[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՅԱՍԱ՚-Ն ՇՈՒՇԻՈՒՄ

SAM_4132[1]_1.jpgՀանդիպում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում
Նոյեմբերի 4-ին ՙՀայասա՚ երիտասարդական ՀԿ-ի 10-հոգանոց պատվիրակությունը Շուշիում էր:
ՀՀ ազգային փոքրամասնությունների երիտասարդներին համախմբող միակ կառույցի անդամները հյուրընկալվեցին վերջերս այստեղ տեղափոխված ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում:
Սրտառուչ և ջերմ մթնոլորտում անցած հանդիպման սկզբում ՄԵ հարցերի նախարար Նարենե Աղաբալյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, տեղեկացավ նրանց տրամադրության և տպավորությունների մասին:
Նախարարը միաժամանակ շնորհակալություն հայտնեց Գ. Գաբրիելյանցին՝ ծրագրին ծանրակշիռ մասնակցության համար:
- Մենք կարևորում ենք այս ծրագիրը, որովհետև ազգային փոքրամասնությունների համագործակցությունը մեր քաղաքականության պարտադիր մասն է կազմում, և մտածում ենք այս համագործակցությունն ավելի ակտիվացնելու մասին,- ասաց Ն.Աղաբալյանը։- Իրար ավելի լավ ճանաչելով ու հաղորդակցվելով, փոխանակելով մեր տպավորությունները, փորձը, մենք ավելի հարստացած կլինենք։
Նախարարը նշեց նաև, որ արդեն լրամշակման փուլում է նախագիծ՝ 2013թ.   Արցախում կազմակերպել էթնոփառատոն, որին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը ցանկալի կլիներ:
Հանդիպման վերջում նախարար Աղաբալյանն ու հյուրերը նվերներ փոխանակեցին:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց փոխնախարար Գայանե Գրիգորյանը, քննարկվեցին նաև հետագա անելիքների հետ կապված խնդիրներ: Հյուրերը ծանոթացան  Արցախում ազգային փոքրամասնությունների գործունեությանը:
- Քանի որ խմբի անդամների մի մասը Արցախում չէր եղել, ուստի այցը նաև ճանաչողական բնույթ էր կրում,- նշեց Գ.Գրիգորյանը:- Նրանք արդեն շատ բան են տեսել Արցախում, ունեն որոշակի տպավորություններ, որոնք հիմք կհանդիսանան հետագա կապերի խորացման և ամրապնդման համար։ 
Նախորդ օրվա երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել ազգային պարերի ցուցադրություն, ինչից հետո ՙՊարկ հոթել՚-ում կազմակերպվել է ազգային ուտեստների պատրաստման երեկո, որի ժամանակ հյուրերը ներկայացրել են իրենց ազգային ուտեստները։  
Հավելենք, որ ՙՀայասա՚-ի պատվիրակությունն այցելեց նաև Շուշիի քանդակների այգի, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:
 
Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ
ք. Շուշի