմադրող-ռեժիսոր` ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան) ու Հադրութի շրջանի Տող գյուղից (Տողի արվեստի դպրոց` գեղ. ղեկավար` Ս. Բալայան, բեմադրող-ռեժիսոր` Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Մարատ Դավթյան): Թե ինչպիսի տպավորություններով  են լի Կենտրոնի թատերախմբի անդամները, ովքեր նաև այս տարի մասնակցեցին փառատոնին, կպատմենք թերթի առաջիկա համարներից մեկում: Իսկ այժմ վերադառնանք փառատոնին և մասնակից դառնանք վերջին` փակման արարողությանը:
Որպես լավագույն ներկայացումներ՝  արարողությանն ընդառաջ ցուցադրվեցին  Թբիլիսիի ազգագրական մանկապատանեկան կենտրոնի ՙՏեատրալի՚ թատերախմբի ՙԻմպրո՚ մնջախաղը (գեղ.ղեկավար և ռեժիսոր՝ Լաշա Գոգնիաշվիլի) և  Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի Կրակե թատրոնի Կրակե շոուն, որոնք մեծ ջերմությամբ ընդունվեցին հանդիսատեսի  կողմից:
ՙՆռան հատիկ՚ փառատոնի կազմկոմիտեի նախագահ, Երևանի  Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի գնահատմամբ՝ այս տարվա ամենախոշոր հաջողությունը համարվում է տասներկու նոր խմբերի մասնակցությունը փառատոնին։ ՙԱյսինքն՝  ՙՆռան հատիկը՚ թափ է առնում,- ոգեևորված ասում է նա։- Փառատոնն ունի մեծ  հեղինակություն, շատ թատերախմբեր ստեղծվում են հատկապես ՙՆռան հատիկին՚ մասնակցելու նպատակով։ Այս վեց օրերի ընթացքում մենք մինչև 20 հազար հանդիսատես ունեցանք՚։ Նրանք շփվեցին արվեստներից ամենակարևորի՝ թատրոնի հետ, և յուրաքանչյուրն իր հետ տարավ մի աշխարհ թատրոն։ 
ՙՆախաբեմ՚ թատերական ասոցիացիայի նախկին նախագահ Գեորգի Խոջոյանը, ով  մասնակցում էր փակման արարողությանը՝ որպես պատվավոր հյուր, կիսվելով իր տպավորություններով, ասաց. ՙԱնչափ արժևորում եմ այս փառատոնը։ Սա միակ միջոցն է՝ Հայաստանում փնտրել ու գտնել նոր թատերախմբեր, դպրոցներում քարոզել թատերարվեստը, երեխաներին ներգրավել այնպիսի սինթետիկ արվեստին, ինչպին թատրոնն է՚։ Նա նաև բարեմաղթանքներ հղեց փառատոնի կազմակերպիչներին։ Շատ ավելի արդյունավետ կարելի է բաշխել աշխատանքը, գտնում է նա՝ առաջարկելով փառատոնն այնպես կազմակերպել, որ լավագույն խմբերը հյուրախաղերով պարբերաբար հանդես գան ոչ միայն  Երևանում, այլև շրջաններում, Արցախում՝ ավելի արդյունավետ իրականացնելով ՙՆռան հատիկի՚ առաքելությունը։  
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ